2013.02.06,

Քննադատ

Լրատվական ֆեյքերի դեմ՝ օրենքի պարտադրանքով

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Ընտրությունների քարոզչության բավականին թեժ շրջան է: Քարոզարշավի լուսաբանմամբ, մեկնաբանություններով, կարծիքներ ու դիտողություններ տարածելով ակտիվորեն զբաղված են նաեւ համացանցային լրատվական միջոցները:

Ընդ որում՝ վերջին մեկ տարում դրանց թիվը բավականին աճել է, եւ չես էլ հասցնում հետեւել, թե օրական, շաբաթական կամ ամսական էլի քանիսն են բացվել:

Վերջերս էլ ուսանողներիցս են ասում, թե աշխատակցում են այս կան այն կայքին ու տալիս են ինձ անհայտ անուններ: Իսկ երբ հարցնում եմ` իսկ ովքե՞ր են դրանց պատասխանատուները, իրենք էլ չգիտեն: Բացում եմ այդ կայքերը, փորձում եմ հասկանալ, թե ովքեր են նրանց խմբագիրները, թողարկման պատասխանատուները, լավ գոնե հասցեն…  Փնտրտուքներս շատ դեպքերում ապարդյուն են անցնում:

Առավելագույնը, որ տեսնում եմ, արտատպելու դեպքում հղում կատարելը պարտադրող գրառումն է: Եվ եթե վաղուց կայացած կամ ավանդական տպագիր լրատվամիջոցների առցանց լրատվական տարբերակները հիմնականում պահպանում են թողարկման տվյալները ներկայացնելու օրենսդրական պահանջը, ապա նորելուկների դեպքում ամեն ինչ պարուրված է անանունության եւ գաղտնիության շղարշով:

Սրանց ես անվանում եմ լրատվական ֆեյքեր: Ընդ որում` այդ լրատվական ֆեյքերը հետո նաեւ հայտնվում են, ասենք, Ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ բոլորիս պարտադրում, որ հավանենք իրենց կայքն ու ստանանք իրենց նորությունները:

Արդ, ինչպես պայքարել լրատվաֆեյքության դեմ: Կարծում եմ` լավագուն տարբերակը նրանց օրենսդրական դաշտ բերելն է եւ հենց օրենքի ուժով:
Բացատրեմ միտքս:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ՝ «Հիմնական հասկացությունները» հոդվածում նշված է.

2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝

– մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով՝ նյութական կրիչի վրա, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

– հեռուստառադիոհաղորդմամբ,

– հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից»:

Այսպիսով, նշածս լրատվական կայքերը եւ ընդհանրապես ինտերնետային ռեսուրսները, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն, լրատվամիջոցներ են եւ պարտավոր են ենթարկվել օրենքին:

Հիմա տեսնենք, թե թողարկման տվյալների վերաբերյալ ինչ է ասում օրենքը.

«Հոդված 11. Թողարկման տվյալները ներկայացնելը

1. Նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկում պետք է ներառի`

1) լրատվության միջոցի անվանումը.

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը.

3) լրատվության միջոցի տվյալ թողարկման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը (ըստ անձնագրի).

4) տվյալ թողարկման տարին, ամիսը եւ ամսաթիվը.

5) տվյալ թողարկման հերթական համարը.

6) տվյալ թողարկման օրինակների ընդհանուր քանակը:

2. Թողարկման տվյալների մեջ կարող են ներառվել սույն հոդվածում չնշված այլ տեղեկություններ:

3. Հեռուստառադիոհաղորդմամբ տարածվող լրատվության միջոցի թողարկման տվյալները ներկայացվում են հեռուստատեսության եւ ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

Ինչպես նկատեցիք, օրենքը մշակողները  (նրանց թվում, ինչ մեղքս թաքցնեմ, նաեւ տողերիս հեղինակը), ցավոք, առանձին նշում ցանցային լրատվության միջոցների համար չեն արել: Երեւի պատճառն այն է, որ 2001-2003 թվականներին, երբ քննարկվում էր նախագիծը եւ ընդունվեց օրենքը, նման անհրաժեշտություն չկար: Հիմա եկել է այդ բացը ուղղելու ժամանակը: Պարզապես անհրաժեշտ է օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով, որը կարելի ձեւակերպել այսպես.

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3 կետերի պահանջները պարտադիր են նաեւ ցանցային լրատվության միջոցների համար:

Կարծում եմ` գոնե սա կստիպի լրատվական ֆեյքերին վերջապես բացահայտելու իրենց դեմքերը:

 Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *