Տոնի ու աղետի սահմանագիծ, որը շարունակվում է մնալ լղոզված

07.11.2017, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Կլոր թվերի ու հոբելյանների մոգությունը միշտ օգնել է վերաիմաստավորել անցյալը: Եթե հոբելյան է, ուրեմն որոշակի սահմանագիծ է հատված:

Այդպիսի սահմանագիծ է նոյեմբերի 7-ը, որը տասնամյակներ շարունակ նշվել է առանձակի շուքով ու թափով: 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը փառաբանվում էր համատարած շքերթներով ու տոնական միջոցառումներով, և յուրաքանչյուրը պարտավոր էր դրանց մասնակիցը դառնալ: Դառնալ` չլինելով: Այդ թվում` նաև Խորհրդային Հայաստանում:

Նոյեմբերի 7-ը տոտալ տոն էր տոտալիտար համակարգում: Ավելի ճիշտ` ստիպողական տոն, որը, անհեթեթություն լինելուց բացի, նաև վերահսկման գործիք էր, որի օգնությամբ վերահսկվում էր ամենանուրբ նյութը՝ պատմական հիշողությունը:

Հիշելն ու հուշերը փոխանցելը Հայաստանի ու հայաստանցիների համար կենսանական նշանակություն ունեցող գործողություն է, քանի որ հիշելով միայն կարելի է հաղթահարել տրավմաներն ու կորուստը (պատահական չէր, որ Եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին ընտրվել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը):

Այսինքն` հստակություն կար զանգվածային գիտակցության մեջ: Կար ուղերձ:

Հիմա, երբ անցել է մեկ դար Ռուսաստանում տեղի ունեցած և մեզ վրա ճակատագրական հետք թողած արյունալի հեղաշրջման փաստից, որը դուռ բացեց հետագա արյունալի իրադարձությունների ու ամենաթողության համար, մեր հանրապետությունում շարունակվում են լղոզված մնալ անցյալը գնահատելու փորձերը:

Իհարկե, լինում են ճառեր, ցուցահանդեսներ, հարց ու պատասխաններ, մեդիա անդրադարձներ, բայց զանգվածային գիտակցության վրա ազդելու, որոշակի ուղենիշներ (թե՛ պատմական, թե՛ բարոյական) սահմանելու փորձեր չեն արվում:

Ինչպե՞ս վերաբերվել անցյալին: Ընկալման միջակայքը շատ մեծ է՝ աղետից մինչև երանելի կարոտախտ:

Եվ ընտրվում է չարյաց փոքրագույնը՝ լռելը, քանի որ անցյալն ավելի հեշտ է ընկալել որպես անխուսափելի պատմական իրողություն, որը ուներ թե՛ վատ, թե՛ լավ կողմեր: Այդպես ասում ենք ու անցնում եթե ոչ լիակատար ամնեզիայի, ապա առնվազն՝ հանգիստ թմբիրի մեջ: Ինչը, ի դեպ, եղեռնի դեպքում չի գործում, իսկ սովետական անցյալի դեպքում (բռնաճնշումներով, պրոպագանդայով ու կեղծիքով հանդերձ) գործում է:

Հեղափոխության (հեղաշրջման) 100-ամյակի օրը կարելի է փորձել մի քանի կարևոր բաների մասել խոսել՝ արդեն հաշվի առնելով, որ հասարակական բարդույթներից շատերը սկիզբ են առել հենց այդ ժամանակից:

Դրանք չեն վերլուծվել, չեն հաղթահարվել՝ մնալով որպես մութ էջեր, որտեղ մտնելը վտնագավոր է, իսկ չմտնելը՝ առավել վտանգավոր:

Ընտելացանք բռնության պայմաններում ապրելուն

Բռնությունը ոչ միայն օրինականացվեց, այլև դարձավ առօրյայի անբաժանելի մասը: Բռնությունը տարրալուծվեց օդի մեջ որպես իռացիոնալ, անբացատրելի ու վերլուծության չենթարկվող իրողություն: Սարսափեցնում էր ոչ թե զոհերի քանակը (միլիոնավոր) ու պատժի դաժանությունը (հեշտ, հանգիստ ու սովորական), այլ զոհերի ընտրության անտրամաբանությունը:

Երբեք չգիտեիր, թե ում հետևից կգան, և ով կարող է լինել պաշտպանված: Եվ ակամայից թեթևություն էիր զգում, որ տարան ոչ թե քեզ, այլ քո հարևանին: Համատարած վախը վերացնում էր պարզ մարդկային գնահատականներն ու սթափ մտածողությունը: Մարդիկ ապրում էին տագնապի պայմաններում ու արժանապատվության նշույլները պահպանելու համար սկսում իրենց համոզել, որ բանտրակվածները, աքսորյալներն ու գնդակահարվածները գուցե և մեղավոր էին:

Եթե պատժվում են, ուրեմն մի բան այն չէ ոչ թե պատժողի, այլ պատժվողի հետ: Ի վերջո, պատերազմ է, ահաբեկչություն, լրտեսներ, ազգի թշնամիներ, կոմունիզմի դավաճաններ: Եվ ուրեմն, բռնությունը կարող է գոյություն ունենալ:

Բռնության ենթագիտակցական արդարացումը ամենասարսափելի ժառանգությունն է, որը մեզ է թողել Սովետական միությունը:

Երկփեղկված գիտակցության տրավման

1917 թվականը սկիզբ դրեց երկակի ստանդարտներով կյանքին:

Իհարկե, հետհեղափոխական առաջին տարիները վերելք էին ու ռոմանտիզմ, կոտրելը, ջնջելն ու նորը սկսելը միշտ գրավիչ է ու համընկնում է տարերային մաքրագործման տենչի հետ:

Բայց վերելքը ավարտվեց, երբ առաջին զոհերը դարձան ամենաթեժ ռոմանտիկները, իսկ ջրի երեսին մնացին ու առանցքային պաշտոններ զբաղեցրին մանևրել կարողացողները, որոնց համար «խիղճ», «հավատ», «գաղափար» ասվածը արդեն էական չէր: Էականը նոր խաղի կանոններն էին` արա այն, ինչը պետք է, և կստանաս այն, ինչը ուզում ես, եթե անգամ դրանք հակադարձ ու իրար բացառող բաներ են:

Դա օրինականացված մարդկային «փչացում» էր, որը տարածվում էր լրատվամիջոցներից, ձգվում արվեստի միջով ու գալիս, հասնում կենցաղ:

Սովետական իրականությունը ստիպեց մտնել այն վտանգավոր խաղի մեջ, երբ ասում ես մի բան, մտածում՝ մեկ այլ բան, իսկ անում՝ բոլորովին այլ: Դա գոյատևելու միակ ճանապարհն էր:

Մեր օրերում այդ մարդկային վարքը դեռ շարունակում է պահանջված մնալ: Երբ հանրայինի կամ հոգևորի անունից խոսում ես, բայց հետապնդում մասնավոր ու նյութական շահ: Եվ որքան շատ ես խոսում հանրայինի անունից (հիմա՝ ազգի, իսկ այն ժամանակ՝ միջազգային շարժման), այնքան շատ ես ձեռք բերում նյութական արժեք, շքանշան, պաշտոն, օֆշորային գումարներ: Ի վերջո` իշխանություն:

Ոչ ամբողջական, այլ երկփեղկված գիտակցությամբ մարդիկ էին ղեկին մոտենում ԽՍՀՄ-ում: Փեղկը դեռ փակված չէ, քանի որ այդ մարդկանց արարքին գնահատական չի տրվել:

Բառերը անճանաչելի դարձրին իրականությունը

Քարոզչությունը հիմնված է բառեր շարելու հմտության վրա: Սովետական պրոպագանդիստական լեզուն չեմպիոն էր իրականությունը քողարկելու գործում:

Ցանկացած սովետական թերթ կամ ամբիոնից ելույթ լի էր բառերով (շատ բառերով), բայց այդ բառերը ոչինչ չէին ասում, քանի որ նրանց նպատակը մեկն էր՝ ծածկել դատարկությունը: Անգամ կար ժամանակ (1980-ականների սկզբին), երբ սովետական հիմնասյուն «Պրավդա» թերթը այլևս ոչ մի նորություն չէր հրապարակում, միայն բառեր:

Իմաստ, իրականություն որոնող, մտածող մարդկանց տանում էին դեպի մեկուսացում, ընդհատակ ու դարձնում փոքրամասնություն: Իրականությունը արտացոլելը վտանգավոր էր, իսկ ընդհանուր դատարկ բառերով խոսելը՝ խրախուսելի:

Այդ հետքերը մեր իրականությունից ոչ մի կերպ չեն ջնջվում, անգամ ավելին՝ ամրապնդվում են այսօրվա մեդիայի լեզվամտածողությամբ ու տարբեր բարձր ամբիոններից հնչող ելույթներով:

Հարյուր տարի առաջ` 1917 թվականին սկսվեց մի էջ, որը, ի վերջո, տարավ մեզ փակուղի: Թեկուզ միայն այն պատճառով, որ արդարացված չէին ո՛չ տնտեսության կառավարման մոդելը, ո՛չ բռնության արդարացումը, ո՛չ էլ մարդկային էության խեղումը:

Պետությունը ստացել էր բռնության մենաշնորհ: Նաև ինդուլգենցիա՝ անհատին ընդունելու որպես ոչինչ չորոշող, չմտածող ու չզգացող միավոր` որպես բառեր սպառող, երկփեղկված ու տոնին հնազանդ մասնակցող արարած:

Իսկ դա միշտ աղետալի ճանապարհ է:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?