2019.10.14,

Ստուգված է

Մարոկկացիների խաղաղ երթ է, այլ ոչ թե Սիրիայում քրդերի գաղթ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Հոկտեմբերի 10-ից թուրքական զինուժը սկսել է հարձակումը քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ «Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Թե՛ հայկական, թե՛ միջազգային մամուլը լուսաբանում է այս բախումները։

Հայկական մեդիա կոնտեքստում առաջնահերթը այնտեղ բնակվող հայերի, նրանց թաղամասերի մասին լուրերն են։ Կան հայաստանյան լրատվամիջոցներ, որոնք կարողանում են լուրեր ստանալ դեպքի վայրից, սակայն ապատեղեկատվությունից խուսափել չստացվեց, հատկապես սոցիալական մեդիայում։

Կոլաժը

Քրդական կոտորածների և Հայոց ցեղասպանության օրերի լուսանկերները կողք-կողքի տարածվում են սոցիալական մեդիայում։ Այս պատկերային զուգահեռում իբրև թե արտացոլվում է թուրքական բռնության կրկնությունը։

Այս լուսանկարը վերջին երկու օրերին երկու անգամ տարածվել է ֆեյսբուքյան շուրջ 46,000 անդամ ունեցող «Հայերով» խմբում:

Հոկտեմբերի 12-ին Ավետիս Ավետիսյան անունով օգտատիրոջ գրառումը հոկտեմբերի 14-ի 10:00-ի դրությամբ ուներ 366 հավանում, 242 անգամ կիսվել է և 38 անգամ մեկնաբանվել:

Լուսանկարն ուղեկցվում է հետևյալ տեքստով․ «Էս նկարները դնողներին ուզում եմ հիշեցնեմ, որ 1915 թվին ՀԱՅԵՐԻՆ կոտորում էին թուրքերը՝ քրդերի հետ միասին, երկրորդ նկարում՝ որտեղ նշված է 2019 թվականը, թուրքերը կոտորում են քրդերին, առակս կցուցանե է՚ն, որ ձեր նյութերը ճիշտ ենթատեքստով ներկայացրեք, ի՞նչ ցանել են, էն էլ հնձում են…»։

Մեկնաբանություններում կան օրինակ նման ռազմատենչ բնույթ ունեցողները․

«Դե շարունակությունն էլ ասեք. Հաջորդ նկարում հայերը պիտի կոտորեն թուրքին»:

Կամ.

«Աստված իմ ես անկեղծ ասած արդեն սկսում եմ անհանգստանալ։ Եթե այս կոտորածը շարունակվի երկրորդ Հիտլերը կամ Չինգիզ Խանը կդառնան էդ օսմանները»:

Կա նաև նման թեզ.

«Հայերին հիմնականում քրդերն են կոտորել, իրար լրացնելով թուրք_քուրդ,եւ քուրդն էլ ավելի գիշատիչ էր ու Է, ինձ համար նրանք նույն գազանն են, ու թող գազաններն էլ իրար ջնջեն։ Գիտեմ որ հայերն այդ տարածքից դուրս են արդեն։ Թուրք_քուրդ_ռուս_ամերիկյան վերնախավ մեզանից լավ գիտեն ինչ են անում ու ինչ շահեր են»:

Իսկ Ara Mk անունով օգտատերն էլ, ավելի ուշ նույն նկարը տարածելով նույն խմբում և իր անձնական էջում, ահազանգում է․ «Պատմությունը կրկնվում է Հայեր, ուշքի եկեք ու զգոն եղեք սա դեռ սկիզբն է 21-րդ դարի բայց շարունակությունը 19-րդ դարի, իսկ թուրքի #1 նպատակը Հայերին վերջնականապես վերացնելն է երկրագնդի երեսից …»։

Այս խմբում շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը` Ցեղասպանության կոնտեքստում:

Նկարը «Կանաչ մարշը»-ից է

Պարզվում է, տարածվող կոլաժն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում․ քրդերին վերագրվող նկարը նրանց հետ կապ չունի։ Ավելին, այն, ինչ այսօր ներկայացվում է իբրև քրդերի սպանդ, նոր ցեղասպանություն, պարզվում է բավական տոնական մարշ է եղել, խաղաղ ու ուղեկցված ուրախ երգերով:

Լուսանկարն արվել է 1975-ի հոկտեմբերին` Մարոկկոյի հարավային շրջանները իսպանական գաղութատիրությունից ազատելու առիթով կազմակերպված «Կանաչ մարշ»-ի՝  Green March-ի ժամանակ:

1975-ի հոկտեմբերի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, ըստ էության, իրավական հիմք էր, որով Մարոկկոյի հարավային իսպանական գաղութային շրջանները վերամիավորվեցին Մարոկկոյի հետ:

Սակայն, մինչև Մադրիդում, նոյեմբերի 14-ին Մարոկկոն, Իսպանիան և Մավրիտանիան կստորագրեին տարածքների վերադարձման համաձայնագիրը, Մարոկկոյի թագավորը` Հասան Երկրորդը կազմակերպեց «Կանաչ մարշ»-ը, որը, ինչպես տեղեկացնում է Morocco World News-ը, եղել է ամենամեծ, ամենաերկար ու խաղաղ արշավը ամբողջ աշխարհում:

Շուրջ 350 հազար մարոկկացի շարժվում էր դեպի երկրի հարավ` ի նշան վերամիավորման, իրենց հետ տանելով Ղուրանը և կանաչ դրոշներ` որպես արշավի խաղաղ լինելու խորհրդանիշ: Իսկ նրանք, ովքեր չէին մասնակցում մարշին, իրադարձություններին հետևում էին ռադիոյով:

Այդ օրվանից սկսած ամեն տարի նոյեմբերի 6-ին մարոկկացիները նշում են «Կանաչ մարշ»-ի օրը որպես ազգային տոն:

Ամփոփում

Ի պատասխան սոցցանցերի անձնական նամակագրության ու տարբեր խմբերում տարածվող կեղծ տեղեկատվության՝ այս օրերին շրջանառվում է նաև Լիլիթ Մարտիրոսյանի  հրապարակումը` այս լուսանկարի համատեքստի կեղծ լինելու մասին:

Ապատեղեկատվության տարածման հետ համեմատելու համար նշենք, որ Լիլիթ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումն ունի 71 հավանում, 64 անգամ կիսվել է և մեկնաբանվել 4 անգամ։

Տարածվող գրառման մեջ մասնավորապես ասվում է․

📣️Կից լուսանկարը արվել է 1975-ի նոյեմբերի 6-ին «Կանաչ մարշ» ակցիայի ժամանակ, որի նպատակն էր Իսպանիայից Մարոկկոյին վերադարձնել վիճելի տարածք համարվող արևմտյան Սահարան:

Այս լուսանկարը Ֆեյսբուքով տարածվում է իբրև նախօրեին Սիրիայում արված լուսանկար: Համեմատություն են անցկացնում Հայոց ցեղասպանության ժամանակ արված մեկ այլ լուսանկարի հետ:

🔴 Այս լուսանկարը չի արվել Սիրիայի տարածքում և որևէ կապ չունի Սիրայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Չարժե տարածել նյութեր, եթե վստահ չեք, թե երբ է պատրաստվել նյութը, ով է դրա իրական հեղինակը և որն է աղբյուրը:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *