Աղմուկը, ցասումն ու ինքնազսպումը

16.07.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Ոչ մեկին չի զարմացնում, երբ տարբեր հանրային հարթակներում (սրճարաններում, խոհանոցներում, սոցցանցային խաչմերուկներում) ծաղրի են ենթարկվում ու ծայրահեղ հեգնական հնչերանգներով են մեկնաբանվում այս կամ այն պաշտոնյայի ու հայտնի մարդու խոսքերը, քայլերը, տեսքն ու կեցվածքը:

Կարելի է դրան ընդդիմանալ, հիշեցնել մարդու իրավունքների ու էթիկական նորմերի մասին, բայց բոլոր դեպքերում՝ ծաղրն ու երգիծանքը չեն զարմացնում:

Մանավանդ, եթե ծաղրի ենթարկվող մարդիկ ու երևույթները բավականաչափ ճկուն չեն՝ ծաղրին դիմանալու համար:

Զարմացնում են սովորաբար արձագանքները: Եվ հենց արձագանքների որակից կարելի է որոշել, թե ինչպիսի հասարակություն ենք: Ի վերջո, հաջողված կատակի հետևում սովորաբար իրական խնդիր է, որը կարող էր հազար ու մի տարբեր փաթեթավորում ստանալ, բայց լավագույնը դառնում է ծաղրական փաթեթը:

Ավտորիտար ու կիսաավտորիտար կառավարման մոդել ունեցող երկրներում ծաղրը միակ զենքն է, որով կարելի է ակնարկել խնդիրները, հակառակ դեպքերում պատիժը չի ուշանա:

Ավելի ազատական համակարգերում հեգնանքն ու ծաղրը արդեն ոչ թե միակ, այլ հերթական զենքերից են, քանի որ սկսում են աշխատել բողոքն ու մտահոգությունը հայտնելու այլ միջոցներ (ուղիղ խոսք, քննադատություն մեդիայում, արհմիությունների կամ հասարակական կազմակերպությունների ազդեցիկություն):

Իսկ երբ այդ ամենը չկա, հեգնելու ու հեգնանքից պատվով դուրս գալու մշակույթը դառնում է շատ կարևոր: Հեգնանքը կառուցելն ու դրան արձագանքելը նշանակում է զարգացնել ինքնապաշտպանական մեխանիզմները: Նշանակում է լինել առողջ:

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած արձագանքները (երկու տարբեր առիթների դեպքում) փաստում են, որ հասարակության պաշտպանողական գործիքները, մեղմ ասած, լավ չեն աշխատում:

Մի կողմից տեղի է ունեցել իմաստային վերբեռնում (թավշյա հեղափոխություն), մյուս կողմից այդ վերբեռնումը վտանգված է մնալու մակերեսային ու թաղվելու կոլեկտիվ բարդույթների տակ: Բարդույթը սովորեցնում է հարձակվել, իսկ հեգնանքը՝ փնտրել ավելի նուրբ ուղիներ:

Ֆուտբոլի աշխարհի նոր չեմպիոն Ֆրանսիան Ֆեյսբուքի հայկական հատվածում արժանացավ այնպիսի որակումների ու «արդար ցասման», որ ֆուտբոլից հեռու մարդու համար կարող էր պարզ դառնալ, որ Հայաստանում մեծամասամբ ապրում են ագրեսիվ հոմոֆոբներ:

Մարդիկ, որոնք պատրաստ չէին հեգնելու մշակույթը հանել ցասման դաշտից, հիմնականում ներգաղթյալներից կազմված ֆուտբոլային թիմը անվանում էին «կապիկների, սևերի», կարճ ասած՝ երկրորդ սորտի խաղացողների հավաքականի հետ:

Եվ իհարկե, հնչում էր հավերաժական հարց՝ ու՞ր ենք հասել, որ եվրոպական լավագույն թիմը արդեն չի կարելի կոչել եվրոպական՝ մաշկի գույնի ու ազգանունների պատճառով:

Այդ նույն հարցը (ու՞ր ենք հասել, որ կարող ենք մեզ թույլ տալ), բայց ավելի ագրեսիվ հնչեղությամբ ուղղվեց նաև բլոգեր-դերասան Յոժին (Սերգեյ Դանիելյան), որի երգիծական մեկ րոպեանոց հեքիաթ-տեսանյութը ուղիղ կերպով դիպավ հանրային խորը բարդույթներին:

Այդ հոգեբանական բարդույթը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ մարդկանց թվում է, թե անհապաղ արձագանքելը ու ամոթի սյունին գամելը ավելի արժեքավոր իրավունք է, քան ինքնազսպումը:  

Դերասան Յոժին, որը համարձակվեց ազատ վարվել նոր վարչապետի անբիծ կերպարի հետ, սոցցանցերում անվանեցին ամենավերջին բառերով, որոնց տողատակը սա էր՝ եթե հեգնում ես ժողովրդի ընտրյալին, ուրեմն դավաճան ես, հետն էլ՝ սրիկա:

Այդ ցասումը, դրանից բխող ագրեսիան, հայհոյանքները, ուրիշին իր տեղը ցույց տալու ցանկությունը առաջացնում է ատելության  հռետորաբանություն, որի կրողը (հայհոյողը) մի կողմից պաշտպանում է վարչապետին դերասանից, իսկ մյուս կողմից՝ Եվրոպային փախստականներից: Եվ դրանով իր իսկ աչքում բարձրանում է:

Իսկ իրականում, խորը տխրության առիթ է տալիս:

Սպորտային կամ մշակութային մեծ իրադարձությունները (ասենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կամ կինոփառատոնը) միշտ իրենց հետ բերում են ազատ ու բաց լինելու գրավչությունը: Տարբեր գույնի, հասակի ու որակի դեմքերը, տարբեր լեգենդներով շրջապատված անձերը, տարբեր ժանրերի ուղերձները հաշտեցնում են այլ լինելու մտքի հետ, ընտելացնում ինքնազսպման, ինքնախմբագրման:

Հակառակ դեպքում, «արդար ցասման» մարտիկներից կազմված հասարակությունը զրկվում է օդանցք-ճեղքերից, դառնում միատարր, հետևաբար՝ արագ կոտրվող:

Եվ շատ բան սկսվում է հեգնանքին ու հեգնելուն պատրաստ լինելուց: Առանց վիրավորանքի, նվաստացման ու դրանից հաճույք ստանալուց:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?