ԱՃԹՆ զեկույցը կօգնի լրագրողներին հետազոտել հանքարդյունաբերության ոլորտը

13.02.2019, Ռեինֆորմացիա

Լրագրող

Հայաստանը հրապարակեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իր առաջին ազգային զեկույցը։

Զեկույցը ամփոփել և ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր բաց տվյալները՝ աշխատատեղեր, հարկեր, համայքնների առաջ սոցիալական պարտավորվածություններ։ Հասանելի են մետաղական հանքաքար արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների և պետության միջև կնքված պայմանագրերը։

«Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանը կարևոր է համարում պայմանագրերի հրապարակումը։

«Զեկույցում հրապարակվել են նաև մի շարք այլ ֆինանսական տվյալներ, որոնք նույնպես կարևոր են։ Նախկինում նման մանրամասներ ստանալու համար մեծ ջանքեր, հարցումներ, ժամանակ էր պահանջվում, և հաճախ սպասված արդյունքի չէինք հասնում։ Օրինակ, ինչպես, «ԳեոՊրոՄայնինգ»-ի շահագործած Սոթքի հանքվայրի մեր հետաքննության ժամանակ էր»,-ասում է Քրիստինե Աղալարյանը:

Նա պատմում է, որ «ԳեոՊրոՄայնինգ»-ից ֆինանսական տվյալներ էին ուզել, հարցում արել, բայց ոչ մի պատասխան էդպես էլ չստացան։

Լրագրողը կարևորում է նաև իրական սեփականատերերի գաղտնազերծելը, ինչ կթեթևացնի լրատվամիջոցների աշխատանքը, ինչպես նաև գումարներ տնտեսել։

Իրական սեփականատերերի մասին տվյալների համար լրատվամիջոցները գումարներ են ծախսում։

«Հատկապես երբ պարզվում է, որ սեփականատերը Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերություն է, հետո կարող է շղթան շարունակվել այլ երկրներ, որտեղ նույնպես ռեգիստրը վճարովի է, ու վերջում էլ հայտնվում ենք մի օֆշորում, որը սեփականատերերի մասին ինֆորմացիան առհասարակ չի հրապարակում, օրինակ՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիները: Ստացվում էր, որ կարող է 500 եվրո գումար ծախսենք ու չիմանանք ի վերջո, թե այդ հանքի իրական սեփականատերերն ովքեր են»,-պատմում է Քրիստինե Աղալարյանը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է, որ հանքարդյունաբերության ոլորտում տեղեկատվության պակաս կար։

«Մարդիկ չգիտեին ովքեր են օգտագործողները, ովքեր են իրական սեփականատերերը ընկերությունների, վստահ չէին, որքանով են արդարացիորեն բաշխվում օգուտները և արդյոք օգուտները չեն գնում մի խումբ մարդկանց գրպանները, որքանով է դրանից շահում ազդակիր համայնքը կամ ընդհանրապես պետությունը»,- պատմում է Սոնա Այվազյանը։

ԱՃԹՆ ազգային զեկույցները հրապարակվելու են ամեն տարի ու հետազոտությունների համար արժեքավոր նյութ են դառնալու։ Ըստ Սոնա Այվազյանի «Լրագրողները, քաղհասարակությունը և մասնավորապես ազդակիր համայնքները կարող են օգտագործելով այդ տեղեկատվությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել` հետագայում ինչ-որ գործընթացների դինամիկան ստուգելու համար, հետևելու, թե որքանով է իրավիճակը փոխվում հանքարդյունաբերության ոլորտում»։

ԱՃԹՆ-ի կայքում հնարավոր է մուտք գործել ԱՃԹՆ-ի առցանց հաշվետվության համակարգ, որի միջոցով 2018 թվականին առաջին անգամ պետական մարմինները և հանքարդյունահանող կազմակերպություններն առցանց եղանակով ներկայացրել են ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվությունները։


Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?