«Ու դարից երկար ձգվում է օրը». 21+ ժամանակի հրամայականը

13.02.2019, Քննադատ

Lրագրող, կինոքննադատ

Քանի շարունակում ենք խոսել ժամանակի արագացումից, փաստելով, որ մտածողությունը դարձել է կլիպային, իսկ գիտակցությունը՝ քլիքային, հաճախ մոռանում ենք, որ ցանկացած ուժ ունի իր դիմադրողականությունը, իսկ մեդալը՝ երկու կողմեր, որոնցից մեկի վրա որքան պատկերները արագանում են ու թրթռում, այնքան հակառակ կողմում՝ դանդաղում են ու ձգվում:

Այն ժամանակ, երբ պատմասանությունը սեղմվեց առավելագույնը 140 նիշերի միկրոբլոգային միջակայքում ու 2010-ականներին հասավ իր զանգվածային գագաթնակետին, մեդալի (պատումի) հակառակ կողմում`սահմանվեց նիշերի նվազագույն քանակը. 1500:

Եվ վաշինգթոնյան սահմռկեցուցիչ հունիսի մասին The New York Times-ը հրապարակեց 21-րդ դարի օգտատիրոջ համար անծայրածիր մուլտիմեդիա նառատիվ, որի հեղինակ Ջոն Բրենչը արժանացավ Պուլիցերյան մրցանակի, իսկ մեդիաաշխարհը խոսեց «լոնգրիդի» մասին:

«Մատրիքսները», «տրանսֆորմերները», «կարիբյան ավազանի ծովահենները», «անիրագործելի առաքելություններն» ու «գահերի խաղերը» հաստատեցին «ատրակցիոնի» գերակայությունը ու թվաց, թե ֆիլմերը դառնում են կլիպային կոմպիլյացիաներ՝ սրընթաց ու կարճատև տեսարաններով, կադրի վարկենական փոփոխությամբ:

Թվում էր, թե «դանդաղ կինոյի» դռները, հեռանալիս, ամուր փակել էին Անտոնիոնին, Տարկովսկին կամ Անգելոպուլոսը, բայց հանկարծ նոր դարում դրանք կիսաբաց արեցին Ապեչատպոնգ Վիրասետակուլը, Լիսանդրո Ալոնսոն, Պեդրո Կոշտան և ուրիշները:

Բրիտանացի 26-ամյա ռեժիսոր Սքոթ Բարլին «դանդաղ կինոն» տեղավորեց մի քանի րոպեներում, մինչդեռ ֆիլիպինցի Լավ Դիազը 2016-ին Բեռլինի կինոփառատոնի բազմամարդ դահլիճում ներկայացրեց «Վշտալի առեղծվածի օրորոցայինը» 485 րոպե (≈ 8 ժամ) տևողությամբ ֆիլմը (2008-ին Վենետիկում մրցանակի արժանացած Դիազի «Մելանխոլիան» տևում էր գրեթե նույնքան, իսկ 2004-ի «Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան» էլ ավելի երկար՝ մոտ 10 ժամ):

Իսկ օրեր առաջ Փարիզում մեկնարկեց «Դաու»-ն՝ Իլյա Խրժանովսկու 25 օր տևողությամբ բազմապլատֆորմ արտ-փորձառությունը 700 րոպե նկարահանված խաղարկային նյութի հիման վրա:

Եվ դա զարմանալի չէ, քանի որ «Դաու»-ից զատ, պատմության 30 ամենաերկար էքսպերիմենտալ ֆիլմերի 60%-ը ստեղծվել է 21-րդ դարում, իսկ այդ 60%-ի 60%-ը՝ ընդհանրապես վերջին տասնամյակում:

Օրինակ, շվեդական «Լոգիստիքս»-ը (51420 րոպե կամ 857 ժամ), դանիական «Հավերժ ներկա»-ն (14400 րոպե կամ 240 ժամ) և այլ ֆիլմեր, որոնք լայնածավալ դիստրիբուցիա կամ կինոթատրոնային վարձույթ չունենալով, հիմնականում ներկայացել են որպես արվեստի ինստալացիաներ:

Բայց եթե անգամ հետևենք կինոթատրոնային վարձույթին, ապա այստեղ նույնպես պատկերը հավասարակշռված է, քանի որ բոլոր ժամանակների 20 (վարձույթ ունեցած) ֆիլմերի ուղիղ կեսը կրկին ստեղծվել են ընթացիկ դարում:

Առհասարակ «մարաթոն» երևույթը՝ որպես պոպուլյար մեդիա ֆենոմեն նույնպես պատկանում է նորագույն ժամանակներին:

Ի՞նչ է մեդիամարաթոնը. Մի երևույթ, երբ ֆիլմի, հեռուստատեսային արտադրանքի, գրքի կամ յութուբյան վիդեոյի դիտումը կազմակերպվում է բազմաժամ կոնցեպտի շրջանակում: Հատկապես առցանց հարթակների և հոսքային մեդիայի ակտիվացման դարաշրջանում մարաթոնը կիրառուն են Netflix-ը, Amazon Video-ն, Hulu-ն, CNBC-ն և ուրիշները:

Երկարաձիգ դիտումները ինտեգրվել են ամենուր, իսկ հարցված օգտատերերի 64%-ը խոստովանել է, որ առնվազն մեկ անգամ չեն կարողացել անմասն մնալ նման «մազոխիստական» փորձառությունից էկրանների առջև:

Ի դեպ՝ հենց էկրաններն են ապրում շատ հետաքրքիր ու անսպասելի բևեռացված գործընթաց: Այն ժամանակ, երբ կինոյի պատկերը պարփակվեց, սեղմվեց թաբլեթների ու հեռախոսների էկրանների չափերի մեջ, այդպիսով տեղավորվելով նույնիսկ մեր գրպաններում, կինոն նույն հաջողությամբ դուրս է պրծնում գրպանից ու ճախրում իր ամբողջ պատկերի մարմնով մեկ ծածկող IMAX էկրաններով, որոնց լայնությունը գերազանցում է կինոդահլիճի երկարությունը:

Ուստի բևեռացումները տեղի են ունենում ոչ միայն ժամանակի, տևողության, ծավալի այլև տարածության տիրույթներում: Ու հակակշիռները շարունակում են ապացուցել ֆիզիկայի և բնության օրենքները ամենատարբեր ոլորտներում:

Դիցուք, գրականության ասպարեզում սեղմ ժանրերի վարպետներ Էլիս Մոնրոյի կամ Բոբ Դիլանի կողքին Նոբելյան մրցանակների են արժանանում կամ գրախանութներում փնտրվում հաստափոր գրքերի հեղինակներ, վիպասաններ Պատրիկ Մոդիանոն, Ջոնաթան Ֆրանզենը և Կաձուո Իսիգուրոն:

Իսկ, օրինակ, կոնցեպտուալ երաժշտության մեջ ծնվեց մի օրինակ, որի կոնցեպտի մասին ասել «բևեռացված», նշանակում է գրեթե լռել:

Հենց 21-րդ դարում մեկնարկել է երաժշտության և արվեստի պատմության ամենաերկար համերգը, որը տևելու է 6 դար:

Լեգենդար կոմպոզիտոր-կոնցեպտուալիստ Ջոն Քեյջի երգեհոնային կոնցերտը հնարավոր է նվագել 30 րոպեում, սակայն որոշվեց այն բաժանել ակորդների ու նոտաների և երկարացնել յուրաքանչյուր նոտայի հնչեղությունը մեկ տարուց ավելի՝ այնպես, որ միջնադարյան եկեղեցում տարիներ առաջ մեկնարկած երաժշտալկան ստեղծագործությունը ավարտվի միայն 2640 թվականին:

Իհարկե, այս ամենը բնավ էլ չի հերքում ժամանակային փոփոխությունների համընդհանուր պարադիգմը, սակայն մեդիա միջոցներն ու արվեստն՝ առհասարակ, այդ նույն սրընթաց պարադիգմի ներքո շարունակում են գտնել տարաժամանակ արտահայտչամիջոցներ:

Եվ ատրակցիոն այցելողների 100 մարդու կողքին միշտ էլ կլինի մեկը, որը կուզենա նստել ծառուղու նստարանին ու անշտապ հետևել ճաքաքարի վրայով դանդաղ հոսող խխունջին:

Կարեն Ավետիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?