Motv-ին հենվելու է յություբյան ձևաչափի վրա

12.02.2019, Նյուսրում

Լրագրող

Հ3 հեռուստաընկերությունը վերափոխվում է motv-ի: Փոխվել է հեռուստաընկերության ղեկավարությունը: Նոր գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը վստահեցնում է, որ այն դառնալու է նոր հեռուստաընկերություն՝ նոր բովանդակությամբ և ձևաչափերով:

«Մենք սոցիալական մեդիայի հաղորդումների բովանդակությունը տեղափոխելու ենք հեռուստատեսություն: Այսինքն, մեր ստեղծած բոլոր հաղորդումները կարողանալու են մրցակից դառնալ Յություբի, Ինստագրամի և այլ ցանցերի հայկական շուկայում եղած լավագույն հաղորդումների հետ»,-պարզաբանում է Թադևոսյանը:

Նրա խոսքով, հիմա Հայաստանում հեռուստադիտողը ավանդական մեդիայից պահանջում է լինել ավելի կրեատիվ, ավելի ազատ և նորարար: Եվ իրենք, արձագանքելով այդ պահանջներին, հայտ են ներկայացնում հեռուստաշուկայում դառնալ նորարար և նոր շունչ տալ հայկական հեռուստաեթերին:

Motv-ում՝ շուկայի մարքեթինգային վերլուծության հիման վրա որոշել են իրենց  թիրախային լսարանը՝ մինչև 50 տարեկան մարդիկ, ովքեր այսօր իրենց անհրաժեշտ մեդիա բովանդակությունը փնտրում են սոցիալական ցանցերում:

Նրանք խոստանում են երիտասարդներին ու միջին տարիքի քաղաքացիներին՝ 35-ից մինչև 50 տարեկան, նոր հեռուստաարտադրանքի միջոցով կրկին վերադարձնել հեռուստաէկրանների մոտ:

«Հին և ծեծված դեմքեր չենք տեսնելու, մարդիկ կարիք ունեն նոր հեռուստատեսային կերպարների: Մենք առաջնորդվել ենք լսարանի կարիքներով»,- ասում է ալիքի գլխավոր պրոդյուսերը:

Այս խնդիրը լուծելու համար հեռուստատեսությունը համագործակցելու է հայտնի վլոգերների և  դերասանների հետ:

«Մեր աշխատանքի տեխնիկական մեկնարկը կտրվի մարտ ամսից, ևս երկու ամիս պետք կլինի  հունի մեջ մտնելու համար: Նշեմ, որ քաղաքական ուղղվածություն չունենք, և դա հասկանալի կլինի մեր լուրերից: Քաղաքական որևէ նպատակ չենք հետապնդելու»,-ավելացնում է Թադևոսյանը:

Նա վստահ է, որ իրենք կարողանալու են ֆինանսապես ինքնաբավ լինել, աշխատել առանց կողմնակի ֆինանսական հոսքերի. «Գումար ենք աշխատելու մեր հաղորդումների հովանավորներից և յություբից»:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?