Հայաստանի մեդիա դաշտը այլևս ոչ թե խոշորանում, այլ տեղայնացվում է

11.02.2019, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

«Պանարմենիան Մեդիա Գրուպը», որը Հայաստանի ամենախոշոր մեդիա հոլդինգն էր, դադարել է իր գործունեությունն ու հայտարարել, որ մասնատվում է ավելի փոքր մեդիա խմբավորումների:

Պաշտոնական հայտարարությունում ասված է, որ «համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել»։

Եվ որպես դրա հետևանք նաև ավելի թափանցիկ են ներկայացվել նոր սեփականատերերի անուններն ու հետագա քայլերը: Մինչ այդ այդ միավորումը ֆինանսավորողների մասին հանրությունն ավելի շատ կռահում էր, քան տեղեկանում բաց աղբյուրներից:

Իսկ այժմ կազմակերպության հաղորդագրության համաձայն, նախկինում հոլդինգի մաս կազմող լրատվամիջոցների տերերն արդեն կունենան անուն:

Խոշորացումից հրաժարվելու որոշման առաջին ծիծեռնակը «Քառյակ մեդիա» ստեղծելու մասին լուրն էր, որի մասին 2019-ի հունվարի սկզբին հայտնեցին նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը և Արման Սաղաթելյանը:

Նրանք տարածեցին հաղորդագրություն հայտնելով, որ «մեդիան համարում են իրենց կյանքի ու ընտրած ուղու անքակտելի մաս» և չորսով դառնում են նոր հոլդինգի սեփականատերեր:

«Քառյակ մեդիան» ներառեց «Պանարմենիան Մեդիա Գրուպի» կազմում գտնվող մի քանի մեդիա հարթակ՝ «Թերթ.am» լրատվական գործակալությունը, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Ռադիո 107 ՖՄ» ռադիոկայանը:

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» ամենախոշոր ու հայտնի մեդիա բրենդը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը, այսուհետ պաշտոնապես կհամարվի Ռուսաստանի «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը:

Նրան են անցնում ալիքի բաժնետոմսերի 100%-ը, ինչպես նաև «Ռադիո Ջան»-ի բաժնետոմսերի 100%-ը:

Թե ով էր նախկին սեփանակատերը, չի բացահայտվում:

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» կազմում գտնվող մեկ այլ հեռուստաընկերության՝ «Ա ԹիՎի»-ի բաժնետոմսերի 51%-ի սեփականատեր է դարձել գործարար, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը (49%-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան Panarm Inc. ընկերությանը):

Իհարկե, առևտրային գաղտնիքը կարևոր գործիք է ցանկացած հասարակության կայացման ճանապարհին, սակայն գործարքներ կատարող առանցքային անձերը կարող են ուղղորդվել նաև լրիվ հակառակ սկզբունքով և բացեն այդ տեղեկությունը:

Ի վերջո, ոչ ոք չգիտի, թե որքան արժեն Հայաստանում թանկ համարվող մեդիա միավորումները (հատկապես՝ հեռուստաընկերությունները): Լուրջ մեդիա միավորումների շուկայական գնահատումը հետաքրքիր քայլ կլիներ:

«Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծարել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը»,- ասվում է հաղորդագրությունում։

 Հոլդինգի ինտերնետային հասցեում այժմ հասանելի է միայն գովազդը, որը հրավիրում է սովորելու «Հայաստանի ամենամեծ միավորման» մեդիա դպրոցում:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?