Սպասելիքներ 2019-ի մեդիայից՝ նորարարական ու թեմատիկ

29.12.2018, Նյուսրում

Լրագրող

2018 թվականին մամուլը Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունները լսարանին օպերատիվ էր հասցնում։։

Արդեն առաջին ազդանշանները կան այն մասին, որ մեդիան նոր իրավիճակում փոփոխվում է։ Փոխվել են պահանջները, ակնկալիքները, մրցակցությունն ուժեղանում է։

Ի՞նչ սպասել 2019 թվականի համար։ Ինչպե՞ս կփոխվի մեդիան։ Զարգացման ի՞նչ միտումներ ի հայտ կգան։ Այս մասին խոսում են մեր գործընկերները։

Տիգրան Հակոբյան, ՀՌՀ անդամ

Կարծում եմ, գալիք տարում հեռուստա և ռադիոընկերությունների գործունեությունը մեծապես ենթարկվելու է երկու կարևորագույն գործոնների ազդեցությանը: Առաջին գործոնը թավշյա հեղափոխությունն է, որը հեռարձակողներին ազատագրեց իշխանությունների ստվերային կառավարումից և հնարավորություն տվեց ազատորեն իրագործել խմբագրական ու եթերային քաղաքականությունը: և երկրորդը՝ բոլոր տեսակի մեդիահարթակների, կրիչների և բովանդակության թվայնացումը, ինչը, էականորեն մեծացնելով սպառողին առաջարկվող հեռուստաալիքների և ծրագրերի քանակը, սրում է մրցակցությունը: Եթե 4 տարի առաջ ոչ մի կաբելային օպերատոր չի ունեցել սեփական հեռուստածրագիր (բոլորը կամ վերահեռարձակվող արտասահմանյան կամ տեղական եթերային հեռուստածրագրերն էին), ապա այսօր կաբելային օպերատորները հեռարձակում են արդեն 31 սեփական հեռուստածրագիր:

Ուստի այն հեռարձակողները, որոնց խմբակրակազմը, իրական կամ ստվերային սեփականատերերը կանտեսեն «թվային» գործոնը և մայիսյան իրադարձություններից հետո էլեկտրոնային մեդիայի արջև բացված «դռները», ուշ թե շուտ կկորցնեն լսարանն ու գովազդից ստացվող եկամուտները:

Կարծում եմ, 2019 թ. էլեկտրոնային մեդիայի ոլորտում էական փոփոխություններ կլինեն: Փոփոխությունների կենթարկվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որը կարտացոլի թվային մեդիայի ոլորտի արագ փոփոխությունները և երկրի ժողովրդավարացման գործընթացը: Չեմ բացառում, որ թվային մուլտիպլեքսում գործող մեկ կամ երկու հեռուստաընկերություն հաջորդ տարի տարբեր պատճառներով կհրաժարվեն լիցենզիայից: Շուկայում դիրքերը կամրապնդեն այն հեռուստա և ռադիոընկերությունները, որոնք կարտադրեն որակյալ, յուրահատուկ և պահանջված բովանդակություն։ և արդեն սկսել են: Մի քանի ռադիոընկերություն համացանցում հեռարձակում են հաղորդումների տեսապատկերները, ինտերակտիվ հաղորդումների քաքաքականություն են իրականացնում և այլն: Հեռուստաընկերություններից մի քանիսը կաբելային ցանցերով լսարանին առաջարկում են մասնագիտացված, այսպես կոչված «նիշային» ծրագրեր։

Մի խոսքով, արագ փոփոխություններ, մեդիայի սոցիալիզացիա, խոսքի ազատության պայմաններում գործելու ունակությունների ձեռքբերում, ինտերակտիվ հեռուստատեսություն և ռադիո, հեռուստածրագրերի բազմազանություն և մրցակցություն լսարանի համար՝ ահա և 2019 թ. տրենդն ու միտումները:

Կարեն Հարությունյան, Civilnet-ի խմբագիր

2018-ի շարժմանն ու հեղափոխությանը մեծապես նպաստեցին մի քանի լրատվամիջոցներ, ինչպես նաև սոցիալական մեդիան։ Տարիներ ի վեր կոռուպցիայի, չարաշահումների ու տարբեր արատների մասին բարձրաձայնող լրատվամիջոցները քայլեցին հեղափոխության հետ։

2019-ին այդ լրատվամիջոցների համար մարտահրավեր է լինելու հեղափոխական կառավարության գործունեությունը սթափ և անաչառ խոշորացույցի տակ պահելը։
Քաղաքացիական հանրության ու լրատվամիջոցների շատ ներկայացուցիչներ հայտնվել են իշխանությունում։ Մեդիան չպետք է կաշկանդվի, որ իր մասնիկները հայտնվել են մյուս դաշտում, պետք է կատարի իր ավանդական ու կարևոր դերը։

Դաշտում ավելացել են նախկին իշխանավորների հովանավորությամբ գործող լրատվամիջոցները։ Դրանք շարունակելու են կառավարության գործունեությունը ականահարել բոլոր միջոցներով՝ ծառայելով իրենց տերերի շահերին։ Կարևոր է, որ անկախ և առողջ լրատվամիջոցները ազնիվ և անաչառ լրատվությամբ հակակշռեն նաև այսպիսի տեղեկատվությանը և «ֆեյք» լուրերին։

Նիկոլայ Թորոսյան, PanArmenian կայքի խմբագիր

Ունեմ և դրական, և բացասական կանխատեսումներ։ Դրական միտումներից կլինի այն, որ հեռուստատեսությունները ձգտելու են ավելի շատ մտնել ինտերնետ-տարածք՝ մրցելով «դասական» օնլայն ԶԼՄ-ների հետ, ինչից, ի վերջո, շահելու է սպառողը։

Իսկ բացասական կանխատեսումը կամ մտավախությունս այն է, որ 2019-ը լինելու է տեղեկատվական ֆեյքերի, մանիպուլյացիաների, մեկօրանի կայքերի, ֆեյսբուքյան անհայտ օգտատերերի և էջերի տարի։ Արդեն այսօր մենք տեսնում ենք, ինչպես ինչ-որ ուժեր՝ օգտվելով հասարակության մեծ մասի՝ տեղեկատվություն ստանալու հարցում պարզապես զրոյական մաքրասիրությունից, փոփոխական հաջողությամբ կարողանում են սուտ տեղեկատվություն հրամցնել և սկանդալներ հրահրել։ Այդ մարտավարությունը պահպանվելու է, զարգանալու է՝ տրամադրելով ոմանց, այդ թվում՝ բարեխիղճ ԶԼՄ-ների ու լրագրողների՝ դեմ։

Սուրեն Դեհերյան, Ampop.am կայքի խմբագիր

Կարծում եմ 2019 թվականն անցումային տարի է լինելու տեղական լրատվամիջոցների համար: Նկատի ունեմ՝ տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն Հայաստանում 2018-ին տեղի ունեցած քաղաքական և 2019 թ. ակնկալվող տնտեսական փոփոխությունների հետ: Միևնույն ժամանակ այդ փոփոխությունները կկատարվեն նաև թվային տեխնոլոգիաների զարգացումների շնորհիվ:
Մրցունակ կլինեն այն մեդիաները, որոնք հաշվի կնստեն լսարանի նոր պահանջների հետ:
Դժվար տարի է լինելու մեդիայի համար։ Հատկապես այն ԶԼՄ-ների, որոնք վերջին տարիներին կայուն ֆինանսական աջակցություն ունեին նախորդ իշխանությունների ժամանակ:

Թեպետ մեդիա ոլորտում խոշոր դերակատարներն ակնհայտ փորձում են հին «խաղի կանոններով» ազդեցություն ունենալ հասարակության վրա, սակայն դրանք ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ ունեն ցածր արդյունավետություն, բայց մեծ ծախսատարություն: Բոլորը պիտի ժամանակ գտնեն և վերանայեն իրենց աշխատանքը` հաշվի առնելով թե արտաքին, թե ներքին մարտահրավերները:
Ֆեյք օգտատերերի այս մեծ զանգվածը կտրուկ կնվազի, բայց կեղծ լուրերն ակտուալ խնդիր կլինեն մեդիա ոլորտում:

Ես ակնկալում եմ հեռուստաեթերի ազատականացում, ավելի շատ որակյալ առցանց ալիքների անցում դեպի հեռուստաեթեր: Ես ակնկալում եմ յուրահատուկ մեդիա նախագծերի աճ: Ես ակնկալում եմ ավելի արդյունավետ, բաց և թափանցիկ համագործակցություն լրագրողների, քաղհասարակության և պետական կառույցների միջև՝ ավելի որակյալ, պարզ, մատչելի և հանրօգուտ բովանդակություն ստեղծելու նպատակով, ինչին մեր լսարանն արժանի է:

Գայանե Միրզոյան, Urbanista.am կայքի խմբագիր

Հայկական մեդիայի 2018 կարևոր միտումները մեծ մասամբ կապված են Հայաստանում ապրիլին տեղի ունեցած հեղափոխության հետ։ Գործող կառավարությունը, շարունակելով օգտագործել ավանդական դարձած ակտիվիստական հաղորդակցության գործիքներ՝  ֆեյսբուքյան ուղղիղ եթերներ, Տելեգրամ ալիքներ և այլն, ազդում է լրագրողական բովանդակության մատուցման ձևաչափերի վրա։ Ավելին, Facebook Live-ը նաև սկսել է հեռարձակվել հեռուստեսությամբ։

Կշարունակի արդիական մնալ փաստերի ստուգուման հանդեպ հետաքրքրությունը։ Արագ զարգացող քաղաքական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են այդ պահանջարկը։

Այս տարի հայկական մեդիայում աճել է հետաքրքրություն մեծ մուլտիմեդիա ձևաչափերի հանդեպ (լոնգրիդ), ինչը հնարավորություն է տալիս ավելի խորքային հետազոտել թեման և ներգրավել ընթերցողին պատմության մեջ։

2019 և մոտակա մի քանի տարիների ընթացքում գլոբալ ամենախոշոր թրենդերից կլինի Արհեստական ինտելեկտի (AI) օգտագործումը մեդիայում։ Փորձագետներն այն անվանում են այն ոչ թե թրենդ, այլ մի ամբողջ նոր դարաշրջան, որը թույլ է տալիս ստեղծել ավտոմատ նորություններ։ Այսպիսի նորություններ արդեն  օգտագործվում են Associated Press, Forbes, ProPublica, The Los Angeles Times և այլ լրատվամիջոցների կողմից։ Սակայն Արհեստական Ինտելեկտի օգտագործումն իր հետ բերում է ոչ միայն կոնտենտի ստեղծման և սպառման նոր մոտեցումներ, այլ նաև նոր էթիկական ու իրավական հարցեր է առաջացնում։

Արթուր Պապյան, Ազատություն ռադիոկայան

Առաջիկա տարին հայաստանյան լրատվամիջոցների համար դառնալու է անցնող տարվա քաղաքական փոփոխությունների հետևանքով ստեղծված նոր իրավիճակին հարմարվելու ժամանակաշրջան։ Լրատվամիջոցները խնդիր ունեն գտնելու իրենց նոր տեղն ու դերը մեդիա շուկայում, վերադասավորվելու և նոր ձայն ստանալու։ Նման դրամատիկ փոփոխությունները հատկապես ծանր են կայացած և մեծ լրատվամիջոցների համար։ Միևնույն ժամանակ հնարավորություններ են ստեղծվում ավելի փոքր, շարժունակ և նորարարական լրատվամիջոցների համար։

Բուն լրատվական կոնտենտի առումով՝ ակնկալվում է, որ կաճի հետաքրքրությունը ավելի նեղ, թեմատիկ լրատվության նկատմամբ, իսկ լայն սպառման լրատվության ոլորտում լսարանի համար գնալով ավելի որոշիչ կդառնա կոնկրետ հաղորդավարի, վարողի, լրագրողի անձը՝ անկախ լրատվամիջոցից։ Այլ կերպ ասած՝ լսարանն ավելի շատ կկողմնորոշվի դեպի իր սիրելի հաղորդավարը, լրագրողը, անկախ այն բանից, թե նա ինչ լրատվամիջոց է ներկայացնում։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?