Լինենք պատրաստ ԱԺ արտահերթ ընտրություններին

Լինենք պատրաստ ԱԺ արտահերթ ընտրություններին

Ի՞նչ է պատահել:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են։  

Ու՞մ ենք ընտրելու:

Ընտրելու ենք այս կուսակցություններն ու դաշինքները, որոնք ներկայացնում ենք ըստ քվեաթերթիկի հերթականության

Հայաստանի հանրապետական կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

Հայ հեղափոխական դաշնակցություն

«Իմ քայլը» դաշինք

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Մենք» դաշինք

«Օրինաց երկիր» կուսակցություն

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ի՞նչ պետք է անել քվեարկության օրը:

Ներկայանալ համապատասխան տարածքային ընտրական տեղամաս՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ,զինվորական վկայական կամ զինվորական գրքույկ):

Տեղամասում նախ պետք է գրանցվել:

Հետո վերցնել այդ 11 քաղաքական ուժերի քվեաթերթիկները և մտնել քվեարկության խցիկ:

Խցիկում կատարվելու է ամենակարևորը. պետք է առանձնացնել նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, իսկ մյուսները դեն նետել (առաջարկվում է առանձնացված տուփը, որը աղբամանի դեր է կատարում, քանի որ այդ թերթիկները մարվելու են):  

Իսկ ընտրած քվեաթերթիկի հակառակ կողմում պետք է նշել  վարկանիշային ցուցակի ձեր նախընտրած թեկնածուին:

Եթե ընտրողը քվեաթերթիկը լրացնելիս սխալվել է, ի՞նչ անի:

Եթե նա սխալ է լրացրել կամ վնասել է քվեաթերթիկը, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Սխալ լրացված քվեաթերթիկը անհապաղ մարվում է:

 
Հնարավո՞ր է բոլորին դեմ քվեարկել:

Ոչ: Քվեաթերթիկներում այդպիսի տող չկա: 11 քվեաթերթիկներից մեկը առանձնացնելն արդեն նշանակում է, որ այդ քաղաքական ուժն ընտրված է, անգամ եթե վարկանիշային ցուցակից ոչ մեկին չեք նշել:  

Վարկանիշային թեկնածուների ցուցակում «բոլորին դեմ» տող չկա:

Միակ տարբերակը քվեաթերթիկը վնասելն ու անվավեր դարձնելն է:

Իսկ եթե ընտրողը քվեարկության օրը հանրապետությունից դուրս է, կարո՞ղ է քվեարկել:

Ոչ: Արտերկրում գտնվողներից կարող են քվեարկել միայն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները, օտարերկրյա պետություններում երկարատև գործուղման կամ ուսանող- զինծառայողները:

Նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատակիցները:

Նրանց հետ կարող են քվեարկել արտերկրում բնակվող ընտանիքի անդամները:

Եթե ընտրողը չի կարողանում ներկայանալ ընտրատեղամաս, ինչպե՞ս պետք է քվեարկի:

ԱԺ ընտրությունների ժամանակ շրջիկ արկղի միջոցով կարող են քվեարկել միայն ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն ներկայանալ տեղամաս:

Նաև ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողներն ու ձերբակալված անձինք:

Ի՞նչ անել, եթե հայտնաբերել եք ընտրախախտում:

Կարող եք դիմել ընտրատեղամասում գտնվող դիտորդներից ու վստահված անձանցից մեկին կամ զանգել թեժ գիծ:

Ընտրությունների օրը կգործի մի քանի թեժ գիծ, որոնցից են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ 116, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 080000001417 և 080000001211 հեռախոսահամարները:

Ի՞նչ պատասխանել, եթե հարցնում են, թե ում ես ընտրել կամ ընտրելու:

Եթե հարցնում են ընտրատեղամասից դուրս, կարող ես պատասխանել ըստ քո հայեցողության:

Իսկ եթե հարցը հնչում է ընտրատեղամասում, խուսափեք պատասխանելուց և հիշեցրեք հարցնողին, որ դա գաղտնիության իրավունքի խախտում է:

Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, որի անտեսումը կարող է հիմք հանդիսանալ դատական գործի համար: