Նանե Պետրոսյան. Click. Սենսացիոն վերնագիր

09.11.2018, vox populi

Հեքիաթն ասում է՝ երկնքից երեք խնձոր ընկավ: Երբ պարզապես ընթերցող ես, քեզ հետաքրքրում է, թե ի՞նչ գույնի էին խնձորները. մե՞ծ էին, թե՞ փոքր, առաջինն ու՞մ բաժին  հասավ, վերջինն ինչու՞ էր կիսախակ և այլն, իսկ երբ լրագրող ես, այս շարքին ևս մի հարց է ավելանում. այդ ու՞մ խելքին էր փչել երկնքից երեք խնձոր նետել:

Սովորական մեդիասպառողից տարբերվելու համար պետք է սովորես «լողալ» ինֆորմացիոն ծովում:

Դա այնքան էլ բարդ չէ, օրինակ, կարող ես վերցնել մի քանի լրատվական, չէ, սկզբի համար ավելի լավ է վերցնել մի քանի ակտիվ ֆեյսբուքյան օգտատիրոջ և մեկ ամիս հետևել:

Շատ չանցած հասկանալի կլինի, թե ով ինչ դիրքից է խոսում, նույնիսկ քեզ կբռնես այն մտքի վրա, որ առանց տվյալ մարդու կարծիքը կարդալու ընդհանուր առմամբ գիտես, թե նա ինչ է գրելու: Կհասկանաս, թե ինչպես են աննշան թեմաները դարձնում քննարկման առարկա, իսկ կարևորները թողնում ստվերում:

Ժամանակի հետ այդ մարդիկ, հետո նաև լրատվականները քեզ համար կդառնան կանխատեսելի, և սենսացիոն վերնագրերը չեն արժանանա քո click-ին, իսկ եթե արժանան, ուրեմն՝ բռնվի՛ր, մեդիային դարձյալ հաջողվել է հիմարեցնել քեզ:

Եթե դու պետք է փազլ հավաքես և քեզ տալիս են նկարում պատկերված ավանակի զույգ-զույգ, պսպղուն աչուկները, ապա դա չի նշանակում, որ ավանակը ինչ-որ անհեթեթ պոչ չունի:

Հաճախ մարդիկ տեսակետ են հայտնում առանց ամբողջական տեղեկատվություն ու պատկերացում ունենալու, նրանք բավարարվում են զույգ-զույգ, պսպղուն աչուկներով: Իսկ վերջում պարզվում է, որ սիրուն աչքերը էշին թևավոր պեգաս չեն սարքելու:

Միշտ պետք է ունենալ սեփական արդարացում, թե ինչու՞ եմ ես խոսում այս կամ այն թեմայից: Եթե պատճառն այն է, որ մեդիան է խոսում դրա մասին, ապա հավատա, որ առանց քո ֆանտաստիկ հետաքրքիր դիտարկման էլ աշխարհը կշարունակի պտտվել արևի շուրջ: Անկեղծ:

Մեդիան բնավորություն է, օրինակ, այն նման է իմ հարևան տատիկին, որից ավելի լավ է քսան րոպե լսել եղնիկ-մուրազի, մեծ աչքերով անհամարձակ տղայի, խարդախ ընկերուհու և առաջիկա տարիների բոլոր մանրամասնությունները, քան քառասուն րոպե համոզել, որ մի քիչ դժվար է սուրճի բծերը ճակատագրի գծեր համարել:

Ճիշտ նույն կերպ մեդիային չի հետաքրքրում քո կարծիքը. այն պետք է խոսի և խոսում է:

Երբեմն էլ մեդիամիջավայրը սովորեցնում է քաղաքավարության վնասների մասին: Երբ դու տաս րոպե արդեն կանգնած ես և մտքումդ եղած տաս հարցից ոչ մեկին էլ հերթ չի հասել, որովհետև համբերատար սպասել ես, որ գործընկերդ ավարտի իր հարցը և դրան հաջորդող լռության մեկ վայրկյանից օգտվել և իր հարցն է մեջտեղ բերել խմբին հենց նոր միացած մեկ այլ լրագրող, ապա հասկանում ես, որ խաղի կանոններն այլ են և սահմանվում են տեղում:

Լատիներեն հայտնի արտահայտություն կա՝ Carpe diem կամ Բռնիր պահը. լրագրողի ավետարանը սկսվում և ավարտվում է այս արտահայտությամբ:

Լրագրողը լարախաղացի նման խաղում է ժամանակի լարի վրա. այն, ինչ կա քո գլխում, հաջորդ պահին կարող է հայտնվել նաև գործընկերոջդ գլխում, որովհետև գաղափարները մտածողության արդյունք են և պարզվում է, որ մտածելը միայն քո շնորհը չէ:

Լրագրողի սենսացիոն և ոչ սենսացիոն նյութը շատ բան է հուշում նրա անձի մասին: Այն պատմում է լրագրողի ֆանտազիայի, ստեղծագործական մտքի,  հմտությունների, վատ տրամադրության ու էլի հազար ու մի բանի մասին:

Եթե դու լավ ռեժիսոր ես, ապա «կադրից դուրս» եղածը իսկապես էլ կադրից դուրս կմնա, իսկ եթե խելացի ռեժիսոր ես, ապա հնարավոր է «կադրից դուրս»-ը նյութիդ ամենահամեղ մասը դարձնես:

Լրագրողը ուղիղ համեմատական է պատասխանատվության ներկա-բացակա լինելու հետ: Օրինակ, եթե ես ուզում եմ «գեթ մեկ անգամ» գլուխ պահել, ապա դու իմ քմահաճույքից կախված կկարդաս հանճարեղ գեղանկարիչ Աշոտի մասին, որը իրականում հարևանիս թոռնիկ, յոթնամյա Աշոտիկն է, որ նոր-նոր սկսել է պլաստիլինից (հայերեն տարբերակը չգիտեմ) ձնեմարդուկներ սարքել, իսկ աբսուրդն այն է, որ այս ամենը քո գլխին է ջարդվում սոսկ այն պատճառով, որ մերոնք, ասենք, անխելքություն են ունեցել հարևանի մոտ հպարտանալու, թե ես, իբր, լրագրող եմ:

Այստեղ լրագրությունը «անվերապահ ցինիկների» դաշտի է վերածվում, բայց շունչ քաշիր, ամեն ինչ դեռ կորած չէ, որովհետև նույն այս «անվերապահ ցինիկների» կողքին են «անհանգիստ մտահոգները», որոնք չեն շեղվի իրենց համոզմունքերից, եթե անգամ կողքինները մտածեն, որ ձիուն թարս հեծած սլանում են:

Այս երկու տիպերի միջև տարբերությունն այն է, որ երկրորդին հատկապես պատասխանատու մարմինները չեն սիրում, իսկ առաջիններին նաև ու նույնիսկ երկրորդները տանել չեն կարողանում:

Հիշու՞մ ես լարախաղացին, որի մասին քիչ առաջ ասացի. լրագրությունն ընթացք է, ժամանակն այն պարանն է, որի վրա խաղում է լրագրող-լարախաղացը, նրա խնդիրը մեկն է. չընկնել ու պահել ձեր՝ ներքևում հավաքվածների, ուշադրությունը:

Բայց միամիտ չլինեք, նա նաև գիտի, որ ընկնելն էլ մի մեծ բախտավորություն կլիներ ու կստացվեր սենսացիոն վերնագիր + click կոմբինացիան: Բայց մինչ այդ նա պետք է սովորի հավասարակշռություն պահել, ինչպես անտանելի շոգի, այնպես էլ կարկուտի պայմաններում, եթե, իհարկե, դուք դեռ շարունակում եք նայել նրան, հակառակ դեպքում մոնոներկայացում տալն իմաստ չունի:

Գրողի ու լրագրողի մասնագիտությունները ևս նման են իրար. երկուսն էլ բառեր են վաճառում, այն տարբերությամբ, որ լրագրողներն ավելի շատ են ստեղծագործում՝ օգտագործելով իրական անուններ, իսկ գրողները կեղծ անուններ օգտագործելով՝ իրականությունն են պատմում:

Նանե Պետրոսյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Այս աշխատանքն արժանացել է 2018թ. «Ես եմ մեդիան» մրցույթի երրորդ տեղի մրցանակին

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?