Մենախոսությամբ բանավեճ չի ստացվի

16.02.2013, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

 

2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղի ունեցավ Հայաստանի պատմության մեջ առաջին եւ առայժմ միակ հեռուստաբանավեճը՝ երկու թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Այն էլ, ինչպես մի այլ առիթով նշել է տողերիս հեղինակը, ավելի շուտ ոչ թե բանավեճ էր, այլ հարցուպատասխան: Ընդ որում, հարցերն էլ կազմված էին ընդդիմության թեկնածուին «նեղը գցելու» ակնհայտ միտումով: 

Անցյալ՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզչության շրջանում Երեւանի մամուլի ակումբը նախաձեռնեց բանավիճային հաղորդաշար «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում: Նախատեսվում էր վեց հաղորդում. առաջին երեքում պիտի բանավիճեին նախագահի թեկնածուների ընտրական շտաբների ներկայացուցիչները, իսկ հաջորդ երեքում՝ թեկնածուները:  Նախաձեռնության արդյունքը, ցավոք, գոհացուցիչ չէր: Առաջին իսկ հաղորդմանը ներկայացավ միայն մեկ թեկնածուի ներկայացուցիչ:  Երկրորդ եւ երրորդ հաղորդումները համեմատաբար հաջողված էին՝ երեքական հրավիրվածներն էլ ներկայացան բանավեճի: Սակայն հաղորդաշարի երկրորդ մասը՝ երբ երեք հաղորդումների ժամանակ պետք է բանավիճեին արդեն թեկնածուները, չնայած ԵՄԱ-ի համառ ջանքերին, ըստ էության ձախողվեց ու հենց՝ թեկնածուների մեղքով: Մեկ հաղորդման ընդհանրապես ոչ մեկը չներկայացավ, ու ստիպված բանավիճեցին փորձագետները, իսկ մյուս երկուսին ներկայացան մեկ թեկնածու եւ վեց թեկնածուի ընտրական շտաբի ներկայացուցիչներ: (Այս նախաձեռնոթւյան մասին ավելի մանրամասն տես Երեւանի մամուլի ակումբի շաբաթական տեղեկագրի 2008 թվականի հունվարի եւ փետրվարի թողարկումներում):

Ինչո՞ւ  հիշեցի 10 եւ 5 տարվա վաղեմության այս անցուդարձերը: Կարծում եմ, պարզ է. այս ընտրություններում նվազագույնը՝ գոնե թեկնածուների շտաբների ներկայացուցիչների միջեւ բանավեճն էլ չեղավ: Թեպետ ԵՄԱ-ն կոչ արեց (կոչին միացան նաեւ այլ կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Ինտերնյուսը», «Ասպարեզ» ակումբը եւ այլն) կազմակերպել այդպիսիք, սակայն արձագանքը աննշան էր: Բանավեճ նախաձեռնեց, ըստ էության, միայն «Ազատություն» ռադիոկայանը, սակայն նրա հրավերը թեկնածուներից երկուսը զանազան պատճառաբանություններով մերժեցին ու չներկայացան: 

Ես չեմ խորանալու թեկնածուների՝ բանավեճերից հրաժարվելու պատճառների մեջ. դա այս հրապարակման խնդիրը չէ, թեպետ ինքս կարծում եմ, որ դեմ առ դեմ բանավիճել  չկարողանալը հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծագույն թերության կամ գուցե մեծամտության («նա ո՞վ ա, որ ես նրա հետ բանավիճեմ») դրսեւորումներից է: Երեւի մենախոսելը, որ այս (ինչու միայն այս) ընտրարշավի բնորոշ տարրն էր, ավելի հեշտ է. քեզ առարկող չկա, ինչ կուզես կասես... Իսկ եթե հետո մյուս թեկնածուն էլ ի՛ր մենախոսության մեջ առարկի քեզ, հաջորդ հանդիպմանդ դու էլ իր պատասխանը կտաս ու «պորտը տեղը կդնես»... Այսինքն՝ ստացվում է հեռակա բանավեճ: Բայց մի՞ թե բանավեճի հեռական է լավ: Չէ՞ որ թեկնածուներ դեմ առ դեմ բանավեճն է միայն ապագա ընտրողին հնարավորություն տալիս համեմատության մեջ տեսնելու նրանց առաջարկների, ծրագրերի, մոտեցումների  տարբերությունները: Ընդ որում՝  նման բանավեճերը բավականին հետաքրքրություն են առաջացնում եւ մեծ լսարան հավաքում: 

Ինչեւէ: Ինձ ավելի շատ մտահոգում է ԶԼՄ-ներ պահվածքը այս պարագայում: Մանավանդ համերկրային սփռում ունեցող հեռուստաընկերությունները, որ ամենից ազդեցիկն են, այդպես էլ բանավիճային հաղորդումներ չնախաձեռնեցին կամ եթե նախաձեռնեցին էլ չկարողացան թեկնածուներին բերել դեմ առ դեմ զրույցի: 

ԵՄԱ-ի եւ մյուս կազմակերպությունների վերոհիշյալ կոչում ասվում էր. «Նպատակահարմար կլիներ, որ նման նախաձեռնությամբ առաջին հերթին հանդես գար Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը (Հ1)՝ նկատի ունենալով նրա հատուկ առաքելությունը»: Եվ մեր կարծիքով ամենից վատը հենց այն է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բանավեճ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես չեկավ (համենայն դեպս մեզ հայտնի չէ, որ նրանք նախաձեռնել են նման բան), այնինչ նա պարտավոր է սպասարկել հանրության կարիքները: Իսկ այդ կարիքները այս փուլում ներառում են նաեւ բանավեճերը:

Ի՞նչ անել նման պարագայում, երբ հեռուստաընկերությունները չեն  նախաձեռնում, իսկ թեկնածուներն էլ ցանկություն չունեն բանավիճելու: 

Կարծում եմ խնդիրը կարելի է լուծել օրենսդրական ճանապարհով: Առաջարկիս իմաստը հետեւյալն է. ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսել դրույթ, որը կպարտադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը նախագահական ընրարշավի ժամանակ կազմակերպել թեկնածուների միջեւ բանավեճեր: Ես չեմ կարծում, թե սա կլինի միջամտության խմբագրական անկախությանը: Պարզապես օրենքի ուժով կամրագրվի մարդկանց՝ թեկնածուների ծրագրերի մասին առավել ամբողջական տեղեկություններ ստանալու իրավունքը: Սակայն միայն հանրային հեռուստատեսության վրա նման պարտականություն դնելը քիչ է. որովհետեւ հեռուստաընկերությունը կկազմակերպի՝ իսկ թեկնածուները չեն ներկայանա: Ուստի հարկ է, որ նույն Ընտրական օրենսգրքում նաեւ դրույթ նախատեսվի, որը կպարտադրի թեկնածուներին մասնակցելու առնվազն մեկ (գուցե երկու կամ երեք) բանավիճային հաղորդման:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?