Ռումբային տրամադրություններ լրատվական կայքերում

24.03.2016, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում և «Զվարթնոց» օդանավակայանում հնարավոր ռումբի մասին տեղեկությունը մարդկանց համար հատկապես անհանգստացնող կարող էր լինել երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների համատեքստում: Թարմ իրադարձությունների ազդեցության տակ գտնվող ընթերցողն ավելի զգայուն է հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ:

Ռումբի մասին լուրերը սթրեսային օր ապահովեցին լրատվական կայքերի սպառողների համար:

Զուգահեռ տարածվող լուրեր ռումբի մասին

Ռումբի մասին միաժամանակ մի քանի բնույթի տեղեկություն էր տարածվում:

«168 Ժամ»-ի տեղեկություններով ինքնաթիռը պայթեցնելու մասին լուրը ստացել են անվտանգության մարմինները ու այդ տեղեկությունը ստացվել է էլեկտրոնային փոստով:

Ըստ shamshyan.com-ի՝ «իրավապահ մարմիններում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է»:

Ինքնաթիռում ռումբի մասին լուրը արագորեն տարածեցին այլ լրատվական կայքեր:

Զուգահեռաբար Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ տեղեկություն է ստացել, թե ««Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն»:

Իսկ ըստ tert.am-ի ու 1in.am-ի՝ ռումբը պետք է լիներ ոչ թե Երևան-Մոսկվա, այլ Մոսկվա-Երևան ինքնաթիռում:

Ռումբի մասին այս երեք իրար հետ կապ ունեցող բայց առանձին-առանձին տարածվող տեղեկությունները շփոթեցնում էին ընթերցողներին:

Էլ ավելի էին շփոթեցնում վերնագրերն ու ձևակերպումները, որոնք օգտագործում էին ռումբի մասին գրող լրատվական կայքերը:

Ինչ հասկացանք վերնագրերից

«Ահազանգ՝ պայթեցվելու է Մոսկվա- Երևան օդանավը»,- գրում է 1in.am-ը: Վերնագրից հասկանում ենք, որ օդանավը հաստատ պայթեցվելու է:

«Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում»,- գրում է shamshyan.com-ը: Իրականում օդանավակայանը տարածվող խուճապի ժամերին աշխատել է բնականոն հունով, աշխատանքային ռեժիմով:

«Խուճապ. ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում»,- շարունակում է «Հենարանը»:

«Առավոտ»-ի միակ լուրը հնարավոր ռումբերի մասին ««Զվարթնոց»-ում ոչինչ չի հայտնաբերվել. ՔԱԳՎ» վերնագիրն ունի: Այն մամուլի հաղորդագրություն է: Նախապատմություն ու զարգացման մասին ոչինչ չկա:

Ընդհանրապես, զարգացող իրադարձությունը մաս-մաս ու ընթերցողի համար անհասկանալի ներկայացնելը հայաստանյան լրատվական կայքերի թույլ կողմերից է: Կարող են 15 փոքր լուր գրել մի թեմայի մասին, որոնք բոլորն էլ կկարդաս, սակայն անգամ մինչև վերջ չես պատկերացնի, թե իրականում ինչ է կատարվում: Մեկ կամ երկու հոդվածում ամբողջական պատկեր ներկայացնող նյութեր հազվադեպ են հանդիպում: Այսօրվա դեպքը բացառություն չէր:

Է՛լ ինչ տեղեկություն կարելի էր ստանալ Մոսկվա-Երևան ինքնաթիռի մասին

Սկզբնական տեղեկության մեջ shamshyan.com-ը գրում է, որ «իրավապահ մարմիններում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է ժամանի ժամը 20:45-ին»:

Այս լուրի մեջ ճիշտն այն է, որ Երևանից-Մոսկվա թռչող չվերթը NN558-ն է: Բայց ռումբի մասին լուրի հրապարակման ժամին այդ չվերթի օդանավը դեռ Մոսկվայում էր: Այն Երևան պետք է գար NN557 չվերթով ու նոր վերադառնար Մոսկվա:

Ի՞նչ կարող էին անել լրագրողները Մոսկվա-Երևան չվերթի մասին ինտերնետում լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Կարելի էր օգտագործել flightradar24 կայքը: Այն հնարավորություն է տալիս հետևել քաղաքացիական չվերթներին:

Flightradar24-ով կարելի էր տեսնել, օրինակ, որ Հայաստան մեկնելու համար նախատեսված RA-73011 ինքնաթիռը, որը բազմաթիվ անգամներ եղել է Երևանում, վերջին պահին ուղևորվեց անհայտ ուղղությամբ:

RA-73011 ինքնաթիռի վերջին թռիչքների պատմությունը

Փոխարենը Երևանի ժամանակով ժամը 18:11-ին Հայաստան մեկնեց բոլորովին այլ ինքնաթիռ՝ RA-73012-ը, որն առաջին անգամ էր թռչում Հայաստան:

RA-73012 ինքնաթիռի վերջին թռիչքների պատմությունը

Ինչու՞ փոխվեց NN557 չվերթի ինքնաթիռը, այստեղ կապ կա՞ր հայկական նորությունների կայքերում ռումբի մասին հրապարակումների հետ: Այս տեղեկատվությունը կարող է լրացուցիչ լրագրողական նյութերի աղբյուր դառնալ:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?