2019.12.26,

Նյուսրում

Վարչապետը լրատվամիջոցների թափանցիկությունը համարեց լեգիտիմ ակնկալիք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց մեդիայի մասին՝ ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպած ամանորյա ընդունելիության ժամանակ:

Նա շնորհավորեց լրագրողներին և նրանց ընտանիքներին և նորից հիշեցնեց իր պնդումը, որ մեր մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ:

«Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է: Բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և անձամբ ես գտնվում ենք ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները»:

Խոսելով լրատվամիջոցների դեմ հարձակումների կամ գործունեության խոչընդոտների մասին, նա ասաց.

«Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից: Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել»:

Լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններում Նիկոլ Փաշինյանը առաջնային համարեց թափանցիկությունը, քանի որ լուրերը, արձագանքները օգնում են հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության հանրության առաջ:

Նա ասաց.

«Բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ ես շատ կարևոր եմ համարում այն գործունեությունը, որն այսօր իրականացնում են լրատվամիջոցները: Ես համարում եմ դա օգտակար առաջին հերթին կառավարության համար, հանրության համար, որովհետև եթե մենք ազնիվ ենք, եթե մենք սկզբունքային ենք, եթե մենք հավատարիմ ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին, որևէ լուր, ի վերջո, չի կարող մեզ վնասել:

Իսկ եթե որևէ լուր այս համատեքստում կարող է մեզ վնասել, դա առաջին հերթին մեր պրոբլեմն է, մեր թերությունն է, որի համար մենք, իհարկե, պետք է պատասխան տանք հանրության առաջ առաջին հերթին»:

Նա ավելացրեց նաև, որ անձամբ է զգում դրական ազդեցությունն իր գործունեության վրա և շնորհակալ է դրա համար. 

«Բայց չեմ ուզում տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետև երբ մենք կարևորում ենք իշխանության թափանցիկությունը և այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը՝ զանգվածային լրատվամիջոցները, հարց՝ իսկ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույնկերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից:

Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը»:

Երկար տարիներ լրագրող և թերթի խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանը իր խոսքը ավարտեց մաղթանքով՝ մի քանի անգամ շեշտելով, որ ժամանակները փոխվել են.

«Եվ ուզում եմ ասել, որ համարում եմ և համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ խմբագիր:

Բայց կարող եմ վստահ ասել, որ (…) ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր»: 

Տարբերությունը ըստ ՀՀ վարչապետի այն է, որ Հայաստանում շատ կան մարմիններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ, նաև նախարարություններ և պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 կամ 3 տարի առաջ: 

«Լրատվամիջոցների առումով չեմ ուզում որևէ գնահատական տալ, որովհետև դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է: Բայց ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ, այնուամենայնիվ, ժամանակը, կարծում եմ, շատ կարևոր է օգտագործել մեր զանգվածային լրատվության աշխատանքի առավել բարենպաստ միջավայր, առավել բարենպաստ միջավայրն օգտագործել ավելի լավ լրատվական դաշտ, ավելի լավ լրատվամիջոցներ և ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար»:

Նա ցանկացավ, հետո ցանկությունը փոխեց «պարտավորվել» բառով, որ 2020-ում լրատվամիջոցները լինեն առավել ազատ, քան երբևէ:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *