Փաշինյան. «Եթերը չպետք է նսեմացնի արժեքները»

07.06.2018, Նյուսրում

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանին ներկայացրեց նոր կառավարության ծրագիրը։ Վարչապետի ելույթում անդրադարձ եղավ նաև հեռուստատեսային եթերին։

Փաշինյանը կառավարության առաջնահերթություններից է համարում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը՝ հաստատելու համար եթերի կոնկրետ չափանիշներ։

Ներկայացնում ենք եթերի քաղաքականության մասին վարչապետի խոսքը:

«Ցավոք, մեր անկախության տարիներին խոսքի ազատություն հասկացության տակ եթերը լցվել է ամեն տեսակի աղտեղություններով։ Եվ հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե սա մարդկանց ցածրացնելու, քաղաքացիական բարձրությունից հպատակության հատակ իջեցնելու հետևողական քաղաքականություն է եղել։

Ամեն դեպքում, կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու շատ պարզ մի խնդրի լուծման։ Հեռուստատեսային եթերը պետք է հանրության կրթական մակարդակը բարձրացնելու, և ոչ թե ցածրացնելու գործիք լինի։ Հեռուստատեսային եթերը պետք է մարդկանց արժեքներ փոխանցի, ոչ թե նսեմացնի արժեքները։ Եվ կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել հանրությանը, պետությանը եթերային կոնկրետ չափանիշներ հաստատելու հնարավորություն տալու համար։ Իհարկե հարգելով ստեղծագործական և լրագրողական գործունեության ազատության հանրահռչակ իրավունքները»։

Կառավարության ծրագրում հեռուստատեսային եթերին մեկ պարբերությամբ անդրադարձ կա․ «Հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի մարդկանց կրթական ցենզը և հարաբերությունների մակարդակն իջեցնող, հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը»։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?