Միայնակ՝ ընդդեմ համացանցի կամ օնլայն տարբերակին սպասելիս

06.10.2017, Նյուսրում

Լրագրող

Համացանցի տարածմանը զուգահեռ մեծանում են տպագիր թերթերի խնդիրները: Հատկապես դժվար է այն թերթերի համար, որոնք կայք չունեն:

Անկախ Հայաստանի ամենաշատ ընթերցվող թերթերից երկուսը՝ «Ֆուտբոլ+»-ը և «Եթերը», ժամանակաշրջանին հատուկ միտումների պարագայում փորձում են նոր լուծումներ գտնել ընթերցողին չկորցնելու համար:

1996 թվականին լույս է տեսել «Ֆուտբոլ+»-ի առաջին համարը, և կարճ ժամանակում թերթի տպաքանակը հասել է 12 հազարի: Այս մասին պատմում է շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը. «Երբ հիմնադրվեց «Ֆուտբոլ+»-ը, մարզական ոչ մի ուրիշ թերթ չկար: Թերթը նույնիսկ Ֆրանսիայում սեփական երկու թղթակից ուներ՝ Ահարոն Բոյաջյանը և Գրիգոր Ամիրզայանը: Հետո մի քանի մարզական թերթեր էլ սկսեցին լույս տեսնել, բայց միայն մեր թերթը բռնեց ժամանակի քննությունը»:

Արդեն մեր օրերում «Ֆուտբոլ+»-ը խնդիրներ ունի: Տպաքանակը նվազել և դարձել է 6 հազար օրինակ: Բաղդասարյանն ասում է, որ թերթի ընթերցողն ավագ և միջին սերունդն է, որոնք ուղղակի սրտով կապված են թերթին:

Թերթը գովազդի պատվերներ չի ստանում: Այսպես ասած լավ տարիներին, երբ ֆինանսական խնդիր չունեին, գլխավոր խմբագիրը չի ցանկացել թերթի էջերը գովազդով լցնել: Իսկ հիմա, ըստ Սուրեն Բաղդասարյանի, բիզնես կազմակերպությունները տպագիր թերթերին գովազդ չեն պատվիրում:

Ինտերնետային լրագրության զարգացումը տպագիր թերթերի համար բարդ իրավիճակ է ստեղծել: «Հիմա րոպեի ընթացքում աշխարհը գիտի՝ Հենրիխ Մխիթարյանը որտեղ ճաշեց, ում հետ և այլն: Այսօր արդեն նման լուրերով ես չեմ կարող մրցակցել կայքերին: Դա մեկ շաբաթ ուշացումով պետք է հրապարակենք, և արդեն մրցակից չենք»,- Սուրեն Բաղդասարյանն ասում է, որ այսօր արդեն թերթի եկամուտը դժվարությամբ է փակում ծախսերը: Այսպես շարունակվելու դեպքում՝ թերթը մի օր կդադարի լույս տեսնել:

«Հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ ինտերնետի հետ մրցակցելը գրեթե անհնար է: Բայց ես ափսոսում եմ փակել թերթը: 22 տարի դարձել է հայկական ֆուտբոլի տարեգիրը, ընդ որում, որևէ թերթ հայկական ֆուտբոլի մասին այնքան տեղեկություններ չի հրապարակել, որքան մենք»,- նշում է Սուրեն Բաղդասարյանը:

Տպաքանակը փորձում են կայուն պահել էքսկլյուզիվ նյութերի շնորհիվ, որոնք չես գտնի սպորտային կայքերում: Օրինակ, վերջին շրջանում թերթն անդրադառնում է այսպես ասած մոռացված ֆուտբոլիստներին, որոնք տաղանդավոր են, սակայն մարզական իմաստով շատ մեծ հաջողությունների չեն հասել:

Սուրեն Բաղդասարյանը գտնում է, որ հայկական սպորտային կայքերը միակ շաբաթաթերթին որակական առումով մրցակից չեն: Դրան հակառակ, թերթն էլ մրցակից չի կարող լինել կայքերին՝ օպերատիվության առումով:

Թերթի լրագրող, ֆոտոթղթակից Դավիթ Մարտիրոսյանը Յություբում անոնսներ է պատրաստում այս կամ այն ֆուտբոլիստի հետ հարցազրույցի վերաբերյալ և թերթի տպագրությանը նախորդող օրերին տարածում համացանցում, ընթերցողին տեղեկացնելով, որ առաջիկա համարում հետաքրքիր հոդված է սպասվում: Իսկ օնլայն կայքերին օպերատիվությամբ մրցակցելու նպատակով էլ լրագրողը թերթի յություբյան էջում տեղադրում է տեսանյութեր՝ մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, գոլեր, խաղերի տեսություններ և այլն:

Սուրեն Բաղդասարյանն ասում է, որ անոնսներն ու էքսկլյուզիվ նյութերը օգնում են պահել տպաքանակը: Դրա արդյունքում թերթի վերադարձը կազմում է մոտ 17-18 տոկոս, ինչը, ըստ գլխավոր խմբագրի, վատ չէ: Տեսանյութերը, հակառակը, թերթի վաճառքին չեն օգնում:

«Ֆուտբոլ+»-ում աշխատում են իրենց ապագա կայքը ստեղծելու ուղղությամբ: Արդեն թերթի բոլոր համարները թվայնացրել են:

«Եթեր» և ռուսալեզու «Эфир» շաբաթաթերթերը Հայաստանի հանրապետության ամենաերկարակյաց պարբերականներից են: 2002 թվականին IREX ՊրոՄեդիա Հայկական սոցիոլոգիական ընկերությունը հարցումների արդյունքում պարզել է, որ «Եթեր» շաբաթաթերթը ընթերցողների նախասիրությունների ցանկում եղել է առաջինը՝ 27.5%: Այդ ժամանակ թերթի տպաքանակը եղել է 60 հազար: Այսօր այն նվազել է մի քանի անգամ, բայց էլի մնում է ամենաշատ վաճառվողներից մեկը:

«Եթեր»-ի պատասխանատու խմբագիր Գայանե Ենգոյանն ասում է, որ տպաքանակի անկումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ բնակչության թվի նվազում, մրցակիցներ և, իհարկե, համացանց:

«Մեր դիտարկումներով՝ «Եթեր»-ի հիմնական ընթերցողները տարեցներ են, և թերթը ձեռք են բերում ոչ այնքան հեռուստածրագրի, որքան՝ տարբեր էջերում հետաքրքիր նյութերի համար: Ունենք երիտասարդական և մանկական էջեր: Շատ աշխուժացել է երիտասարդական էջի աշխատանքը, որին ներգրավված են հիմնականում ուսանողներ: Ուսանողները «Եթերում» պրակտիկա են անցնում՝ տպագրվում են»,- ասում է Ենգոյանը:

Թերթի յուրաքանչյուր համարում մի քանի տարի շարունակ տպագրվում էին միանգամից մի քանի տասնյակ գովազդներ: Հիմա արդեն գործարար շրջանակները նախընտրում են գովազդ պատվիրել հեռուստաընկերություններին, ռադիոյին, համացանցային լրատվամիջոցներին կամ օգտվել արտաքին գովազդի հնարավորություններից:

Գայանե Ենգոյանը կարծում է, որ թերթի ինտերնետային տարբերակն ունենալն այս դարում անխուսափելի է զարգացման տեսանկյունից: Այդպիսով հնարավոր կլինի նաև գովազդատուների ներգրավել:

 

Գագիկ Աղբալյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?