Կարող եք Տոլստոյ լինել: Բայց դա արդեն բավարար չէ…

19.12.2016, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

2-3 տարի առաջ Washington Post-ի լրագրողներից մեկը մի ռեպորտաժի ժամանակ պատմում էր, որ իրենց խմբագրությունում լրագրողներին աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տալիս են թվային տեխնոլոգիաներին տիրապետող թեկնածուներին, քանի որ տոլստոյները շատ են, իսկ թվային տեխնոլոգիաների գիտակները՝ քիչ: Այդ արտահայտությունը շատ խոցեց ինձ, անգամ վիրավորական թվաց: Ինչպե՞ս թե՝ տոլստոյները շատ են:

Սակայն այսօր արդեն, երբ որևէ մասնագիտական կայքում հանդիպում է աշխատանքի առաջարկ,ինչպես, օրինակ, սա, պարզվում է, որ առանց լրացուցիչ հմտությունների, առանց համակարգչային անհրաժեշտ գիտելիքների, առանց առնվազն երկու օտար լեզվի իմացության՝ բարձր վարձատրվող աշխատանք գտնելն անհնար է:

Հայաստանյան աշխատաշուկայում ևս լրագրողի թափուր տեղի համար հայտարարություններում նախապատվությունը հաճախ տրվում է ոչ այնքան մասնագիտական կրթությանը, որքան առցանց գործիքներից օգտվելու կարողությանը: Ահա ևս մի հայտարարության նմուշ, երբ առաջնահերթությունը չի տրվում լրագրողի մասնագիտական կրթությանը՝ նախապատվությունը տալով հայերենի գրագետ իմացությանը, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությանը, համակարգչային հմտություններին, PhotoShop-ի կամ նման մի ծրագրի տիրապետմանը:

Եվ սա խմբագիրների, գործատուների քմահաճույքը չէ: Մեդիա միջավայրը սրընթաց փոխվում է, հետևաբար լրագրության «դասական» կրթությունն այլևս բավարար չէ: 2000-ականների սկզբին լրագրողների տեխնիկական զինվածությունը չափազանց համեստ էր՝ թուղթ, գրիչ և, լավագույն դեպքում, ձայնագրիչ: Համակարգչով աշխատել քիչ լրագրողներն էին կարողանում:

Հոդվածը հանձնում էինք թղթին: Կար մուտքագրողի հատուկ հաստիք: Լրագրողի հիմնական աշխատանքը լուրը հայթայթելն էր, այն գրագետ ձևակերպելն ու  հրապարակելը: Գործիքների այս համեստ կազմով այսօր լրագրողն արդեն մրցունակ չէ:

Լրագրողից ակնկալվող պահանջներն այսօր խմբագրություններում այլ են: Ընդ որում, լրագրողների համար միայն հումանիտար կրթությունն արդեն բավարար չէ:

Հումանիտար և տեխնիկական կրթությունների միջև սահմանն, առհասարակ, սկսում է ջնջվել. աշխատանքին զուգընթաց՝ անգամ «ամենադասական» բանասերը ստիպված է վերանայել ու լրացնել գիտելիքները: Մասնավորապես, գլուխ հանել ժամանակակից տեխնոլոգիաներից, իր հոդվածն ամբողջացնել հղումներով, տեղադրել կայքում, օգտվել ֆոտո և տեսախցիկներից, ըստ անհրաժեշտության՝ լուսանկարները մշակել, տեսագրությունները մոնտաժել:

Խմբագրությունների համար ունիվերսալ լրագրողը լրացուցիչ ծախսերից ազատվելու, այլ հաստիքների վրա տնտեսելու հնարավորություն է: Խմբագրությունն, օրինակ, կազատվի լուսանկարչի, խմբագրի ու անգամ սրբագրիչի հաստիքներից, եթե լրագրողը, որը բացի տեղեկատվություն հայթայթելուց՝ կլրացնի այն համապատասխան ֆոտոշարքով կամ տեսաշարով, խոսքը շարադրի գրագետ ու առանց ուղղագրական, կետադրական սխալների:

Ինչ խոսք, լրատվամիջոցի արտադրանքն անհամեմատ որակյալ կլինի, եթե աշխատանքը բաժանվի նեղ գործառույթների՝ լրագրողը բացառապես գրի, լինի խմբագրի հաստիք, ինչպես, օրինակ, այսօր «Հայկական ժամանակ» թերթում ինքս անհամեմատ վստահ եմ հոդվածիս համար, քանի որ գիտեմ՝ այն նաև լրացուցիչ մի աչք ևս պետք է նայի:  

Եվս մի նկատառում. գործատուները լրագրողից ակնկալվող մասնագիտական հմտություններից զատ՝ հայտարարության մեջ սկսել են նշել նաև մարդկային որակները՝ նոր միջավայրին արագ ինտեգրվելու, թիմային աշխատանք կատարելու, տեղեկատվական մեծ հոսքում արագ կողմնորոշվելու, բարեկիրթ լինելու պահանջները: Այս հատկանիշները հատուկ շեշտելը հաճախ անհրաժեշտություն է՝ խուսափելու համար գռեհիկ, դյուրագրգիռ ու խմբագրության համար պարբերաբար խնդիրներ ստեղծող լրագրողներից:

Ինչպես այնքան էլ հետաքրքիր ու պահանջված չեն հին սերնդի,  «համեստ» հնարավորություններով հեռախոսները, այնպես էլ գործատուներին հետաքրքիր չեն սահմանափակ, միայն տոլստոյական մոդելով գրող ու դրանով իրենց աշխատանքը սահմանափակող լրագրողները: Լրագրողները այլևս ստիպված են լինել բազմաֆունկցիոնալ, ունիվերսալ:

Հետևաբար՝ աշխատաշուկայում մրցակցել կարողանալու համար լրագրողն ունի միայն մեկ ճանապարհ՝ ինքնակրթություն:  

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?