«Առավոտ» օնլայն. օրաթերթի կայքը նոր ձեւաչափով

14.11.2011, Նյուսրում

«Առավոտ» օրաթերթը նոր օնլայն տարբերակ ունի: Օրաթերթի ինտերնետային կայքն այժմ նոր ռեժիմով է աշխատում՝ հաղորդում է օրվա իրադարձությունները եւ տեղադրում է տեսանյութեր: «Առավոտի» օնլայն տարբերակում կարելի է կարդալ նաեւ տպագիր տարբերակի օրվա համարը:

Օնլայնի փոփոխություններն անդրադարձել են նաեւ տպագիր «Առավոտի» էջաքանակի եւ բովանդակության վրա. նախկին 16-ի փոխարեն 8 էջերում այսուհետ կլինեն միայն հարցազրույցներ, վերլուծություններ եւ բացառիկ նյութեր:

Օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով՝ կայքի թարմացումը պետք է առնվազն երկու տարի առաջ տեղի ունենար, սակայն ժամանակ էր հարկավոր օնլայն մեդիայի փիլիսոփայությունն ուսումնասիրելու համար:

«Սա ոչ թե զուտ տեխնիկական փոփոխություն է, այլ փոփոխություն՝ կապված թերթի բովանդակության հետ»,- ասում է «Առավոտի» խմբագիրը:

Օրաթերթի օնլայն տարբերակը նպատակ չի դրել մրցակցել լրատվական կայքերի հետ. այն տեղեկատվությունը հաղորդելու է ոչ այնքան օպերատիվ, որքան ճշգրիտ:

«Մտքովս անգամ չի անցնի մրցակցել նրանց հետ, նախ՝ որովհետեւ ընկած լուրը առաջինը հաղորդելու հետեւից, նրանք որակական կողմին քիչ են ուշադրություն դարձնում»,- ասում է օնլայն «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը:

Նա հուսով է, որ օրաթերթը մյուսներից կկարողանա տարբերվել որակական կողմով:

«Գուցե լուրերն ավելի քիչ լինեն, գուցե ավելի դանդաղ հաղորդվեն, բայց եթե մեր կայքում մեջբերում լինի, այն լինելու է ճշգրիտ»,-ասում է Աննա Իսրայելյանը:

Առավոտի նոր տարբերակն ունի նաեւ հեղինակային 10 բլոգ, որոնք վարելու են օրաթերթի տարբեր խորագրերի լրագրողներն ու խմբագիրները:

Աննա Իսրայելյանը գտնում է, որ բլոգերը հնարավորություն կտան ընթերցողին ավելի անմիջական երկխոսության մեջ մտնել լրագրողի հետ, տեղեկանալ, թե ինչպես է ստեղծվել տվյալ հրապարակումը:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ տպագիր մամուլն այլեւս աճի տեղ չունի, եւ օնլայն տարբերակն անխուսափելի փոփոխություն է տպագիր մեդիայի համար:

«Ցանց տեղափոխվելը թերթերին տալիս է դեպի նոր սերունդ գալու եւ նոր ընթերցողներ ստանալու հնարավորություն, որոնք հակառակ դեպքում չէին էլ մոտենա թերթին»,- ասում նա:

Մեդիա փորձագետը կարեւոր է համարում, որ օնլայն «Առավոտի» հրապարակումներն անդեմ չեն, ինչպես լրատվական շատ կայքերի նյութերը:

«Շատ կարեւոր է, որ նյութերը ստորագրվում են լրագրողների կողմից: Սա ընդհանրապես դրական քայլ է հայկական լրագրության մեջ»,- ասում է նա:

Սամվել Մարտիրոսյանը դրական է գնահատում նաեւ օնլայն Առավոտի տեսանյութերի բաժինը:

«Եվս մեկ ավանդական թերթ բառացիորեն նոր տիպի ԶԼՄ դարձավ, ուր միավորված են ցանցային զանազան տեխնոլոգիաները: Կարելի է ասել՝ Հայաստանում եւս մեկ հեռուստաալիք ծնվեց »,-ասում է նա:

Մեդիա փորձագետը թեեւ համոզված է, որ «Առավոտը» հայկական օնլայն մեդիաների շարքում կմնա լավագույններից մեկը, գտնում է, որ օրաթերը պետք է աշխատի ավելի հասանելի լինել ցանցային համայնքների համար, քանի որ նրա ներուժն ավելի մեծ է, քան ներկայիս դիրքը օնլայն մեդիա դաշտում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?