Ինտերնետը Հայաստանում՝ մասնակի ազատ

14.11.2017, Նյուսրում

Լրագրող

Ինտերնետի ազատության ցուցիչը Հայաստանում նահանջել է 2 կետով: Դա բավարար է եղել, որպեսզի Հայաստանը Freedom House  կազմակերպության Freedom on the Net 2017թ. զեկույցի համաձայն ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկից տեղափոխվի մասնակի ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկ:

100 բալանոց սանդղակում Հայաստանն ունի 32 միավոր (0-ն լավագույն ցուցանիշն է, 100-ը՝ վատագույն): 2016թ.-ին Հայաստանի ցուցանիշը 30 էր:

Ըստ զեկույցի` 2016թ. հունիսի 1-ից 2017թ. մայիսի 31-ը տեղի ունեցած հիմնական զարգացումներն են.

  • Ֆեյսբուքը գրեթե մեկ ժամ անհասանելի է եղել որոշ օգտատերերի համար` Երևանում 2016թ-ի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ:
  • Նույն դեպքերի ժամանակ  թիրախավորել են լրագրողների գործունեությունը,  և բռնի ուժով խոչընդոտվել են ինտերնետում ուղիղ հեռարձակումները:
  • Ավտոմատացված հաշիվները (բոթեր) 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ  ապատեղեկատվություն են տարածել:

Freedom House-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանում կառավարությունը միշտ չէ, որ արգելափակում և ֆիլտրում է ինտերնետը, սակայն Ֆեյսբուքը 2016թ-ի ՊՊԾ գնդում կատարվող իրադարձությունների ժամանակ կարճատև արգելափակվել է:

Ըստ զեկույցի, ապրիլյան պատերազմից հետո քչացել են ճնշումները հակամարտությանն անդրադարձող  լրատվամիջոցների և լրագրողների վրա:

Ընդհանուր առմամբ, համացանցը համեմատաբար ազատ է, ակտիվիստները հաճախ են օգտագործում սոցիալական մեդիան առաջ տանելու իրենց պահանջները: Ընդդիմադիր և անկախ առցանց մեդիան ծաղկում է:

Ինտերնետ հասանելիություն

Հայաստանում ինտերնետը շարունակում է դառնալ մատչելի: Պրովայդերների շուկան բավականին բազմազան է, կան ինչպես արտասահմանյան, այնպես էլ՝ տեղական մատակարարներ: Նրանք մրցում են մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում, բայց ոչ գյուղական համայնքներում:  Որոշ համայնքներ ունեն մեկ կամ երկու պրովայդեր, որոնց  միջև մրցակցություն չկա:

Հայաստանում լավագույն ինտերնետ ծածկույթը Երևանում է, ինտերնետ կա բոլոր առևտրի կենտրոններում, սրճարաններում, համալսարաններում և շատ դպրոցներում: Wi-Fi կա քաղաքի կենտրոնական հատվածներում, այգիներում, մետրոյում, որոշ հանրային ավտոբուսներում, տաքսիներում:

Բովանդակության սահմանափակում

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ շատ քաղաքացիներ խնդիր են ունեցել հիմնական պրովայդերներից ( Armentel և Ucom) Ֆեյսբուք մուտք գործելու հետ կապված: Այս սահմափակումը տևել է մոտ 40 րոպե: Ֆեյսբուքը հաստատել է, որ Հայաստանում ծառայությունը խափանվել է:

Բովանդակության հեռացում

Բովանդակության հեռացման քիչ դեպքեր են գրանցվել: Սակայն 2015թ-ի մայիսին Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններին ծաղրանքով ներկայացնող SOS TV-ի հաղորդման մի դրվագը հեռացվել է Յություբից: Ըստ Ոստիկանության դատարան ներկայացրած հայցի, այն արատավորում է կառույցի պատիվն ու արժանապատվությունը:

Մեդիա, բազմազանություն և բովանդակության մանիպուլյացիա

2017թ-ի  ընտրությունների նախաշեմին դիտորդները նկատել են, որ փորձում են մանիպուլյացիայի համար օգտագործել առցանց տեղեկատվական հարթակները: Մարտ ամսին Թվիթերում սկսեց շրջանառվել կեղծ էլեկտրոնային նամակ, իբր ցույց տալու, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է միջամտել ընտրություններին տեղական ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Ճիշտ է բովանդակությունը հեռացվեց, սակայն որոշ, հիմնականում կեղծ օգտատերերը շարունակում էին տարածել այն: Այդ բոթերը տարածում էին նույնատիպ ռուսերեն բովանդակություն, որպեսզի հայաստանյան լսարանի համար հասկանալի լինի: Նպատակն էր ընտրություններից առաջ ապակայունացնել հանրային վստահությունը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?