2020.01.17,

Քննադատ

Բիզնեսին օգնող թեմաներ, որոնք դեռ լուսանցքում են

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Տնտեսության և բիզնեսի մասին պատմող նյութեր հայկական լրատվամիջոցներում շատ չեն: Հիմնականում այս կամ այն ընկերության մասին կոմերցիոն նյութեր են, երբեմն էլ նեղ մասնագիտական վերլուծություններ, որոնք մեծ ուշադրության չեն արժանանում:

Ավելին, լրագրության այդ ճյուղը կարող է ֆինանսապես անկախ լինել թե՛ քաղաքական ուժերից, թե՛ տարբեր հովանավորներից, որովհետև գործարար համայնքը բովանդակության համար վճարելու խնդիր չունի և կարող է բաժանորդագրման մոդելով պատվիրատու դառնալ:

Տնտեսական և բիզնես լրագրությունը Հայաստանում չի արժևորվում տարբեր պատճառներով: Օրինակ, հայկական շուկայում երկու անգամ փորձ է արվել տեղայնացնել Forbes ամսագիրը, երկու անգամ էլ չի ընդունվել և բիզնես տեսանկյունից չի արդարացվել:

Գործարարները Forbes-ի օրինակով բացատրում են, որ իրենց մոտիվացնող պատմություններ կամ արտասահմանյան բիզնես նորությունները հետաքրքիր չեն, ավելի ճիշտ կիրառական չեն: Նման բովանդակությունն, ըստ նրանց, կարող է գրավել բիզնես գաղափարներ ունեցող որևէ երիտասարդի, ով դեռ չի համարձակվում կյանքի կոչել դրանք և հնարավոր ներդրողների մասին է մտածում։

Թեև տնտեսությունն առանց քաղաքականության պատկերացնելը անհնար է, սակայն բաժանորդագրության միջոցով տնտեսության մասին պատմող լրատվամիջոց ունենալը միֆ չէ:

Պարզ տնտեսագիտական մոդել է՝ կա պահաջարկ, պետք է առաջարկել: Այդ բացը տարիների ընթացքում տարբեր գործարարներ տարբեր կերպ են լրացրել, ոմանք առանձին վերլուծաբան են ունեցել, ոմանք իրենք են պեղել, համադրել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը և այլն:

Սկսնակ բիզնեսն էլ հաճախ է ձախողվել նաև շուկայի մասին ոչ լիարժեք կամ ֆրագմենտացված տեղեկատվության պատճառով: Իհարկե բիզնեսը պետք է իր համար առանձին շուկայի վերլուծություն անի: Բայց միշտ չէ, որ դրա համար գումար և լավ մասնագետներ ունի: Լրատվամիջոցը կարող է օգտակար լինել այստեղ և բալանսավորված տեղեկատվություն ստեղծել:

Բիզնեսն իրականում խիստ պահանջներ չունի լրագրության նկատմամբ: Գործարարների հետ մասնավոր զրույցներից ինձ համար պարզ է դարձել, որ կարիք ունեն տեղեկատվությունը ստանալ մեկ հարթակից, ամբողջական և կարևորն՝ անաչառ:

Իսկ այժմ կետերով այդ պահանջներից հիմնականների մասին:

Հարկեր

Բիզնեսի համար ամենանուրբն ու զգայունը հարկերի թեման է: Հարկային օրենսգիրքը հաճախ է փոփոխությունների ենթարկվում և թեման լրատվամիջոցներում հիմնականում քաղաքականացվում է: Եվ բիզնեսի համար տեղեկատվությունն անօգտակար դառնում: 

Հարկերի թեման գործարարին հետաքրքրում է նախ նորության տեսքով՝ ինչպես և ինչու է օրենքը փոխվում, հետո վերլուծության՝ ինչ խնդիրներ կարող է ունենալ բիզնեսը, ինչպես կարող է այն ազդել գների և հետագա որոշումների վրա: 

Եվ մի երրորդ տարբերակ էլ կա՝ խիստ հայրենասիրական, եթե հարկերը բարձրացնում են, ապա դրանից ինչ է շահում պետությունը և հետագայում ինչպես է օգուտ տալիս իր բիզնեսին: Օրինակ, ճանապարհ է կառուցվում, արդյունքում իր բեռն ավելի հեշտ է տեղափոխվում և այլն:

Փոխարժեք

Դրամ-դոլար-ռուբլի-եվրո փոխարժեքը ևս ուշադրության արժանի թեմա է: Ամենափոքր տատանումը, անգամ կայունությունը որոշակի ֆինանսական արժեք է բիզնեսում: Գործարարն ուզում է իմանալ տատանումների պատճառը, ազդեցությունը տնտեսության վրա, կայունացման հնարավորությունը, գնաճի վրա ազդեցությունը և այլն:

Այս հարցում մեդիայի դերը չափազանց կարևոր է: 2014թ-ի դրամի արժեզրկման ժամանակ մեդիայի միջոցով ուղղորդված խուճապային տեղեկություններ տարածվեց: 

Արդեն տարիներ անց, բազմաթիվ գործարարներ խոստովանում են, որ ինֆորմացիայի այդ ֆոնին իրենք ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել՝ անցնելով պասիվ մարտավարության և հետաձգելով բազմաթիվ պայմանագրեր:

Վարկեր

Ամենահաջողած բիզնեսն անգամ որևէ փուլում վարկավորման կարիք ունի: Լրատվամիջոցը կարող է օգնի բիզնեսին կողմնորոշվել կան արդյո՞ք էժան գումարի աղբյուրներ՝ պետական կամ մասնավոր ֆոնդեր, ներդրումային հիմնադրամներ և այլն:

Օգտակար է վերլուծել և բացատրել այդ աղբյուրներից սնվելու օգուտներն ու վնասները: Խոսել բանկային և վարկային կազմակերպությունների առաջարկների մասին համեմատական վերլուծություն անել: Պարզաբանել երկարաժամկետ կամ կարճաժամկետ բիզնես ռազմավարության դեպքում տարբերակների շահավետությունը: 

Նորարարություն

Բիզնեսը հեշտացնելու կամ ծախսը կրճատելու համար գործարարները իրենց ոլորտի նորարարություններին մշտապես տեղյակ լինելու կարիք ունեն: Դրա համար հիմնականում քիչ ռեսուրս են ծախսում, որպեսզի գնան գործուղումների, հետևեն տարբեր լեզուներով ամսագրերի և սոցիալական ցանցերի հեղինակություններին:

Վերցնենք գյուղատնտեսության ոլորտը, որը մեր տնտեսության մեջ ամենադանդաղ զարգացող ճյուղն է: Ցածր բերքատվության պատճառներից մեկը հողը մշակելու սովետական մեթոդն է: Հայալեզու հոդվածները կարող են օգտակար լինել գյուղատնտեսների և արտադրողների համար, որոնք ուզում են արդյունավետ աշխատել, որակյալ բերք և արտադրանք ստանալ:

Գաղափարներ

Բիզնես լրագրությունը կարող է գաղափարներ գեներացնել, հուշել լավ ոլորտներ, նպաստավոր պայմաններ՝ գործ սկսելու և եղածը զարգացնելու համար:

Տնտեսագետները, պետական պաշտոնյաները և տնտեսությունից հասկացողները պետք է ժլատ չլինեն մտքեր ու գաղափարներ արտահայտելու, վերլուծելու և բիզնեսին օգնելու համար: Շատ դեպքերում նրանք հաղորդակցման վստահելի խողովակի կարիք ունեն` ասածը հասկանալի, առանց քաղաքականացման, ընդհանուր կոնտեքստի մեջ լսարանին հասցնելու համար:

Թրենդեր

Տարածաշրջանային և համաշխարհային թրենդեր, ճգնաժամեր, արժեթղթերի շուկա, բորսային գներ և այլն: Այս թեմաներն առաջնային են տնտեսական հարթակի ընթերցողների համար: Առաջին հայացքից թվում է՝ դրանք մեր տնտեսության կողքով են անցնում, սակայն իրականում չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա, օրինակ նավթի և ոսկու գները կամ Լիդիան Ինթերնեշնլի բաժնետոմսերի գների անկումը և այլն։

Մշտապես պատմելով բաժնետոմսերի շուկայի մասին՝ լրատվամիջոցը կարող է ի վերջո հայկական բիզնեսին համոզել, որ թռիչքային զարգացման համար պետք է ամբողջապես թափանցիկանալ, այլ ներդրողների համար բացել բիզեսը և հայտարարել բաց բաժնետիրական ընկերություն դառնալու մասին:

Եղանակ և տրամադրություն

Բիզնեսին ամենահետաքրքիր թեմաներից մեկը կարող է լինել եղանակի կանխատեսումը: Պետք չէ զարմանալ, մեկը ներկրում է, մյուսն արտահանում և ուզում են տեղյակ լինել՝ բաց է լինելու արդյո՞ք Վերին Լարսի ճանապարհը,Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառը կամ արդյո՞ք հանրապետության ճանապարհներին մերկասառույցի և մառախուղի հավանականություն կա: Ամեն կորցրած ժամը բիզեսում գումար արժե:

Մարդկանց նախասիրություններն ու կոնկրետ պահին տրամադրությունները ևս կարող են ազդել գործարար համայնքի որոշումների վրա: Ընկերությունները դա համարում են առաջնահերթ և հետազոտում մարդկանց վարքն առօրյայում և ցանցերում ու գոհ կլինեն, եթե տեղեկատվության հավելյալ աղբյուր լինի:

Այս ոլորտում թեմաների սղություն դժվար է պատկերացնել: Տնտեսության հստակությունը միգուցե վախեցնող է սավառնող, ալիքից ալիք թռչող լրագրողների համար:

Եվ քանի որ գործն աշխատարար է՝ վերլուծել, վիզուալիզացնել, հետաքննել, համադրել և այլն, լրագրողները դեռևս խուսափում են լրագրության այս ճյուղից:

Գայանե Ասրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *