«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը Հայաստանում կարեւոր «նյուզմեյքեր»-ներից է դարձել

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Լրագրության ոսկե կանոններից մեկն է՝ նորությունը պետք է երեք աղբյուր հաստատի: Եթե, իհարկե, խմբագրությունը, որտեղ արտադրում են հոդվածը կամ հեռուստեսային ռեպորտաժը, հասարակության համար վստահելի լինելու հավակնություն ունի:

«Դեղին» կոչվող մամուլի դեպքում կիրառվող հնարքներից մեկն էլ այն է, որ հոդված գրելու համար վստահելի աղբյուր ընդհանրապես անհրաժեշտ չէ: Բամբասանքը բավական է, իսկ որոշ դեպքերում էլ կարելի է ուղղակի հորինել նորությունը:

Կարելի է հասկանալ, երբ տեղական «դեղին» լրատվամիջոցներում ամերիկյան կամ ռուսական «դեղին» մամուլից հոդվածներ են հայտնվում ջենիֆերլոպեսների կամ մայլիսայրուսների մասին: Բայց այնքան էլ հասկանալի չէ, երբ ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հրապարակումները հայտնվում են Հայաստանում ծանրակշիռ մեդիայի հավակնություն ունեցող խմբագրությունների ուշադրության կենտրոնում:

Քննարկենք երկու դեպք:

Մալայզիական ավիաուղիների օդանավը գտել են Քանդահարում
Ապրիլի 6-ը կիրակի էր: Այդ օրը երեկոյան երկու տարբեր մարդիկ ինձ ոգեւորված պատմեցին, որ մալայզիական ավիաուղիների Բոինգը գտել են Աֆղանստանում, ուղեւորներն էլ ողջ են: Հեռուստացույցով էին տեսել, լսել:

Միացնում եմ հեռուստացույցը ու թերթում եմ «CNN»-ի, «BBC»-ի, «EuroNews»-ի օրվա եթերը: Ոչ մի նման լուր: Զանգահարում եմ լուրը պատմողներին: Ասում են, որ «Արմնյուզ»-ով են տեսել գտնված Բոինգի սյուժեն: Դիտում եմ «Արմնյուզ»-ի՝ օրվա ընթացքում հեռարձակած նորությունների թողարկումներն ու գտնում եմ սենսացիոն սյուժեն:

Եթերում հայտնված սյուժեի աղբյուրը, ըստ երեւույթին, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի մարտի 31-ի հոդվածն է: Նաեւ «Piter TV»-ի սյուժեն:

«Նոր մանրամասներ ու նոր բացահայտումներ մալայզիական ավիաուղիներին պատկանող Բոինգի անհետացման գործում: 227 ուղեւորով եւ անձնակազմի 12 անդամով անհետացած Boeing-777-ն այժմ գտնվում է Աֆղանստանի Քանդահար քաղաքից հարավ-արեւելք»,- հաղորդում է «Արմնյուզ»-ը:

«Կոմսոմոլեց»-ի ու «Piter TV»-ի մասին Արմնյուզի սյուժեի սկզբում նշվում է, բայց պարտադիր չէ, որ հեռուստացույցը որպես ֆոն միացրած մարդն այդ ինֆորմացիան ընկալի: Ընդ որում՝ վազող տողում միանշանակ գրված է. «Անհետացած Boeing-ի ուղեւորները ողջ են, բաժանված են 7 խմբի եւ ապրում են հյուղակներում»:

Ու ոչինչ, որ «Արմյուզ»-ը սյուժեում Բոինգի որոնողական աշխատանքների այլ մանրամասների մասին էլ է պատմում: Միայն ես առնվազն երեք ընտանիք գիտեմ, որ միանշանակ էր ընդունել «Lost» հեռուստատեսային սերիալի սյուժեին նմանվող լուրը:

Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթ «ալթըն»-ը
Նախ՝ «Հայկական ժամանակ»-ը գրեց, որ «2015 թվականի հունվարին ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, որոնց թվում, ամենայն հավանականությամբ, կարող է լինել նաեւ Հայաստանը, ունենալու են միասնական արժույթ՝ ալթըն»: 

Նորության վերնագիրը հարցականով էր, ու դրա աղբյուրը «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ն էր:

«Ալթըն»-ը լրջորեն ու երկար քննարկվեց Facebook-ում:

Հաջորդ օրն արդեն «Ազատություն» ռադիոկայանն էր «ալթըն»-ի մասին սյուժե պատրաստել:

Այս դեպքում «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի լուրն ինֆորմացիոն առիթ էր Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթի մասին հայաստանյան փորձագետի կարծիքը ներկայացնելու համար:

Նկարագրածս երկու դեպքերում էլ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հոդվածների աղբյուրներն անանուն են: Մալայզիական ինքնաթիռի դեպքում «Կոմսոմոլեց»-ը հղում է անում հատուկ ծառայությունների՝ անհայտ մնալ ցանկացող իր աղբյուրին: «Ալթըն»-ի մասին հոդվածն էլ ուղղակի կառուցված է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի մի անանուն աղբյուրի հիման վրա: Այս ռուսական լրատվամիջոցում անանուն աղբյուրներին հղումների պակաս չկա:

Աֆղանստանում մալայզիական ավիաուղիների կորած ինքնաթիռի հայտնվելու լուրի անհեթեթ լինելու մասին, երեւի, չխոսենք:

«Ալթըն»-ի մասին մինիմալ որոնումից կարելի է պարզել, որ այդ մասին «Կոմսոմոլեց»-ից բացի գրեթե գրող չկա: Ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներն «ալթըն»-ի անունը չի տալիս:

Դժվա՞ր է այս երկու նորությունը Հայաստանի մեդիայի արտադրանք դարձնելուց առաջ կատարել հոդվածի սկզբում նշածս կանոնը՝ ստուգել աղբյուրները: Չեմ կարծում:

Ես հատուկ եմ ներկայացրել վստահելի ու հեղինակավոր համարվող լրատվամիջոցների դեպքերը: Որովհետեւ եթե նրանք են ռուսական «դեղին» մամուլ տարածում կամ այդ մամուլի վրա հիմնվում, ի՞նչ պահանջենք մյուսներից:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *