Մեդիան թեժ պահեց «Մոնսանտո»-ի թեման

13.11.2017, Նյուսրում

Լրագրող

«Մոնսանտո» (Monsanto) ընկերությունն աշխարհում վատ համբավ ունի: Ընկերությունն արտադրում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով հարստացված սերմեր ու պարարտանյութեր, մասնագիտացած է գյուղատնտեսության ոլորտում:

Ամերիկյան հսկային մեղադրում են Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը վնասելու համար: «Մոնսանտո»-ն ֆինանսական մեծ ռեսուրսներ է ծախսում լոբբիստական աշխատանքների համար: Չնայած միջազգային մամուլի հրապարակումներին ու բացահայտումներին, ընկերությունը մեծացնում է իրացման աշխարհագրությունը՝ հիմնականում օգտվելով երկրների օրենսդրական դաշտից:

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հստակ ագրարային քաղաքականություն չկա, օրենքով  արգելված չէ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լրացված գյուղատնտեսական նյութերի օգտագործումը:

Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած գործարար համաժողովի ժամանակ «Մոնսանտո» ընկերությունը ներկայացրել է իր նոր սերմերն ու տեխնոլոգիական հնարավորությունները: Միջոցառումը կմնար շարքային, ու աղմուկ չէր բարձրանա, եթե չլիներ աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան գրառումը: Երաժիշտը կոչ էր անում Հայաստանին հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո»-ի արտադրանքից:

Այս գրառումը լրագրողների համար «Մոնսանտո»-ով հետաքրքրվելու առիթ դարձավ: Մինչ այդ լրատվամիջոցների ուշադրությունից վրիպել էր, օրինակ, որ նույն գործարար համաժողովի ժամանակ հայտարարվել է այն մասին, որ «Մոնսանտո»-ն 20 տարի է ներկայացված է Հայաստանում, սերմեր է իրացնում ու գյուղացիներին խորհրդատվություն տրամադրում:

Թեման սկսեց տարածվել Թանկյանի կոչից և մի քանի օր անց արդեն ընդգրկեց պաշտոնական մեկնաբանություններ, փորձագիտական կարծիքներ: Լրագրողները  փորձում են ստանալ հանրությանը հուզող ամենապարզ հարցի պատասխանը: Արդյո՞ք նախկինում Հայաստանում վաճառվել է  ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ) պարունակող արտադրանք, և եթե այո, ինչ հետևանքներ է այն թողել մեր առողջության վրա:

Լրատվամիջոցները  ներկայացնում էին ոլորտի մասնագետներին, հասկանալու  ինչպես կարող է ընկերությունը վտանգել Հայաստանի գյուղատնտեսությունը: Այնուհետև հարցեր ուղղեցին պաշտոնյաներին՝ Գյուղատնտեսության նախարարին և Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետին:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նախարարությունը չի համագործակցում ընկերության հետ: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն էլ լրագրողներին հավաստիացրեց, որ ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը:

Մեդիայում նույնիսկ փորձ եղավ խնդիրը տանել այլ ուղղությամբ, իբր ընկերությունը Հայաստանի միջոցով ցանկանում է մուտք գործել ռուսական և ԵԱՏՄ շուկաներ:

Լրատվամիջոցները հետևողական լուսաբանում են «ԳՄՕ-ից զերծ Հայաստան» և «Արշավ Մոնսանտոյի դեմ – Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունների պահանջների ընթացքը: Փորձում են վեր հանել միջնորդավորված ընկերություններին և կազմակերպություններին, հասկանալ ընկերության ինչ ապրանքներ են ներմուծվել Հայաստան:

Թեման դեռ համընդհանուր ուշադրության կենտրոնում կմնա, քանի որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը սկսել է ուսումնասիրել դաշտն ու շրջանառության գործընթացը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?