Սխալներ, որոնք աշխատում եմ չանել

26.04.2017, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Հարցազրույց վարող մեր գործընկերների մասնագիտական սայթաքումները լրագրողներս արագ ենք նկատում: Նախ` անհասկանալի է զրուցակցի հետ «դու»-ով խոսելու սովորությունը: Նկատել եմ նաև այսպիսի միտում` լրագրողն իր հաղորդմանը հրավիրված հյուրին կարող է դիմել «ջան»-ով:

Իհարկե, փնթի, տնավարի զրույցը, հարցերի իմիջիայլոց ձևակերպումը, հարցազրույցին լրագրողի անպատրաստ լինելը ևս նյարդայնացնող են: Բայց, դե, գործընկերների վրա առաջինը թող քար նետի այն լրագրողը, ով սխալներ չունի կամ թույլ չի տվել:

Երբ նոր էի աշխատում «Առավոտ» օրաթերթում, հարցազրույց էի արել երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ: Նրա ակումբային համերգներից մի քանիսին ներկա էի եղել, ընդհանուր ընկերների միջոցով նույն սեղանի շուրջ շփվել էինք մի քանի անգամ: Եվ, չգիտես ինչու, այդ փաստն ինձ առիթ էր տվել հարցազրույցը «դու»-ով անցկացնելու: Այդպես նաև հատուկ ընդգծում էի, թե իբր այնքան մտերիմ ենք, որ կարող եմ ինձ թույլ տալ նրա հետ «դու»-ով խոսել:

Հայրս, որն իմ բոլոր հոդվածները կարդում էր, այս անգամ հարցազրույցը ցուցադրաբար չընթերցեց. «Ինչու՞ ես այդ մարդու հետ «դու»-ով խոսում»: Հիմնավորեցի, որ այսպես ու այսպես, ծանոթներ ենք: «Ընթերցողի ի՞նչ գործն է՝ դուք ծանոթ եք, թե անծանոթ: Զրուցակցիդ հետ «դու»-ով խոսելը նշանակում է չհարգել ընթերցողին ու քո մասնագիտությունը»,- ասաց հայրս:
Շատ ամաչեցի: Այլևս երբեք նման բան չեմ արել:

Զրուցակցիս՝ անկախ մտերմության աստիճանից, տարիքային տարբերությունից, դիմում եմ բացառապես «Դուք»-ով:

1999 թ-ի փետրվարի 9-ին, պաշտոնական վարկածով` ինքնասպան եղավ ՆԳ և ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Նա խոցվել էր մահացու երկու կրակոցից, հետևաբար ավելի հավանական վարկածը՝ սպանություն, անմիջապես շրջանառության մեջ մտավ: Մամուլում հոդվածներ հայտնվեցին, որոնք այս սպանության հետ կապեցին Վանո Սիրադեղյանի անունը:

Փետրվարի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրն էր: Հայաստանում Իրանի դեսպանատանը հավաքվել էր քաղաքական վերնախավը՝ նախագահ Քոչարյանի գլխավորությամբ: Անմիջապես մոտեցա և նրա կարծիքը հարցրի Արծրուն Մարգարյանի սպանության վարկածների մասին: Ռոբերտ Քոչարյանը մի փոքր դադար տվեց, մտածեց և արդեն ցանկանում էր պատասխանել, երբ ես զրույցը ցանկալի հուն տեղափոխելու նպատակով անմիջապես տվեցի պարզաբանող, հուշող հարցը՝ չսպասելով պատասխանին. «Եվ ինչու՞ է, ըստ Ձեզ, շրջանառության մեջ դրվել Վանո Սիրադեղյանի անունը»: Այս հարցը հնարավորություն տվեց Քոչարյանին ասելու, որ որևէ անվան շուրջ որևէ տեսակետ չի կարող հայտնել, և որ նախաքննությունը կպարզի հանգամանքները:

Ավելի ուշ ինքս ինձ համար ճշտեցի՝ զրուցակցին հարց ուղղելուց հետո չվախենալ պաուզայից ու սպասել. այդ դեպքում պատասխանն անհամեմատ հետաքրքիր կլինի, քան պաուզան ընդհատելու և ուղղորդող, ճշգրտող հարց տալու դեպքում:

Նոր էի զբաղվում լրագրությամբ: Հոդված էի պատրաստում (հիմա անգամ չեմ հիշում՝ ինչ թեմայով), երբ ավագ ու փորձառու գործընկերս Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի մասին անձնական ու, ինչպես ավելի ուշ պարզվեց, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնեց՝ հավատացնելով, թե ինքը հավաստի աղբյուրից գիտի:

Լրագրողական էթիկան, մասնագիտական բարեխղճությունը մի կողմ դրած՝ հոդվածումս այդ մասին գրեցի: Հայրիկյանը չափազանց զայրացել էր: Այդ հոդվածից հետո լրագրողների հետ հանդիպումների ժամանակ նա բացահայտ հրաժարվում էր իմ հարցերին պատասխանելուց:

Տարիներ անց հասկացա, թե որքան անարդար եմ վարվել նրա հետ: Գործընկերոջիցս խնդրեցի ԱԻՄ նախագահի հեռախոսահամարը, զանգահարեցի և ներողություն խնդրեցի տարիներ առաջ գրածիս համար: Նա հիշում էր, բայց ներեց՝ ասելով, որ իր այգում ծիրանի առատ բերք կա, կարող եմ ընտանիքիս հետ իրեն հյուր գնալ:

Երբեք և ոչ մի պայմանով չնեղացնել, չվիրավորել մարդուն: Միայն փաստարկված քննադատություն՝ առանց անձնական վիրավորանքի, առանց քաղաքական կամ տնտեսական գործունեությանը չվերաբերող «դեղին» մանրամասների:

Բայց ընթերցողին չձանձրացնելը ևս լրագրողի համար հույժ կարևոր է: Հետևաբար այստեղ վերջակետ եմ դնում:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?