Ընդդեմ «Ասպարեզի» հայցը ենթակա է մերժման

06.09.2011, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի: Հայցը վերնագրված է՝  «Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եւ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին»: Արման Ավետիսյանը պահանջում է պարտավորեցնել Լեւոն Բարսեղյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արման Ավետիսյանից, www.asparez.am կայքում հրապարակել դատարանի վճիռը` նշումով «ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է ԺԱԱ խորհրդի նախագահ ԼԲարսեղյանին ներողություն խնդրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանից զրպարտության եւ վիրավորանքի համար» եւ հօգուտ Ա.Ավետիսյանի Լ.Բարսեղյանից բռնագանձել 2 մլն դրամ (500.000 դրամը` վիրավորանքի եւ 1.500.000 դրամը` զրպարտության համար), բացի այդ պահանջում է փոխհատուցել հայցվորի իրավունքների պաշտպանության համար արված ծախսը` 200.000 դրամ:

Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երեւան տեղափոխելու պատմության մանրամասները հայտնի են, ես դրանք չեմ ներկայցնի: Հայտնի է նաեւ գյումրեցիների պայքարը՝ որմնանկարները տեղում պահելու եւ վերականգնելու համար:

Ահա այս միջադեպերի ժամանակ Լեւոն Բարսեղյանը ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքում հրապարակել է «Կան բաներ, որ չեն ներվում», «Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Ընտանեկան կապալին էլ է՞ հարվածելու» հոդվածներն ու հայտարարությունները, որոնցում տեղ գտած մի քանի մտքերը հայցվորը համարում է վիրավորական եւ զրպարտչական: Սակայն այդ հրապարակումներից հետո Արման Ավետիսյանը պաշտոնական նամակով դիմել է Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբին՝ պահանջելով հերքել հրապարակումներում եղած տեղեկությունները: Ակումբն, ըստ էության, կատարել է այդ պահանջը՝ 2011 թվականի հունիսի 30-ին հրապարակելով Արման Ավետիսյանի պատասխանը: Ընդ որում, ինչպես նշված է  հրապարակման նախաբանում, ակումբի խորհրդի նախագահը, որը նաեւ կայքի գլխավոր խմբագիրն է, սպասել է Ավետիսյանի պատասխանի էլեկտրոնային տարբերակին, սակայն, չստանալով այն, սեփական ուժերով ներբեռնել է նամակն ամբողջությամբ եւ հրապարակել: Ի դեպ, ինչպես նշված է «Ասպարեզի» կայքում, Արման Ավետիսյանն ասել է, «թե հենց այդ նամակն էլ կուզենար հրապարակված տեսնել կայքում, որպես իր նշած պատասխան-հերքում»:

Ստացվում է, որ «Ասպարեզը», առաջնորդվելով եւ՛ լրագրողական էթիկայի հիմնարար սկզբունքներով, եւ՛ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, կատարել է Ավետիսյանի պահանջը՝ հրապարակելով նրա պատասխանը, սակայն վերջինս, չբավարարվելով դրանով, դիմել է դատարան:

Մեր կարծիքով դատարանը պիտի հայցն ընդհանրապես վարույթ չընդուներ, իսկ քանի որ արդեն ընդունել է, պետք է մերժի հայցը հենց առաջին՝ նախնական դատական նիստում: Եվ ահա թե ինչու:

Այո, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ («Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը») եւ 1087.1. («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները») հնարավորություն են տալիս դատական կարգով պաշտպանվելու, եթե մարդը համարում է, որ ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունները զրպարտչական կամ վիրավորական են (բազմիցս եմ ասել, որ այս վիրավորականը խիստ սուբյեկտիվ հասկացություն է, կարելի, օրինակ, մարդուն բարեւել, եւ նա վիրավորվի. եւ ի՞նչ՝ պետք դիմի դատարա՞ն): Ընդ որում, հիշյալ 1087.1 հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերը սահմանում են, թե անձը դատական կարգով ինչ միջոցներ կարող է պահանջել համապատասխանաբար վիրավորանքի եւ զրպարտության դեպքերում: Սակայն ամբողջ հարցն այն է, որ նույն հոդվածի 10-րդ կետն ասում է (մեջբերում եմ ամբողջությամբ).

«10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ  կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ (կամ) իր պատասխանի հրապարակում, եւ լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը»:

Տվյալ դեպքում, այս պահանջը կատարված է. Արման Ավետիսյանը դիմել է լրատվական գործունեություն իրականցնողին՝ «Ասպարեզ» ակումբին, որը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հրապարակել է նրա պատասխանն ամբողջությամբ:

Ահա այս հիմքով, կարծում եմ, դատարանը հենց առաջին նախնական նիստում՝ սեպտեմբերի 9-ին, պիտի մերժի հայցը:

 Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?