2018.06.27,

Քննադատ

Ի՞նչ է կատարվում առաջնագծում․ աշխատանք սխալների վրա

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արցախյան և նախիջևանյան ուղղություններում տիրում է բավականին անհասկանալի իրավիճակ։ Տարատեսակ տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե որքանով են լուրջ հակառակորդի տեղաշարժերը առաջնագծում, Արցախի սահմանի երկայնքով։

Մյուս կողմից, Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին անընդհատ հայտնում է լուրեր ինչ-որ առաջխաղացումների, հաջողությունների մասին։

Մի կողմ թողնենք այն պահը, թե որքանով է լուրջ ադրբեջանական ռազմական ուժի տեղաշարժը առաջնագծում, կամ որքանով են մտահոգիչ Նախիջևանի ուղղությամբ դիրքերի փոփոխությունները։

Դիտարկենք ընդհանուր տեղեկատվական ապահովումը, հանրության տեղեկատվական սպասարկումը, որը պետք է իրականացվի և իրականացվում է պետական համապատասխան կառույցների կողմից։

Տվյալ պահին պարզ է, որ հանրությունը համապատասխան տեղեկություն չի ստանում, որպեսզի համոզված լինի, որ հասկանում է, թե ինչ է կատարվում արևելյան և արևմտյան առաջնագծերում։

Սոցցանցերի քննարկումներից, վարչապետին ուղղված և ամենաշատ մեկնաբանություն ստացած հարցերի ցանկից երևում է, որ հանրությունը մտահոգված է, իսկ շատերը առնվազն չեն հասկանում, թե ինչ է կատարվում։

Մի կողմ թողնենք այն, թե իրականում ինչ է կատարվում առաջնագծում։ Այս պահին ավելի կարևոր է, թե ինչ դասեր է մեզ տալիս կատարվածը՝ տեղեկատվության ապահովման տեսանկյունից։

Այս պահին կարելի է արձանագրել մի քանի կետ․

ա) Ադրբեջանի քարոզչությունը կտրուկ ակտիվացել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Ապրիլի վերջին – մայիսի սկզբներին իրավիճակը կտրուկ տարբերվում էր։

Այդ ընթացքում Հայաստանը շատ նպաստավոր դիրքերում էր միջազգային մեդիայում, քանի որ հեղափոխական, ժողովրդավարական գործընթացները հիմնականում շատ դրական էին ներկայացվում միջազգային լրահոսում։

Դրան զուգահեռ Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ տեղեկատվական ֆոնը խիստ բացասական էր։

Մի կողմից, Իլհամ Ալիևը հերթական անգամ ընտրվել էր նախագահ։ Մյուս կողմից, սկսել էին հրապարակվել Ադրբեջանի իշխանութունների վերաբերյալ հերթական կոռուպցիոն սկանդալային հրապարակումները։ Սակայն, հիմա տեղեկատվական ֆոնը Բաքվի համար շատ ավելի մեղմ է։

բ) Հայաստանի իշխանությունները ընկղմվել են ներքին հակակոռուպցիոն բացահայտումների, ընդհանուր պետական գործընթացները հունի մեջ գցելու գործի մեջ, ինչը ադրբեջանական քարոզչական մեքենային թույլ է տալիս միակողմանի գործողություններ իրականացնել։

գ) Պաշտպանության նախարարությունը Նախիջևանի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերից հետո անմիջապես թույլ է տալիս իրականացնել հումանիտար գործողություններ Հունութ գյուղի մոտ։

Որպես հետևանք, Ադրբեջանի քարոզչական մեքենան միանում է առավելագույն ուժով, գործողությունները ներկայացվում են որպես 11 000 հեկտար տարածքների ազատագրում։

Փաստացի, հայկական կողմը ստեղծում է Ադրբեջանի քարոզչության համար ամենաբարենպաստ պայմանները։ Ընդ որում, հետագայում հստակ բացատրական աշխատանքը հայաստանյան հասարակության համար այնքան էլ լավ չի անցկացվում։

Հանրության մի մասը այդպես էլ չի հասկանում, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում առաջնագծում։

Այս ամենը հերթական անգամ հուշում է մի բան․ ռազմական տեղեկատվության տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ են հստակ, արձանագրությունների մակարդակով ամրագրված, ընկալելի մեդիա գործողություններ։

Լուծումները չեն կարող հորինվել դեպքից դեպք։ Ամեն ինչ պետք է նախօրոք հստակեցված և որոշված լինի։

Մամուլի, սոցցանցերի, բլոգերների հետ աշխատանքը պետք է լինի ընկալելի, տրամաբանական և կանխատեսելի։

Տեղեկատվության անհամաչափ բաշխումը չպետք է լինի խուճապային տրամադրությունների ձևավորման առիթ։ Իսկ յուրաքանչյուր նման դեպք օգնի ընկալել ու շտկել սխալները։

 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *