Նռնակ է հայտնաբերվել

12.01.2018, Քննադատ

Լուսանկարիչ-վավերագրող, ում կարգախոսն է՝ իրական մարդիկ իրական վայրում իրական ժամանակում:

Հայաստանի դպրոցներից մեկի տարածքում ձեռքի նռնակ է հայտնաբերվել: Ինտերնետային բոլոր լրատվամիջոցները լուսաբանել են այս դեպքը։ Կամ՝ գրեթե բոլորը։

2000-ականներին «Մահացու խաղալիքներ» լուսանկարչական նախագիծս իրականացնելիս լուսանկարել եմ մոտավորապես հարյուրավոր այդպիսի գտածոներ։ Դա է պատճառը, որ քիչ թե շատ տեղյակ եմ պատերազմից հետո անտերության մատնված զինատեսակների մասին։

Մեր լրատվամիջոցները հայտնաբերված նռնակն անվանել են «վառող», բայց այս փաստը կարելի էր և անտեսել։ Այդ նռնակի համար նույնիսկ անուն են հորինել՝ «G-1»։

Ամենայն հավանականությամբ հիմքը դրվել է ինչ-որ լրատվական կայքում. ոմն «գրասենյակային գիտունիկ» շփոթել է ստեղնաշարի G-ն և F-ն (դրանք կողք կողքի են, մատը հեշտությամբ կարող է անցանկալի տառին հպվել), իսկ մյուսները թռցրել են տեղեկությունը և վերատպել ինչ-որ մտացածին «վառող» «G-1» նռնակի մասին։

Նայելով այս լուսանկարին՝ հավատում եմ լրագրողներին. մեր ՊՆ-ում դիպուկահարները ականազերծում են զինամթերքը։ Երևի էլ սակրավոր չի մնացել։

Մեղքը՝ խմբագիրների վզին։ Չնայած սրա անունը «մեղք» չէ, այլ՝ ապշեցուցիչ անփութություն։ Նույնիսկ հիմա, երբ յուրաքանչյուր քիչ թե շատ ուշագրավ լուրը կարելի է բազմաթիվ միջոցներով ստուգել ցանցում, լրագրողները չեն ուզում ճշգրտման համար վատնել իրենց թանկագին ժամանակը։

Հետևանքը՝ բոլոր լրատվամիջոցներում ու թերթերում խրոխտ և անարգել շրջում է գոյություն չունեցող «վառող» G-1 նռնակը։

Իսկ նման նռնակ գոյություն չունի։ Ավելի ճիշտ՝ կա նման բան։ «Ճակատամարտ հանուն Ուտոպիայի» տեսախաղի մեջ։ Այնտեղ նաև հորինված են ինչ-որ «ստազիսային նռնակներ», բայց մեր լրագրողները, բարեբախտաբար, դեռ դրանց չեն հասել։

Այսպիսի տեսք ունեն «վառող» նռնակները վիդեոխաղում

Վերհիշելով երիտասարդական տարիներս, վստահեցնում եմ, որ ԽՍՀՄ-ն «վառող» ձեռքի նռնակ չի արտադրել։ Իմաստն անգամ ակնհայտորեն անհասկանալի է։ Ի՞նչը վառել։ Ու՞մ վառել։ Նույնիսկ հիմա ողջ աշխարհում արտադրվում է միայն մեկ տեսակի վառող նռնակ՝ AN-M 14։ Արտադրողն էլ ԱՄՆ-ն է։

Հավանաբար այս նռնակն էլ սկսեցին արտադրել, որ վիետնամցի զինվորներին ստիպեն դուրս գալ գետնափոր թաքստոցներից։

Բայց իմ հոդվածի նպատակը լրագրողների գրագիտության մակարդակը բարձրացնելը չէ։ Սա իրենց անձնական գործն է։

Նկատել եմ, որ գրեթե բոլոր լրատվամիջոցները մահաբեր գտածոյի տեղեկությունը գունազարդել են Ф-1 նռնակի լուսանկարներով։ Միայն «Առավոտ» թերթն էր օգտագործել РГД-5 նռնակի լուսանկար։ Երկու նռնակներն էլ ոչ մի պարագայում վառող չեն։ Երկուսն էլ բեկորային են։  

Սա էլ անտեսենք։ Վաղուց ի վեր հայտնի է, որ ցանցից ձեռք բերած «խորհրդանշական» լուսանկարների օգտագործումը հղի է նորություններ հայտնող լրատվամիջոցի նկատմամբ վստահության կորստով։

Սակայն ֆոտոխմբագրի՝ հենց այն մարդու, որը լուսանկարները խմբագրում է այնպես, ինչպես դա արվում է տեքստի դեպքում, հաստիքի կրճատմամբ տնտեսապես շահելը ստիպում է գլխավոր խմբագիրներին տպագրել տեսախաղի «վառող» նռնակների մասին նման անհեթեթություն։ Բայց հաստիքի կրճատումը, կրկնում եմ, իրենց անձնական գործն է։

Ինձ զարմացրեց այն փաստը, որ 1in.am կայքը բոլորին տվել անցել է և ականատեսի շուրթերով ներկայացնում է այդ գոյություն չունեցող նռնակի մարտավարական  բնութագիրը։ Իբր, դրա գործողության շառավիղն ընդամենը... 25 մետր է։

Ф-1-ը պաշտպանական նռնակ է, որը թաքստոցից նետում են հարձակվող հակառակորդի վրա։ 300 բեկորները հաստատապես սպանում են մինչև 50 մետր հեռավորության վրա, իսկ անվտանգ հեռավորությունը 200 մետր է։

Այժմ պատկերացրեք, որ ինչ-որ մեկը (հատկապես հետաքրքրասեր անչափահասները), կարդալով Առաջին լրատվականի կայքի պնդումը, Ф-1 է գտնում և պահանակը քաշելով նետում 30-40 մետր հեռու։ Իսկ չէ՞ որ հենց այդպես էլ վարվում են անչափահասները՝ նման «Մահացու խաղալիքներ» գտնելու դեպքում։ Ժամանակին լուսանկարել եմ մոտ 50 անչափահասների, որոնք հաշմանդամ են դարձել, կորցրել են վերջույթները, զրկվել են տեսողությունից՝ «մահացու խաղալիքներով» հենց այդ կարգի փորձարկումների պատճառով։

Նույնիսկ հսկայական տպաքանակով պաստառ եմ տպագրել, որի վրա պատկերված են բոլոր այն մարտական զենքերը, որոնք կյանքի համար վտանգավոր են, եթե փորձես դիպչել դրանց։ Եվ հենց ինքս էլ այդ պաստառները տարածել եմ Հայաստանի սահմանամերձ գյուղերում և Արցախում։

«Խորհրդանշական» լուսանկարներով նման հրապարակումները ոչնչացնում են այն հսկայական աշխատանքը, որ կատարել են բազմաթիվ մարդիկ՝ երեխաներին վտանգի մասին զգուշացնելու համար և իրենց մեջ թաքցնում են ընթերցողների կյանքի համար մահացու վտանգը։

Սա արդեն անփութություն չէ, որի վրա կարելի է աչք փակել։ Սա ակնհայտ կեղծ տեղեկություն է, որը հղի է մահվան սպառնալիքով։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանություններ

Աննա Իսրայելյան's picture
Գերման ջան, շնորհակալ եմ, հաշվի կառնենք: Ուղղեցինք լուսանկարը: Այն արտոնված է գործածել վերահրապարակման համար:
Герман's picture
Аравот поступил профессионально: http://www.aravot.am/2018/01/09/930105/

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?