Համավարակը, լրաճարակը և հեռավար կրթությունը

author_posts/lusine-grigoryann
Լուսինե Գրիգորյան

Մեդիագրագիտության մասնագետ, լրագրող

Համառոտ ուղեցույց ուսուցչի համար, թե ինչպես մեդիագրագիտությունը և ընթացիկ լուրերը ներառել տարբեր առարկաների մեջ

Մեդիագրագիտությունը հանրակրթության մեջ ներդնելու ամենատարածված մոդելը այն որպես հմտությունների ու կարողությունների փաթեթ տարրալուծելն է ամբողջ կրթական ծրագրում՝ բաղադրիչները ինտեգրելով տարբեր առարկաների մեջ։

Այս մոտեցումը կիրառում են Եվրամիության շատ երկրներ: Այն քննարկվել է նաև Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ։

Անձնական տվյալների անվտանգության թեման հեշտ է պատկերացնել ինֆորմատիկայի ոլորտում, խոսքի ազատության իրավունքն ու մեդիայի դերը ժողովրդավարական հասարակության մեջ՝ տեղավորվում է հասարակագիտության շրջանակում։ Բայց հաճախ դժվար է պատկերացնել, թե ինչպես մեդիագրագիտությունը պետք է դառնա պատմության, ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության մաս։

Աշխարհն ու կրթության համակարգն ալեկոծած Covid-19-ը լավ առիթ ու մեծածավալ նյութ է տալիս՝ հենց համաճարակի օրինակով տարբեր առարկաների մեջ մեդիագրագիտության տարրեր ներառելու համար։

Այս մոտեցումը միաժամանակ մի քանի խնդիր է լուծում․

  • Ծրագրային թեմաները կապելով օրվա կարևոր իրադարձությունների հետ, ուսուցիչը դրանք ավելի հետաքրքիր է դարձնում աշակերտի ընկալման համար,
  • Դասերի մեջ տեսնելով այսօրվա մարտահրավերները՝ աշակերտը կարող է փորձել ինքնուրույն և ստեղծարարությամբ կողմնորոշվել ու լուծումներ փնտրել,
  • Նկատի ունենալով, որ ինքնամեկուսացման շրջանում աշակերտներն ավելի շատ են օգտագործում մեդիան, ուսուցիչը խրախուսում է նախագծային առաջադրանքները՝ ներառելով տեսաձայնային, ինտերակտիվ, կամ այլ մեդիա գործիքներ,
  • Աշակերտը սովորում է ավելի գրագետ օգտվել այդ գործիքներից, տեղեկատվական աղբյուրներից, հարթակներից, սովորում է տարբերել ու ստուգել կասկածելի և վստահելի աղբյուրները,
  • Աշակերտները սկսում են քննադատորեն վերլուծել մեդիայի տարածած տեղեկությունները, դրանց ազդեցությունը աշխարհի ու իրենց կյանքի վրա,
  • Քննարկում ու վերլուծում են լրատվամիջոցների և տեղեկատվության դերը արտակարգ իրավիճակներում։

Այս ուղեցույցը պարունակում է հուշումներ, թե որ առարկաներում ինչ թեմաներ, հմտություններ ու գործիքներ կարող են ներառվել։ Դրանք օրինակներ են, որոնցով չի սահմանափակվում թեմայի և/կամ մեդիագրագիտության ինտեգրումը դպրոցական առարկաներում։

Մաթեմատիկա

Ի՞նչն այս օրերին կարող է ավելի հետաքրքիր լինել մաթեմատիկա սովորողին, քան տվյալների հսկա շտեմարանների ու վիճակագրության հիման վրա ինքնուրույն հաշվարկներ անելն ու գրաֆիկներ կազմելը:

Օրինակ, հաշվել աշխարհում ու Հայաստանում վարակի տարածման արագությունը, բանաձևել ապաքինման կամ մահացության տոկոսը, կազմել ինֆոգրաֆիկներ ու ժամանակագրական գծագրեր։

Այստեղ կարևոր է սովորողների հետ միասին պարզել, թե ինչ աղբյուրների տրամադրած տվյալներով են աշխատում, քննարկել դրանց հավաստիությունը։ Եթե սրան ավելացնենք մեդիայում տարածված գրաֆիկների ու թվային տվյալների ուսումնասիրությունն ու համեմատությունը, կստացվի, որ աշակերտը մաթեմատիկայի դասին կիրառեց այդ առարկայի գիտելիքը, բայց նաև նոր բան սովորեց վարակի մասին:

Ավելին՝ վերլուծեց մեդիայի աշխատանքն ու մանիպուլյացիաները։

Թվերը մեդիայում հաճախ շփոթեցնող են, էկրանի առջև նստած մարդը ժամանակ չունի իրեն հրամցվող գրաֆիկը մանրամասնորեն զննելու, վերլուծելու, համադրելու և  բավարարվում է միայն գրաֆիկի վիզուալ հուշումներով։

Համաճարակը տալիս է բազմաթիվ միջազգային և տեղական օրինակներ՝ քննարկելու, թե ինչպես է  վիճակագրությունը ներկայացվում պատկերներով և ինչպես է ազդում մարդու վրա։

Գրաֆիկը, որը հետագայում հեռացվեց ցանցից, քանի որ ոչ ճիշտ մեթոդաբանությամբ էր ստեղծված

Լսարանին շփոթեցնող մի գրաֆիկ տարածել էին «Ազատությունն» ու «Հայկական ժամանակը», ապա ներողություն խնդրելով փոխել։ Իսկ Արսեն Թորոսյանի տարածած մեկ այլ գրաֆիկ մասնագետների քննարկման նյութ դարձավ լրատվամիջոցներում։ Աշակերտները կարող են փորձել ինքնուրույն հասկանալ խնդիրը և վերլուծել։

Նույնկերպ մաթեմատիկական խնդիր կարող են դառնալ սոցիալական հեռավորության չափումը, արտակարգ դրության երկարացման դեպքում վարակի տարածման ընթացքի փոփոխությունը մեզ մոտ կամ որևէ այլ երկրում, տնտեսական ցուցանիշների տատանումները։

Կենսաբանություն, էկոլոգիա, բնապահպանություն

Կենսաբանության դասին, որտեղ ուսումնասիրում են մարդու օրգանիզմն ու դրա վրա ազդող վարակները, ուսուցիչը կարող է օգնել աշակերտներին չմոլորվել տարատեսակ միֆերի մեջ, հասկանալ վիրուսի տարածման ու ազդեցության սկզբունքները, խոսել պատվաստումներից, քննարկել դիմակ կրելու, առնվազն 20 վայրկյան լվացվելու պաշտոնական ցուցումները:

Միևնույն ժամանակ, կարող է պարզաբանել մարդկանց շփոթեցնող անհեթեթ խորհուրդները, թե, օրինակ, 10 վայրկյան շունչը պահել չկարողանալու դեպքում առկա է կորոնավիրուս, խոսել սխտորի և կոճապղպեղի օգտակար հատկություններից՝ բացատրելով, թե ինչու դրանք չեն փրկում վիրուսից ու ինչու պետք չէ հավատալ նման նյութերին։

Քննարկելով, թե ինչ են լսել սովորողները վիրուսի ծագման մասին, արժե վերլուծել եղած վարկածները՝ օգնելով երեխաներին չընկնել դավադրությունների տեսությունների թակարդը և առաջնորդվել գիտական ու հավաստի աղբյուրներով։

Լավ առիթ է քննարկելու կենդանածին վարակները, համեմատելու, խոսելու դրանց առանձնահատկությունների մասին, վերլուծելու, օրինակ, չղջիկների, օձերի շուրջ պտտվող կեղծիքները։

Այս բոլոր թեմաները աշակերտներին հրաշալի նյութ են տալիս հետազոտական աշխատանքի համար, քանի որ կարող են ինքնուրույն ստուգել կասկածելի լուրերը՝ օգտվելով ուսուցչի հուշած գիտական կայքերից և վստահելի լրատվամիջոցներից։

Բնապահպանության թեմաների շրջանակում արժե ուսումնասիրել մեդիայի տարածած աղտոտման նվազման քարտեզներն ու պատկերները, մթնոլորտի և բնության վրա ինքնամեկուսացման ազդեցության մասին լուրերը, խոսել, թե որքանով են լրատվամիջոցները բացատրում թեման, օգնում հասկանալ դրական ու բացասական հետևանքները։

Ցանկալի է խրախուսել աշակերտներին, որ ստեղծեն ու տարածեն կրթական նյութեր իրենց սիրելի հարթակներում և իրենց հարազատ ֆորմատներով․ նկարահանեն ՏիկՏոկ վիդեո՝ բացատրելով սոցիալական հեռավորության իմաստը, կամ անեն գրառում, հրապարակեն նկար, որը նկարագրում է հիվանդության հիմնական ախտանիշները, բլոգ վարեն։

Քիմիա, Ֆիզիկա

Համաճարակի գիտական նրբությունները կարող են քննարկվել նաև բնագիտական մյուս առարկաներում՝ ֆիզիկայում ու քիմիայում։ Օրինակ, փորձել ուսումնասիրել բջջային ցանցերի հնարավոր ազդեցությունն ու քննարկել լուրը, թե 5G ցանցն է մեղավոր կորոնավիրուսի տարածման համար։

Քիմիայի դասերին կարելի է հետազոտել դեղամիջոցների մշակման և կիրառման թեմաները, ապա ստուգել ու վերլուծել դրանց վերաբերող հրապարակումները մամուլում։

Լեզու, գրականություն

Համաճարակն իր հետ բերել է նոր բառեր ու հասկացություններ, օրինակ՝ ինֆոդեմիա կամ լրաճարակ (infodemic), թագավարակ (արևմտահայերեն ՝ թագաժահր) ու անգամ թագապուշ (coronavirs, covidiot): Նոր իմաստ են ստացել դատարկահաբ (պլացեբո), պարետ բառերը:

Սրանք տարածվում են մեդիայի միջոցով ու մեդիան է դառնում գործիք և միջոց, որը զարգացնում ու փոփոխում է լեզուն։ Ինչպես է լեզուն ստեղծում կամ փոխառում նոր բառեր․ այս թեմայի համար նյութը բավական շատ է։

Մյուս կողմից՝ առիթ է քննարկելու գիտական, պաշտոնական, լրատվական ուղերձների լեզվական նրբությունները, դրանք համեմատելով սոցիալական մեդիայի լեզվի հետ:

Կարելի է հանձնարարել աշակերտներին փոփոխել տեքստերը տարբեր ոճերով ու ժանրերով (օրինակ, ինչպես կասեին նույն բանը նախարարը, լուրերի հաղորդավարը, սոցցանցերի ակտիվ օգտատերը կամ իրենց համադասարանցիները)։

Օգտակար կլինի նաև քննարկել «խուճապի հանգեցնող» տեքստերն ու տեղեկությունները, որոնք արտակարգ դրության սկզբում արգելված էին ու անգամ պատժելի։ Գտնել օրինակներ և վերլուծել։

Թեման շարունակելով՝ կարևոր է աշակերտների հետ քննարկել ցանկացած ուղերձի հեղինակի/աղբյուրի և դրա լսարանի/սպառողի դերը: Ոչ միայն կարևոր է, թե ինչ ես ասում, այլև ով է քեզ լսում, քանի որ նաև լսարանով է պայմանավորում ասելիքի կառուցվածքն ու լեզուն։

Սա կօգնի աշակերտներին ոչ միայն իրենց հռետորական կամ գրավոր հմտությունները զարգացնել, այլև հասկանալ տարբեր լրատվամիջոցների կամ հանրային անձանց տարածած ուղերձների տրամաբանությունն ու հնարավոր մանիպուլյացիաները։ Նման վարժության օրինակ կգտնեք «Մեդիագրագիտություն» ձեռնարկի առաջին թեմայում։

Կորոնավիրուսը գովազդի մեջ օգտագործելը նույնպես հետաքրքիր երևույթ է․ խանութներն ու արտադրողները, օգտագործելով մարդկանց վախերն ու դարման գտնելու ցանկությունը, հատուկ լեզու են կիրառում՝ համաճարակի համատեքստն օգտագործելով գնորդ գտնելու, մարդկանց համոզելու և ապրանք վաճառելու համար։

Հենց լեզվի ու գրականության դասերին են աշակերտները աշխատում մեծ ու ծավալուն տեքստերի հետ, սովորում դրանց վերլուծելու մեթոդները, զարգացնում հիմնական ասելիքը կամ կետերը դուրս բերելու ունակությունը, քննարկում, թե նույն պատմական իրադարձությունը կամ գրական թեման ինչպես է մեկնաբանվում ու ներկայացվում տարբեր հեղինակների գործերում ու ինչու։

Մեդիայի դեպքում որպես օրինակ կարելի է վերցնել Արսեն Թորոսյանի՝ արտակարգ իրավիճակի ընթացքում տված ասուլիսներից մեկը, ամբողջությամբ լսել այն, ապա հանձնարարել աշակերտներին իրենց համար առանձնացնել ամենակարևոր միտքը/մտքերը։

Իսկ հետո՝ միասին կամ խմբերով ուսումնասիրել, թե ինչն են կարևորել տարբեր լրատվամիջոցները՝ այդ մտքերը վերնագիր դարձնելով ու տարածելով։ Արդյո՞ք տարբերվում են այդ մտքերը, ի՞նչ հետևություններ կարող է անել ընթերցողը տարածող մեդիայի կամ մարդու մասին՝ համեմատելով դրանք։

Սա թե՛ տեքստը վերլուծելու հրաշալի վարժություն է, թե՛ միջոց՝ հասկանալու, որ ցանկացած լրագրողական նյութ սուբյեկտիվ ընտրության արդյունք է, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ խեղաթյուրման արդյունք։

Համաշխարհային գրականության մեջ կան գործեր, որոնց թեման համաճարակներն են, դրանք գեղարվեստական գործեր են, բայց նաև մեդիա են,  հայացք՝ պատմական կամ երևակայական դեպքերին, որոնք փոխում են մարդու վարքագիծն ու ընդլայնում կյանքի մասին պատկերացումները: Այս օրերին դա լրացուցիչ շերտ կավելացնի դասերին։

Նմանատիպ դասեր կարելի է անել նաև օտար լեզուների դասերին՝ օգտվելով տվյալ լեզվով նյութերից ու միջազգային մամուլից։

Աշխարհագրություն

Համաճարակի շուրջ մեդիանյութերում անհամար քարտեզներ կան՝ վիրուսի տարածման ընդհանուր պատկերը, համեմատական պատկերներ, որտեղ տարածումը ներկայացված է  ըստ եղանակի, նախկինում արված այս կամ այն պատվաստվամիջոցի, աճի պեմպի, մահվան ու ապաքինվածների թվերի և այլն․․․

Կան նաև պատմական ու ժամանակագրական, աշխարհի տնտեսական շարժերն ու տեղաշարժման սահմանափակումները ներկայացնող, անգամ փակ ու բաց դպրոցների քարտեզներ։

Կարելի է օգտվել, ասենք, ընթացիկ թռիչքներին հետևող ու պատկերող քարտեզներից և ստուգել տարբեր աղբյուրների տվյալները թռիչքների սահմանափակումների մասին։

Քարտեզների հետ աշխատանքը հետաքրքիր է, պարունակում է խաղի տարրեր, բայց նաև կարևոր է՝ աշխարհը ճանաչելու, չափելու ու հասկանալու, միևնույն ժամանակ՝ մեդիայի հնարավորությունները բացահայտելու համար։

Քարտեզները ևս մեդիա արտադրանք են, և դրանց դեպքում էլ անհրաժեշտ է պարզել աղբյուրն ու հեղինակին, փորձել ստուգել տվյալները, հասկանալ, թե ինչպես են փոխվում պատկերները, երբ փոխվում են տվյալները և դրանք ներկայացնելու դիտանկյունը:

Կարելի է ստուգել՝ արդյոք քարտեզը պատկերում է այն, ինչ պնդում է լրատվամիջոցը։

The Sun-ի սխալ օգտագործած քարտեզը

Օրինակ, անգլիական դեղին մամուլում տարածված այս քարտեզը, որն իբրև թե պատկերում էր, թե ինչպես են չինական Ուհանի բնակիչները ճամփորդել ու վարակը տարածել ողջ աշխարհում, իրականում պարզապես գլոբալ թռիչքները պատկերող նկար է, որը սխալմամբ օգտագործվել է կորոնավիրուսի համատեքստում և շփոթեցրել մեդիային ու ընթերցողին։

Կարելի է փորձել եղած տվյալներով քարտեզներ պատրաստել աշակերտների հետ․ օգտակար գործիքներ կան օնլայն կրթական հարթակներում, օրինակ՝  CommonSense.org—ում և National Geographic-ի կայքում։

Աշխարագրությունն էլ, էկոլոգիայի նման, կարող է քննել կորոնավիրուսի ազդեցությունը բնության ու աշխարհի վրա՝ ուսումնասիրելով աղտոտման կամ ընդհակառակը՝ բնության վերականգնման քարտեզները: Ինքնամեկուսացումը փոխում է աշխարհի քարտեզը։ Եվ առավել հետաքրքիր կլինի, եթե աշակերտները ստեղծեն նաև ապագայի քարտեզը՝ փորձելով հիմնավորել իրենց տեսակետը:

Նաև, օգտակար է քննարկել, թե ինչպես է մեդիան այս օրերին օգնում ճանաչել աշխարհը, որքան նոր բան ենք իմանում Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի ու կորոնավիրուսից տուժած մյուս երկրների մասին՝ լուրերում։

Պատմություն

Շատ գիտնականներ մարդկության պատմությունը փուլերի են բաժանում ըստ աղետների ու համաճարակների տարեթվերի։

«Համաճարակներ, որ փոխեցին մարդկության պատմությունը» վերնագրով այս հոդվածը մտորելու նյութ է տալիս ինչպես պատմության դասի, այդպես էլ կերպարվեստի կամ արվեստի պատմության դասի ընթացքում: Համաճարակները ներկայացված են ոչ միայն բառերով, այլ նաև գեղարվեստական նկարներով։ Այդ նկարները նաև մեդիան են, քանի որ կատարել են լուսանկարի ու վավերագրության դեր:

Եվ դարեր առաջ փոխարինել են ֆեյսբուքյան լայվերին ու աշխարհի տարբեր ծայրերից կորոնավիրուսի համավարակի զգայացունց տեսաշարեր փոխանցող լրատվամիջոցներին։

Պատմության դասին համեմատելով, օրինակ, 14-րդ դարում աշխարհը փոխած ժանտախտն ու 21-րդ դարում մարդկանց սարսափեցրած կորոնավիրուսը, աշակերտը ոչ միայն շատ բան կպարզի համաճարակների ազդեցության ու նշանակության, այդ երկու ժամանակաշրջաններում աշխարհի ու մարդկանց կյանքի մասին, այլ նաև կքննարկի, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում կենցաղը, երբ տեղեկատվությունը տարածվում է ակնթարթորեն:

Ամեն գյուղում լուրեր կարդացող սուրհանդակն ընդդեմ մեկ սոցցանցային գրառման․ սա կարող է դառնալ հետաքրքիր քննարկում, եթե աշակերտները փորձեն ներկայացնել, թե մեկ լուրը որքան մարդու է հասանելի դառնում կոնկրետ ժամանակահատվածում:

Պատմությունը մեզ է հասել տեքստերով, որոնք գրել են մարդիկ նաև տարբեր թագավորների կամ եկեղեցու պատվերով և փաստերի ստուգման որևէ մեխանիզմ չի եղել, և ուրեմն կարելի է քննարկել, թե ինչպես է անհատը (սուբյեկտիվ հայացքը) դառնում պատմական աղբյուր (օբյեկտիվ փաստ):

Համաճարակները լավ օրինակ են հետազոտելու, թե որտեղից և ինչ գիտենք դրանց ի հայտ գալու ժամանակի մասին, որքանով կարող ենք դրանց վստահել, ինչ աղբյուրներից էին օգտվում նախկինում և այսօր:

Մյուս կողմից՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ու մեդիայի այսօրվա զարգացումը որքանով է օգնում վարակի տարածման կառավարմանը, բուժմանն ու կանխարգելմանը, մարդկանց իրազեկ ու պաշտպանված լինելուն։

Լրատվության կենսական դերի, դրա օգուտի ու հնարավոր վնասների մասին քննարկումը շատ կարևոր է։

Հայոց պատմությունից վերցնենք 20-րդ դարասկզբին տարածված բծավոր տիֆի  օրինակը՝ քննելով դրա մասին մեզ հասած տեղեկություններն ու աղբյուրները, վերլուծելով, թե պատմական տարբեր աղբյուրներ ինչպես են ներկայացրել այդ համաճարակը և ինչու (ժամանակի մամուլը, պետական փաստաթղթերը, միջազգային կազմակերպությունները, որոնք կարող էին տարբեր լույսի ներքո ներկայացնել խնդիրը), ինչպես է այդ ժամանակի մեդիան օգնել պայքարել համաճարակի դեմ:

Հասարակագիտություն

Կորոնավիրուսն առողջապահական աղետ լինելուց բացի, գրեթե նույնքան մեծ սոցիալական ու տնտեսական խնդիր է, որն ազդում է հասարակությունների ամենօրյա կենսագործունեության, շփման ու ինքնակազմակերպման ավանդույթների վրա, փոխում է տնտեսական ու սոցիալական կապերը, դրդում մարդուն մտածել իր անձի պաշտպանության ու մյուս կողմից՝ հասարակության առաջ իր պատասխանատվության մասին, ստիպում է վերանայել արժեքներ, քննել սեփական պատկերացումները աշխարհի, կարևորի ու անկարևորի, ազատության ու անվտանգության, ուժեղի ու թույլի և այլ կարևոր հասկացությունների մասին։

Այս բոլորը կատարվում է մեդիայից ստացած ուղերձների, գոտեպնդող կամ խուճապի մատնող նյութերի, պաշտոնական տեղեկության, անհայտ աղբյուներից եկող կասկածելի լուրերի, սկանդալային վերնագրերի ու սոցիալական մեդիայի շատ զգացմունքային գրառումների ազդեցությամբ։

Հասարակագիտության գործն է օգնել աշակերտին վերլուծել աշխարհի և անձնական պատկերացումների փոփոխությունները, որոնցով պայմանավորված են սոցիալական կապերը: Եվ անպայման ուսումնասիրել տեղեկատվության դերն ու հետևանքները։

Վերահսկե՞լ արդյոք քաղաքացիների տեղաշարժն ու գեոլոկացիան տեխնոլոգիաների միջոցով՝ հանուն վարակի տարածման կանխարգելման, թե՞ կարևորը մարդու անձնական տվյալների գաղտնիությունն է։

Ինչպե՞ս խուսափել ազգայնականության դրսևորումներից կամ տարբեր խմբերի նկատմամբ ատելության տարածումից, երբ մարդկանց վախն ու ինքնապաշտպանության բնազդը ստիպում են հավատալ անհիմն լուրերի, թե, օրինակ, չինացիները դիտմամբ են տարածել վարակը, կամ այնինչ քաղաքացին միտումնավոր է վարակել նշանդրեքի/թաղման/հավաքույթի մասնակիցներին։

Որքանո՞վ են հասարակությունները վստահում իրենց իշխանություններին, և  ինչպես է դա նպաստում կամ խանգարում համաճարակի դեմ պայքարին։

Ինչպե՞ս են տարբերվում կառավարման տարբեր համակարգեր և արժեքներ ունեցող երկրների մոտեցումներն ու սահմանափակումները։

Ինչպե՞ս են ներքաղաքական հարցերում օգտագործվում ճգնաժամերը և մեդիա հարթակները։

Որքանո՞վ էր իրավաչափ լրատվամիջոցների նկատմամբ՝ Պարետատան կիրառած սահմանափակումը, և որքանով է մեդիան իր հերթին պահպանում զգայուն թեմաների լուսաբանման էթիկան, մտածում լսարանի արձագանքի ու զգացմունքների մասին։

Ինչպե՞ս կարող է մեդիան գործիք լինել հանրային վստահության մեծացման կամ թուլացման համար՝ միտումնավոր և թիրախավորված հրապակումների միջոցով։  Նույն թվերն ու տվյալները մի փորձագետի և լրատվամիջոցի կողմից ներկայացվում են որպես ձեռքբերում, մյուսի դեպքում՝ իրավիճակի անվերահսկելություն ու կործանում։

Կորոնավիրուսը օգնում է հասկանալ լրատվամիջոցների կողմնորոշումը, երբ նույն իրադարձությունը, ասուլիսը, հայտարարությունը, տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ է ստանում տարբեր հարթակներում։

Օգնում է նաև տարբերակել պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրողին, որն ազնվորեն և պատասխանատվությամբ փորձում է օգնել իր ընթերցողին՝ կողմնորոշվել այս տարօրինակ ժամանակաշրջանում, իսկ սխալվելու դեպքում հայտնում է այդ մասին իր լսարանին։

Media.am-ի Ստուգված է բաժինը մեծ պաշար է ստուգված և վերլուծած կասկածելի լուրերի, որոնք կարող են նյութ դառնալ դասերի ու քննարկումների համար, իսկ կայքում հասանելի Մեդիամարտ ու «Լիտերատուսի արկածները» խաղերը կարող են գործիք դառնալ սովորողների համար՝ խաղալով լրացնելու գիտելիքն ու հմտությունները մեդիագրագիտության դաշտում։

Պատրաստվելով ապագային

Համաշխարհային ազդեցություն ունեցող, մարդկության վրա մեծ հետք թողած ու աշխարհը փոխող կորոնավիրուսի համավարակը վաղ թե ուշ կմտնի դասագրքեր ու կդառնա պլանային դասերի թեմա։

Բայց 21-րդ դարի կրթության առանձնահատկությունը կիրառականությունն է ու իրականության հետ կապը: Այսօր աշակերտին և ուսուցչին հետաքրքրում ու մտագոհում է կորոնավիրուսը, ուրեմն  այդ մասին պետք է խոսել:

Եվ որպեսզի կրթությունը դառնա կյանքը բացատրող ճկուն ու ճյուղավորված գիտելիքի ցանց, յուրաքանչյուր դպրոցական առարկա պիտի փորձի վերլուծել ներկան՝ սովորողին օգնելով հասկանալ անհասկանալին, բացատրել անբացատրելին, նայել ապագային՝ զինված անցյալի մասին գիտելիքով։

Եվ իհարկե, իրականության հետ կապը առավել անհրաժեշտ է բարձրագույն կրթության մակարդակում, որտեղ այս մոտեցումները նույնպես կիրառելի են։

Ժամանակակից կրթության մեկ այլ առանձնահատկություն միջդիսցիպլինար նախագծերն են, և մեդիագրագիտությունը օգնում է կապել թեմաները, առարկաների միջև կամուրջներ կառուցել, գտնել գործիքներ, որոնք ոչ թե շրջանակում են, այլ միահյուսում են առարկայական սահմանները:

Կորոնավիրուսի համավարակը սահուն կերպով կարող են միասին քննել պատմությունն ու մաթեմատիկան, կենսաբանությունն ու հայոց լեզուն, հասարակագիտությունն ու ֆիզիկան՝ համադրելով մեթոդներն ու հմտությունները, օգտվելով մեդիայից, ստեղծելով մեդիա, վերլուծելով բովանդակությունը։

Լրացուցիչ նյութեր, որ կգտնեք մեր կայքում

«Մեդիագրագիտություն» ձեռնարկ ուսուցչի համար
Էնցիկլոմեդիա մեդիագրագիտության փոդքասթ
Մեդիագրագիտության գրքույկներ
Երեք մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության խաղ. Լիտերատուսի արկածները, Ցանցառ, Մեդիամարտ
Media.am, Ստուգված է 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Համավարակը, լրաճարակը և հեռավար կրթությունը”
  1. Մարիամ says:

    Շատ հետաքրքիր լինելուց բացի շատ կարևոր է։ Մեդիագրագետ հասարակություն ունենալը ժամանակի պահանջն է, և հենց դպրոցից այն սովորեցնելը, ներդնելը երեխայի զարգացման հիմքում հրաշալի է ։ Լուս ջան արտակարգ լավ ու կարևոր աշխատանք է, ես անպայման իմ պրակտիկայում կիրառելու եմ։

  2. Առաքելյան Նաիրա says:

    Կիրառելի ,ուսանելի,հետաքրքիր:
    Շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *