2020.01.13,

Քննադատ

Ալիք առաջացնելու ու ալիքը մարելու ժամանակը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Հայկական ժամանակ»-ի այս հոդվածի ժանրը բարդ է որոշել՝ հետաքննությու՞ն, կարծի՞ք, փորձնական հարվա՞ծ, սկանդալային պեղու՞մ, թե այլ մի բան: Այն վերնագրված է «Պատիվ ունե՞մ, թե՞ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» և սկսվում է հետևյալ պարբերությամբ. «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:

ՀՀ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տպագրված այս հոդվածին հաջորդող բուռն արձագանքը տարօրինակ չէր, տարօրինակն այն էր, որ հոդվածը անստորագիր էր և ավելի շուտ հիշեցնում էր դեղին մամուլի ոճով գրված տեքստ, որի նպատակը ինֆորմացիոն շարժ առաջացնելն էր՝ զարմանքից մինչև բողոք:

Շարժն, իհարկե, առաջացավ: Բայց ինչու՞ էր այն պետք վարչապետի ընտանիքին:

Վարչապետի դուստրը Ֆեյսբուքում գրեց, որ ընկերություն է արել Վանեցյանի ընտանիքի հետ, հետո Վանեցյանը Ինսթագրամում պատասխանեց, որ հոդվածը ծայրից ծայր սուտ է, ու հեղինակը վախեր ունի (մինչդեռ հոդվածը հեղինակ չուներ), հետո նորից Մարիամը Ֆեյսբուքում պատասխանեց՝ խոսելով ընտանեկան ու վերադաս-ստորադաս կապերի, տղամարդկային արժանապատվության ու դավաճանության մասին:

Բնականաբար, ակտիվացան այն լրատվամիջոցներն ու սոցցանցային հեղինակությունները, որոնք ներքին կռիվ ունեն աննախադեպ (մինչև դա չտեսնված) բաց աշխատող Նիկոլ Փաշինյանի հետ:

Հոդվածը առիթ դարձավ, որ ԱԱԾ նախկին պետին համակրողները սկսեն գործել:

Tert.am-ը միանգամից մի քանի բան գրեց այս նամակագրության հետքերով՝ արագորեն կազմակերպելով իր «փորձագիտական» շրջանակները: Հայտնվեցին նյութեր «կեղծ օրակարգերի ու «պլենտուսից» ցածր դիսկուրսի (հեղինակային ուղղագրությունները լրատվամիջոցինն է-խմբ.), հետո ասուլիս հեռարձակվեց, որտեղ գլխավոր միտքը Հայաստանի կործանումն ու Հայաստանը օտար պետությունների խաղերի մեջ Փաշինյանի ներգրավումն էր:

Սոցցանցերում շատ տհաճ մեկնաբանությունների ալիք բարձրացավ, մանավանդ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտի վարչապետի ընտանիքի անդամների մասին ու, ի տարբերություն նախորդ իշխանավորների ազգականների, տեսնում ու հետևում է նրանց կյանքին:

(Ասենք, հարց՝ ո՞վ գիտի Սերժ Սարգսյանի դուստրերի ու թոռնիկների դեմքերը, կամ երբևէ տեսե՞լ է, թե ինչ է անում Ռոբերտ Քոչարյանի դուստրը):

Հասկանալի է, որ լավագույն քայլը ծայրաստիճան բաց լինելն է, անգամ եթե դա խոցելի է դարձնում քեզ, քանի որ այդպես ավելի պաշտպանված ես, քան եթե պաշտպանվես գաղտնիությամբ ու սեփական ընտանիքիդ հեռու պահելով կյանքից (այդ թվում՝ տեղեկատվական-սոցցանցային):

Բայց կա մեկ այլ խնդիր. ինչպե՞ս կարելի է տեխնիկապես անցում կատարել մեր ունեցած գողական-կենտրոնացված (որոշ իմաստով՝ մաֆիոզ) տեղեկատվական շփման եղանակից դեպի իսկապես բաց քննարկման դաշտ, եթե հենց այս հոդվածով ու Մարիամ Փաշինյանի պատասխաններով քննարկման որակը ոչ թե բարձրացնում է, այլ ընդհակառակը՝ հարմարեցվում եղածին:

Ընդհանրապես, հարմարվելը իրավիճակին, խոսելով այն լեզվով, որը հասկանալի է բոլորին (ընտանեկան սրբություն, դավաճան, գաղտնի դավադրություններ և այլն), այն ծուղակն է, որը անընդհատ արգելակում է փոփոխությունները:

Հարցը հենց տեխնիկական է, քանի որ հայտնի է, որ տեղեկատվական ներարկումները, որոնք ալիքներ են բարձրացնում, կարող են նպաստել դաշտի մաքրմանը: Բայց ինչպե՞ս դա իրականացնել տեխնիկապես, ո՞ր ռեսուրսներով և ո՞ր ուժերով:

Ուժ չունենալով փաստերով հետաքննություն կատարելու, կամ ավելի բանիմաց ներուժով նախապատրաստելու տեղեկատվական ալիքները (անգամ փոքր կոհակները կամ ջրի պարզագույն տատանումները) գրվում են նման մանր մեդիա ռումբեր, որոնց սովոր ենք տեսնել նոր իշխանություններից «զզվող» լրատվամիջոցների ու անձանց հարթակներում:

Ի վերջո, կարելի է չթերագնահատել տեխնիկական հարցերը (ոճը, հարթակների ընտրությունը, համագործակցությունը իսկապես լուրջ լրատվամիջոցների կամ սոցցանցային ազդեցիկ մարդկանց հետ)՝ փոխարինելով դրանք պարզապես կամքի հետ:

Ուզում եմ, գրում եմ ու չեմ էլ ստորագրում ու հղում եմ անում «մեր աղբյուրներին»:

Երևի այս տեխնիկական կատարումն է, որը դիմադրություն է առաջացնում հեղափոխություն արած քաղաքացիների սրտում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *