2020.03.04,

Նյուսրում

Հակաեվրոպական քարոզչությունն ու մանիպուլյացիաները լրատվամիջոցներում

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումներն ամենաշատը տպագիր թերթերում են։

Այս եզրակացությանն են եկել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում (ԽԱՊԿ)։ Կոմիտեն ԶԼՄ-ների մոնիտորինգ էր արել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները։

Մոնիտորինգի ընթացքում դիտարկվել է 13 լրատվամիջոց՝  5 հեռուստաընկերություն (այդ թվում՝ մեկը ռուսական «РТР-Планета»-ն, որը վերգետնյա եթերային հեռարձակմամբ ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը), 3 համապետական թերթ և 5 առցանց լրատվամիջոց։

Ընտրվել են տարբեր քաղաքական ուժերի հետ ասոցացվող լրատվամիջոցներ։ Հեռուստաընկերություններից ընտրվել են Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ռուսական «РТР-Планета»-ն, «5-րդ ալիք»-ը, «Երկիր մեդիա»-ն և «Կենտրոն»-ը։

Թերթերից «Հայկական ժամանակ»-ը, «Իրավունք»-ն ու «Հրապարակ»-ը, առցանց լրատվամիջոցներից՝ «Tert.am»-ը, «1-in.am»-ը, «24news.am-ը», «News.am»-ը և «Sputnik-Armenia»-ը:

Դիտարկման ընթացքում առանձնացվել են մանիպուլյացիաները (փաստերի նենգափոխում, խեղաթյուրում,  կողմնակալ մեկնաբանություն, գոյություն չունեցող աղբյուրներին հղումներ և այլն), ազգային, քաղաքական, սոցիալական, կրոնական, ռասսայական և այլ խմբերի նկատմամբ ատելության խոսքի  և բացասական կարծրատիպերի օգտագործումը։

Մոնիտորինգի ընթացքում հետազոտված 103 հազար 735 նյութից  30 հազար 110-ն է եվրոպական թեմատիկայով։ Դրանցից ընդամենը 213-ն է պարունակում եվրոպական արժեքները վարկաբեկելուն միտված քարոզչական տարրեր և հնարքներ։

Ինչ առիթներ կային մանիպուլյացիաների համար

Մանիպուլյացիաների և բացասական կարծրատիպերի հիմնական առիթը, ըստ մոնիտորինգի արդյունքների, Ազգային ժողովի կողմից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն էր: Այդ փաստաթուղթը, որն առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին։

Լրատվամիջոցներում տեղ գտած փաստարկները, ըստ ԽԱՊԿ-ի, երբեմն անհեթեթության էին հասնում։

««Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը պնդում է, թե կոնվենցիայի միջոցով «Հայաստանում ներդրվում է ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգ» («Իրավունք»,  23 հոկտեմբերի, 2019): Մարզիկ Էդուարդ Փոռեյանն էլ ավելի հեռուն գնացող եզրակացություն է անում. «Եվրոպա-Եվրոպա խաղալով հայություն ենք կորցնում, իմ ու քո երեխային ենք կորցնում ու նրանց ապագան…»։ («Իրավունք», 15 նոյեմբերի, 2019)։ Իսկ «Հրապարակ» թերթը այս առնչությամբ պատկերավոր է արտահայտվում. «… եվրոպաների էդ կեղտաջուրն ինչո՞ւ ենք մեր երկիր ներկրում»։ («Հրապարակ», 12 նոյեմբերի, 2019)»,-նշվում է ԽԱՊԿ հետազոտության մեջ:

Մանիպուլյացիաների թեմաներ են դարձել նաև սեռը փոխելու որոշում ընդունած ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումը, «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին Հայաստանի մասնակցությունը, մետրոյի կայարաններից մեկի մոտ ներկայացված «ՀուԶանք ուԶանգ» պերֆորմանսը։ Այս ամենը ներկայացվել է իբրև «Արևմուտքի քայքայիչ ազդեցություն» և պնդում այն մասին, թե նոր իշխանությունը, լինելով  Արևմուտքի դրածոն, կատարում է նրա կամքը։

Ովքեր են եղել եվրոպական արժեքների վարկաբեկման հնարքներ օգտագործողները

Դիտարկման արդյունքներով՝ 213 նյութերի մեծամասնությունը՝ 116-ը, տեղ են գտել տպագիր թերթերում։ Հեռուստաընկերություններում և առցանց լրատվամիջոցներում դրանք համապատասխանաբար 65 և 32 են։

Պարզվում է, որ բացասական կարծրատիպերի, «թշնամանքի լեզվի» և մանիպուլյատիվ հնարքների հեղինակները մեծամասամբ լրագրողներն են (113 հրապարակման դեպքում): 75-ի դեպքում՝ փորձագետները/հասարակական գործիչները, 33-ում՝ քաղաքական գործիչները, 14-ում՝ պաշտոնական անձինք, 5-ում՝ գիտության և մշակույթի ներկայացուցիչներ և այլն։

Օգտագործված քարոզչական հնարքներից ամենից տարածվածը իրադարձությունների և երևույթների կողմնակալ-մանիպուլյատիվ մեկնաբանությունն է: Լրագրողներն այն կիրառել են 104 դեպքում։

Ինչպես պարզել է դիտարկման խումբը՝ լրագրողներն ավելի հաճախ են Եվրոպայի և եվրոպական արժեքների վերաբերյալ բացասական կարծրատիպեր տարածում, քան մյուսները միասին վերցրած:

Լրագրողները աչքի են ընկել նաև տեղեկությունների անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրներին հղում կատարելով և ատելության խոսքի օգտագործմամբ։ Ի դեպ, ատելության խոսքի մեծ մասը վերաբերում էր սեռական/գենդերային թեմատիկային։

Որ լրատվամիջոցներն են առաջատարները

Եվրոպական արժեքները վարկաբեկող ավելի շատ հրապարակումներով աչքի են ընկել տպագիր թերթերը, որոնց հրապարակումներն ավելի շատ են, քան հեռուստաընկերություններում և առցանց լրատվամիջոցներում միասին վերցրած։

Թերթերից ամենաքիչ հակաեվրոպական մեկնաբանություն պարունակող նյութ եղել է «Հայկական ժամանակ»-ում (ընդամենը 5)։

Նման ուղղվածության նյութերի քանակով «Իրավունք» թերթը առաջատարն է դիտարկված բոլոր լրատվամիջոցներից։ Տպագիր թերթերում նմանատիպ հրապարակումների ավելի քան 76 տոկոսը (116-ից 89-ը) հենց այս թերթում է:

89 հրապարակումներից 61-ի դեպքում ատելություն արտահայտելու, կողմնակալ մեկնաբանության, փաստերի խեղաթյուրման, բացասական կարծրատիպերի տարածման հեղինակները թերթի աշխատակիցներն են եղել։

«Հրապարակ» թերթում արձանագրվել է նմանատիպ 22 նյութ, որի հեղինակները հիմնականում լրագրողներ են։

Հեռուստաընկերություններից եվրոպական արժեքները վարկաբեկող նյութեր ամենաշատը արձանագրվել են ռուսական «РТР-Планета» ալիքում՝ 39: Սա ավելին է, քան հայկական 4 ալիքների տվյալները միասին վերցրած՝ 26։

Ի տարբերություն թերթերի այստեղ հեղինակները հիմնականում եղել են փորձագետները և հասարակական գործիչները (31), երկրորդ տեղում լրագրողներն են (21)։

Հայկական հեռուստաընկերություններից առաջատարը «5-րդ ալիք»-ն է (18)։  Այստեղ չի արձանագրվել որևէ դեպք, որ լրագրողները հնչեցնեն եվրոպական արժեքները վարկաբեկող արտահայտություններ, փոխարենը դա արել են հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները։

Մյուս հեռուստաընկերություններից «Երկիր մեդիա»-ում հակաեվրոպական բովանդակության 4 նյութ է եղել, «Կենտրոն»-ում՝ 3 նյութ։ Իսկ հանրային հեռուստաընկերությունում փորձագետ/հասարակական գործչի շուրթերից հնչած՝ եվրոպական արժեքներին վերաբերող միակ բացասական կարծրատիպն օգտագործվել է դրա նկատմամբ անհամաձայնություն հայտնելու համար:

Ի տարբերություն մյուսների առցանց լրատվամիջոցներում եվրոպական արժեքները վարկաբեկող ավելի քիչ տեղեկատվություն է արձանագրվել։

«News.am»-ում  եվրոպական թեմատիկայով 8 հազար 503-նյութից միայն 11-ն էր պարունակում եվրոպական արժեքների վարկաբեկման հնարքներ: «Tert.am»-ում՝ 4 հազար 619-ից 9-ը, իսկ «24news.am»-ում՝ 4 հազար 459-ից 9-ը։

«1in.am»-ում հակաեվրոպական քարոզչության տարրերով 1, իսկ «Sputnik Армения»-ում 2 հրապարակում կար։

Առցանց լրատվամիջոցներում մանիպուլյացիաների ու հակաեվրոպական քարոզչության հեղինակները ամենաշատը փորձագետներն ու քաղաքական գործիչներն էին։

Սա հետազոտության առաջին փուլն է, երկրորդը կընդգրկի 2020 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածը: Դրանից հետո կկատարվի ստացված տվյալների համեմատական վերլուծություն:

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *