2020.01.15,

Քննադատ

«Դուքյան» մեդիա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Ով կփոխարինի Նիկոլ Փաշինյանին. 2 անուն է շրջանառվում» հոդվածն այն ռումբերից է, որը հաստատ գտնելու էր իր ընթերցողին, քանի որ դավադրությունների տեսությունն ու ՀՀ վարչապետի անունը մի տեղում արդեն հոգեցունց իրավիճակ է գծագրում: 

Իսկ հոգեպես ցնցելը հետհեղափոխական Հայաստանում շատ լրատվամիջոցների «առաքելությունն» է: 

Մենք այն իրավիճակում ենք, երբ շատ լրատվամիջոցների սեփականատերեր վստահ են, որ իրենց մեդիան պիտի աշխատի այնպես, ինչպես աշխատում է իրենց «հոր դուքյանը»: Այսինքն, գրեն այն, ինչ ուզում են և այնպես, ինչպես ուզում են:

Կարծես չկա մասնագիտական որևէ զսպող կոճակ, այլ կա միայն սրտի թելադրանք ու պնդում, որ իրենք ազատ են (ինչ կոճակ ուզեն, կսեղմեն, այդ թվում նաև՝ կարմիր կամ երկնագույն):

Ազատությունը մեդիա դաշտում զարմանալի բան է: Եթե անընդհատ ինքդ քեզ փորձում ես վստահեցնել, որ ազատ ես ու ընդլայնում ես սահմանները՝ զուգահեռաբար լղոզելով դրանք, հայտնվում ես մեկ այլ վանդակում: 

Մեր շատ լրատվամիջոցներ ազատության սեփական պատկերացումների վանդակում են, նրանք ազատ են այնքանով, որքանով ուզում է իրենց վանդակի տերը:

Միգուցե նաև դա է պատճառը, որ հազվադեպ ենք լրատվամիջոցի հետևում տեսնում լրագրողի, այլ տեսնում ենք միայն հարթակը, որն ունի դեմք, հետևաբար՝ բոլոր իր լրագրողներին դարձնում է նույն այդ դեմքի կլոններ, նույն սպասարկման օբյեկտի մատուցողներ: 

Համենայնդեպս, որքան տեսնում ենք, լուր-ռումբերը մնում են անհեղինակ, անստորագիր ու շղթայական ռեակցիայի սպասող: Եթե դրանք լինեին հետաքննական կամ վերլուծական ժանրի լուրեր (անգամ վիճելի), երբեք չէին կարող մնալ անստորագիր ու առանց հղումների:

Բայց խառը ու հաճախ կեղծ ապրանք վաճառող խանութի պես աշխատող մեդիայում հղումները չեն ողջունվում, ողջունվում են պայթյունները, փոթորիկները, անանուն ու թաքուն դավադրությունները, տարատեսակ համատեքստերի մեջ նույն ուղերձի փոխանցումը (ամեն ինչ վատ է, փախանք, որ գենը պահպանենք):

Իհարկե, շղթայական փոխանցումներով աշխատելու պրակտիկան եղել է վաղուց, բայց հիմա շատ լրատվամիջոցներ դա այլևս չեն քողարկում:

Հունվարի 14-ին հրապարակված՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու մասին լուրը այդ շարքից է: Զրո պատասխանատվությամբ, զրո ազատությամբ ու հեռանկարային պայթյունի ակնկալիքով այդ լուրը դարձավ մեծ «դուքյանի» առաջարկած ապրանքատեսակ:

«Իրավունքի» նետած լուր-ռումբի  իմաստն իրականում հենց շղթա ստեղծելն էր, ծածկելը որքան կարելի մեծ մեդիա տարածք:

Մոնիթորինգ կատարող rumorsmonitoring.comի շնորհիվ կարելի է տեսնել, թե որքան համերաշխ ու արագ այդ լուրը տարածեցին այն կայքերը, որոնք պարտավոր էին անել դա:

 

Hraparak.am-ը այդ վերնագիրը վերափոխեց՝ դարձնելով «ԱՄՆ-ն տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներով. Ո՞ւմ են տեսնում վարչապետի հնարավոր թեկնածու»: 

Հետո արդեն News.am-ը վերահրապարակեց լուրը՝ հղում անելով արդեն «Հրապարակին» ու արդեն «Հրապարակի» մոդիֆիկացրած վերնագրով: Նույն կերպ վարվեցին Irates.am-ը, Yerevantoday.am-ը, lurer.com-ը և այլ մեդիա հարթակներ, որոնք արդեն օրինակ էին վերցնում «Հրապարակից» ու նրա ստեղծարար վերնագրից: Այդ կայքերի թիվն արդեն անհամեմատ մեծ էր:

 

Վստահաբար կարելի է ասել, որ նման «դուքյանական» նետումները էլի կլինեն ու այնքան ժամանակ, որքան պակասի որակյալ լրագրողական նյութերի պահանջը լրատվամիջոցների կողմից:

Իսկ հիմա նրանց ոչ այնքան որակ է պետք, որքան վերատպման քանակ ու զոհեր՝ վարակված ու վարակակիր ընթերցողներ:

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *