2012.12.28,

Նյուսրում

2012—ի մեդիա իրադարձությունները. թայմլայն

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Media.am-ը ամփոփում է 2012-ի նշանակալից մեդիա իրադարձությունները:

Կալանավորվեց լրագրող Հայկ Գեւորգյանը

2012 սկզբին կալանավորվեց «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանը, ով մեղադրվեց ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու ու մարդու առողջությանը անզգուշությամբ վնաս պատճառելու համար։ Ոստիկանությունը հայտնել էր, որ ընդդիմադիր թերթի թողարկման պատասխանատուն 10 օր շարունակ հետախուզման է մեջ է եղել, թեեւ նա գրեթե ամեն օր եղել է թերթի խմբագրությունում ու անգամ կառավարության շենք է մտել։ 3 օր կալանքի տակ պահվելուց հետո Հայկ Գեւորգյանը ազատ արձակվեց։

ԱԺ ընտրություններ 2012

2012-ին տեղի ունեցան ԱԺ ընտրությունները։ Քաղաքական պրոցեսում ակտիվ դեր խաղացին ինչպես ավանդական մեդիան՝ հեռուստատեսությունը, այնպես էլ տարբեր ինտերնետային ռեսուրսները։ Փորձ արվեց զարգացնել նաեւ քաղաքացիական լրագրությունը։ Նախընտրական շրջանի հեռուստատեսային լուսաբանումը ՀՌԱՀ-ը եւ ԵՄԱ-ը ենթարկելով մոնիթորինգի՝ գնահատեցին «հավասարակշիռ եւ բարեխիղճ»։

Աժ ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները փորձեցին ինֆորմացիայի դասակարգման սեփական աղբյուրները ստեղծել եւ էքզիթ փոլեր պատվիրեցին։ Այդպես վարվեցին «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպում» ընդգրկված «Արմենիա» եւ «Արմնյուզ» ալիքները։ Մեկ միավորման երկու մաս հանդիսացող ալիքները երկու տարբեր սոցհարցումներ պատվիրեցին եւ նույն արդյունքը ստացան՝ ավետելով ՀՀԿ հաղթանակը։ Իսկ սեփական ուժերով էկզիթ փոլ կազմակերպած «Կենտրոն» հեռուստաընկերությունը որպես հաղթող քաղաքական ուժ նշեց ԲՀԿ-ին։ Նման տարօրինակ իրավիճակը թեեւ մոլորեցրեց լսարանին, սակայն նաեւ՝ հստակեցրեց ալիքների կուսակցական պատկանելիությունը։

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրեց լրագրողի գործունեությունը խոչընդոտելու 4 դեպք, որից երկուսը՝ ֆիզիկական բռնության զուգորդմամբ: Դրանցից ամենահայտնին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի դեպքն էր, երբ  փորձել էին հափշտակել նրա տեսախցիկն ու կոտրել հիշողության սարքը: Ոստիկանությունը հետագայում կարճեց այս գործը՝  հանցակազմի բացակայության հիմքով:

Ստեղծվեց ՊանԱրմենիան մեդիա գրուպը

2012-ին Հայաստանի հեռուստատեսային ոլորտը լրջորեն վերաձեւեց։ Պաշտոնապես հայտարարվեց «ՊանԱրմենիան մեդիա գրուպ» հոլդինգի կազմավորման մասին, որի նախագահը դարձավ բանկիր Վազրիկ Սեկոյանը։ «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը եւ «TV մոլ» շաբաթաթերթը ընդհանուր կառավարման կենտրոն ունեցան։

«Ա1+»-ի լուրերը «Արմնյուզ»-ի եթերում

2002թ.-ից եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության լուրերը կրկին հեռարձակվեցին եթերով: Սեպտեմբերի 10-ից «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական հաղորդումը շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթիից ուրբաթ սկսեց հեռարձակվել «Արմնյուզ»-ի փրայմ թայմում՝ երեկոյան ժամը 9-ին:

Եթերի վերահսկման չափանիշներ սահմանելու փորձեր

Այս տարի ակտիվացան հեռուստաեթերը քրեածին սերիալներից եւ ագրեսիվ հումորային ծրագրերից մաքրել ցանկացող տարբեր կազմակերպությունները, որոնք նամակ գրեցին ՀՀ նախագահին։ Եթերի վերահսկման չափանիշների մշակմանը վերաբերող լսումներ եղան նաեւ Հանրային խորհրդում։ «Անվնաս» եթերի մասին խոսակցություններն ու քննարկումները մեկ ակտիվանում են, մեկ էլ՝  անհետանում: Այս գործընթացը հնարավոր է շարունակություն ունենա նաեւ 2013-ին:

Սերժ Սարգսյանը մեդիայի մասին

ՀՀԿ համագումարում, 2013թ.-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու առիթով իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որպես կարեւոր ձեռքերում նշեց նաեւ լրատվական դաշտի ազատականացումը։ ՀՀԿ համագումարում ունեցած իր ելույթի ընթացքում նա ասաց. «Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը»։ Այս խոսքերից կարելի էր հասկանալ, որ մինչ այդ հայտարարությունը, լրատվական դաշտը փակի տակ էր։

ԱԺ պատգամավորներ ու լրագրողները

Տարվա վերջում նյուսմեյքերներ դարձան ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը, որոնց կեցվածքն ու խոսելաոճը երկար քննարկվեց մեդիա դաշտում։ Տեսախցիկի գործոնը ու լրագրողների հարցերը հանրայնացրեցին պատգամավորների մտքերը։ Նաեւ սպառնալիքները… Մեդիան դարձավ այն խոշորացույցը, որն ի ցույց դրեց հասարակության անունից հանդես գալու մանդատ ստացած անձանց «բարեփոխելու» պահանջը։ Համենայնդեպս, պատգամավորներից մեկը՝ Մհեր Սեդրակյանը, ափսոսանք հայտնեց՝ լրագրողին՝ Մհեր Աշակյանին վիրավորելու համար։ Իսկ մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել բլոգերին՝ իրեն կնոջ մարմնով պատկերող դեմոտիվատորի առիթով։

Նունե Հախվերդյան,
Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *