Մեդիագրագիտությունը հարց տալու մշակույթն է, որը սկսվում է դպրոցից

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Դպրոցը հաճախ են քննադատում, քանի որ այն չի հասցնում հետևել ժամանակակից երեխաների սպասելիքներին՝ շարունակելով մնալ որպես գիտելիքի փոխանցման (և դժվարությամբ փոխանցվող) պարտադիր հաստատություն իր բոլոր ատրիբուտներով՝ հանձնարարություններով, թելադրություններով, թեստերով, անգիր արվող տեքստերով ու տարբեր մերձդպրոցական զանգվածային միջոցառումներով:

Գիտելիքի փոխանցումը ենթադրում է, որ կա մնայուն ու կայուն գիտելիք, այն փոխանցողն ու այն ստացողը: Եվ հենց այդ պայմանի մեջ առաջանում է լուրջ խզում:

«Տալիս են լավագույնը, պարտավոր ես վերցնել» բանաձևը չի աշխատում, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է կատարվում գիտելիքի պարտադիր կուտակումը, դրա զտումը լավագույնի ու պարտադիր փոխանցումը, քանի դեռ չի լուծվել այս հարցը՝ իսկ ինչու՞ է դա պետք:

Հավատացեք, գրեթե բոլոր աշակերտները տալիս են այդ հարցը, ոմանք իրենց մտքում, ոմանք ծնողներին կամ ուսուցիչներին: Եվ հաճախ ստանում պատասխան, որ դա պարզապես պետք է և հարկավոր չէ անիմաստ հարցեր տալ:

Եվ երեխան սովորում է հարցեր չտալ, անել (կամ ձևացնել, որ անում է) այն, ինչը պահանջվում է՝ անգիր սովորել, թերթիկներ լրացնել, ստուգողական աշխատանքներ գրել, մի խոսքով, ստուգվել:

Իսկ դպրոցը շարունակում է գիտելիքի պարտադիր փոխանցման գործընթացը՝ պահանջելով կամ խնդրելով, որ իրեն չխանգարեն ու ավելորդ հարցեր չտան:

Իհարկե, սա փոքր-ինչ պարզունակ ձևակերպում է, բայց առանցքային:

Ուսումը մշտական, շղթայական պրոցես է, որը բոլորովին նոր տրամաբանություն է պահանջում գիտելիքի հասանելիության պարագայում: Գիտելիքի կրողները այլևս ապասրբացված են, իսկ մարդկության կուտակած փորձը մատչելի է համացանցում տարատեսակ մեդիա կրիչներով:

Չի ստացվի լուռ փոխանցել գիտելիքը ու սուսուփուս ստանալ այն, հարկավոր է հավասարապես լինել երկու կողմերում՝ ծոցագրպանում պահած տարատեսակ հարցերի փնջերը:

Գիտելիքը հոսք է, գետ, որի մեջ ապրում ենք ու որի մեջ պետք է կարողանանք լողալ, հաճախ նաև՝ հոսանքին հակառակ: Իսկ դրա լավագույն լուծումը սովորելն է ձևակերպել հարցերը:

Իդեալական դպրոցը օգնում է ճիշտ հարցեր հնարել, ձևակերպել ու մշակել՝ մանուկ հասակից նախապատրաստելով երեխային ապրելու բարդ աշխարհում:

Եթե այդ նպատակը չի դրված և ընդհակառակը՝ նպատակը բազմանկյուն ու բազմագույն աշխարհը շրջանակելն է, ուրեմն դպրոցը անպետք է: Անպետք է որպես համակարգ, քանի որ սխալ պատկերացումներ է ստեղծում երեխաների մոտ ու դատապարտում նրանց լինել մեկուսի: Հետևաբար՝ նաև խաղից դուրս:

Լավ դպրոցը չի տալիս պատասխաններ, քանի որ պատրաստի պատասխանները, տվյալները, ճիշտ ուղղագրությունը կամ բանաձևերը հարկ չկա անգիր անելու, դրանք հասանելի են համացանցում մեկ հպումով, այլ օգնում է գտնել հարցերի ուղղությունը:

Կարևորը կողմնորոշվելն է՝ հաշվի առնելով իմացության կիրառման համատեքստը: Եվ երեխաների «Իսկ ինչո՞ւ եմ սա սովորում» հարցը ոչ միայն տեղին է, այլև հիմնական:

Դպրոցը, նաև ուսուցիչը չեն կարող բավարարվել պատասխանելով, որ բանաստեղծություն կամ բանաձև սերտելը պետք է լավ քաղաքացի, հայրենասեր, բժիշկ կամ զինվոր դառնալու համար: Դա կլինի չափազանց վերացական ու ոչ կիրառելի, հատկապես խաչվող ու հատվող մասնագիտությունների դարում:

Գիտելիքի կիրառումը ամենօրյա կյանքում ու դրանից բխող հաճույքը դպրոցը սպանում է, եթե շարունակում է կոնկրետ հարցերը քողարկել աբստրակտ պատասխաններով:

Իսկ ինչպե՞ս գտնեմ այն, ինչը պետք է, և ինչպես հասկանամ, թե ի՞նչ է պետք հատկապես ինձ, եթե աշխարհն ու աշխարհի մասին պատկերացումները բաց են, խառը ու բազմագույն:

Սրանք այն հարցերն են, որոնք թանկ արժեն, և հարկ չկա դրանք էժանացնել հռետորական պատասխաններով:

Այդ գործում օգնում են մեդիայի, այսինքն՝ ինֆորմացիայի կրիչների ու տարածողների հետ աշխատելու հմտությունները:

Լողալ սովորելը գործնական աշխատանք է նաև տեղակատվական ծովում:

Կարևորը երեխային փոխանցելն է, որ մեդիագրագիտության հիմքում հենց մարդն է, որը ինֆորմացիա է ստանում, մտորում, կասկածում ու քննադատորեն է մոտենում իր լսածին, կարդացածին ու տեսածին: Հրաժարվում է, համադրում, մի խոսքով՝ ընտրում է…

Նույնիսկ, եթե դա ուսուցչի ասածն է կամ գրված ու հաստատված է դասագրքերում:

Իհարկե, կա դպրոցի ու ուսուցչի հեղինակության խնդիր, որը ստիպում է դպրոցին միշտ լինել ճշտի փոխանցողը, բայց մեդիագրագիտության տարրերը, ներմուծված ծրագրային առարկաների մեջ, կարող են անցումը դեպի քննադատական մտածողություն ու սեփական ճշտի որոնումներ կատարել անցնցում ու չափավոր:

Դա արվում է առանց դպրոցի հեղինակությունը սասանելու, այլ ընդհառակը՝ ընդգծելու ճանապարհով:

Մեդիագրագիտությունը որպես ժամանակակից հմտություն հումանիստական դեր ունի, այն մարդուն ավելի բարձր է դասում, քան նրան շրջապատող տեղակատվությունը: Այդ թվում նաև՝ դասագրքային:

Եկեք խոստովանենք, որ եթե անգամ ուսուցիչը անվերապահորեն ընդունվող ճիշտ բան է ասում, ապա երեխան այն կամ ընդունում է կուրորեն, ստրկորեն՝ համոզվելով ու գիտակցելով, որ իր հորիզոնում ավելի ճիշտ բան չկա: Կամ՝ ընդդիմանում է՝ հրաժարվելով ենթարկվել:

Առաջին դեպքում նա ընդունում է, որ դրսի կամքն ավելի կարևոր է, քան իրենը: Իսկ երկրորդ դեպքում սեփական կամքը դառնում է ոչ կառուցողական վարքագծի պատճառ:

Մեդիագրագիտության նպատակը ոչ թե ճիշտը ասելն է, այլ օգնելը, որ երեխան ինքը հասնի ճիշտ եզրակացության, միգուցե նաև անցնելով ոլորապտույտ ու վտանգներով լի ճանապարհով: Կամք, ցանկություն ու հաճույք ունենա դա անելու:

Եվ մանկուց ընդունի, որ իր տեսածը, կարդացածն ու լսածը չի կարող ամբողջական լինել, դա ընդամենը մեծ պատկերի մի փոքր մաս է: Անավարտ ու անընդհատ համալրվող պատկերի, որտեղ կարևոր է նաև իր ներդրումն ու իր անհատականությունը:

 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *