2017.06.06,

Քննադատ

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի. Երևան-Օֆշոր (II մաս)

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ դեռ խաղի է նման, գոնե արդյունավետության տեսանկյունից։

4. «Երևան-Օֆշոր» (II մաս)

2017-ին Միհրան Պողոսյանը դարձավ ԱԺ պատգամավոր, չնայած նախորդ տարի հայտնվել էր «Պանամայի թղթերի» սկանդալի մեջ։ Մյուս կողմից, «Հետքի» նյութը կարելի է կոռուպցիայի դեմ մեդիամարտի «հաջողության պատմություն» համարել՝ ի վերջո, լրագրողական բացահայտման արդյունքում Պողոսյանը հեռացավ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից։

Քանի որ «Պանամային» նախորդած խոշոր օֆշորային սկանդալը, որում ավելի բարձրաստիճան պաշտոնյան էր ներգրավված, ուրիշ հետևանքներ ունեցավ։   

2013 թվականի մայիսի 29-ին hetq.am-ը հրապարակեց «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով հոդվածը, ըստ որի. «Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը… Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները»:

Լրագրողներ Էդիկ Բաղդասարյանի, Քրիստինե Աղալարյանի, Արարատ Դավթյանի անցկացրած հետաքննությունն այնպիսի աղմուկ հարուցեց, որ Տիգրան Սարգսյանը ստիպված եղավ բացատրություն տալ, այն է՝ կտրականապես հերքեց իր մասնակցությունը։

 

Տիգրան Սարգսյանի պնդումը, թե նույնիսկ «մեռած մարդիկ «կարողանում են» գնալ և Կիպրոսում գրանցել ձեռնարկություն», ժխտեց Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազը, որի այցը համընկավ օֆշորային սկանդալին։ Պետրոս Կլերիդեսը բացառեց, որ կղզում որևէ մեկը ընկերություն գրանցի ուրիշի անունով. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»։

Լրագրողներն էլ օֆշորային ընկերություն գրանցում խաղարկեցին։ Zham.am կայքը պարզեց, որ մասնավորապես գումարներ փոխանցելու պահին «անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի ներկայությունը»։

Հաջորդեցին մեդիայի հրապարակումները Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությամբ այլ կասկածելի գործարքների մասին։

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խորագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանությունը» լույս ընծայեց «Կճոյանը մեկ միլիոն ԱՄՆ դոլա՞ր է պահանջել իր սանիկի միջոցով՝ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի ցուցումով. Պետական ռեկետ» վերնագրով հոդվածը, որտեղ հիշատակվում էր նաև այն զավեշտալի փաստը, որ վարչապետը Արարատյան թեմի առաջնորդին անվանական ատրճանակ է նվիրել։

Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապված ավելի վաղ՝ 2006 թվականի, ևս մեկ օֆշորային պատմություն՝ «Նաիրիտ» գործարանի վարկավորումը, որը մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Սարգսյանը դեռ Կենտրոնական բանկի նախագահն էր։

Այս դեպքում խոսքն արդեն տասնյակ միլիոն դոլարների մսխման և մի արդյունաբերական  ձեռնարկության մասին էր, որի վերագործարկումը էական բարելավում կբերեր Հայաստանի տնտեսությանը։ Ըստ մեդիայի բացահայտումների, Տիգրան Սարգսյանը մասնակցել է գործարքին ոչ միայն որպես ՀՀ ԿԲ-ի, այլև՝ այդ պահին ռոտացիոն կարգով «Մեժգոսբանկի» նախագահ, իսկ նրա եղբայր Աշոտ Սարգսյանը ֆինանսական վերահսկողություն է իրականացրել բուն «Նաիրիտ» գործարանում որպես փոխտնօրեն։

Իսկ «Նաիրիտ գործարանի» «դեգերումները» օֆշորում և Ռուսաստանում» հոդվածում («Հետք», 14.01.2013, Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան) մանրակրկիտ ձևով ներկայացվեց օֆշորային ձեռնածությունների այն սխեման, որի զոհ դարձավ գործարանն իր բազմամարդ կոլեկտիվի հետ միասին հետագայում։ Հիմնական գործող անձինք էին… էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Նաիրիտ գործարանի» սկանդալից շատ չանցած, 2008 թվականին, Տիգրան Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ «Կիպրոսյան» գործից բացահայտումից մեկ տարի անց՝ 2014-ին, նա լքեց վարչապետի պաշտոնը… բայց սխալ էին ենթադրությունները, թե դա պատիժ էր նրա օֆշորային «արկածների» համար։ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի  կարծիքով. «Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի արդյունքը եղավ նրա կարիերան»։

Պաշտոնական առաջընթացի այսպիսի տրամաբանությունը չի նպաստում արտասահմանյան, մասնավորապես՝ սփյուռքի գործարարների ներդրումներին, որոնց պարբերաբար Հայաստան էր հրավիրում վարչապետ Տիգրան Սարգսյանը, իր նախորդների ու հաջորդների նման։

(Շարունակելի)
Հոդվածաշարի սկիզբը՝ այստեղ  

Վահրամ Մարտիրոսյան, ՄՆԿ «Լրատուն» մեդիա-թանգարան նախագծի ղեկավար
Կոլաժը՝ Նորայր Այվազյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *