Լրատվամիջոցներից ֆինանսական փոխհատուցում պահանջելը մոդա է դառնում

03.03.2011, Նյուսրում

Անցած 3 ամսվա ընթացքում լրատվամիջոցների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով 6 հայց է ուղարկվել դատարաններ: Դրանցից մեկի պահանջը բավարարվել է, մյուս գործերն ընթացքի մեջ են:

Փետրվարի 7-ին Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարվեց ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի: Դատավոր Կարինե Պետրոսյանը վճռեց պատգամավորներից յուրաքանչյուրի օգտին բռնագանձել 2 միլիոն 44.000 դրամ:

Ընթացքի մեջ է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի հայցերն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի եւ news.am լրատվական գործակալության: Պահանջը նույնն է՝ 2 միլիոն դրամ փոխհատուցում հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին:

«Ժամանակ» օրաթերթի դեմ ընթացքի մեջ է միանգամից երկու դատական հայց: Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը թերթից 6 միլիոն դրամ է պահանջում «վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի համար»: Իսկ «Գլենդել Հիլզ» ընկերությունը «Ժամանակ»-ի դեմ մեկ միլիոն դրամ փոխհատուցման հայց է ներկայացել իր  գործարար համաբավն արատավորող տեղեկություն հրապարակելու համար:

Ամենաթարմ դատական հայց ներկայացնողը ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է: Նա իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար «Երկիր» օրաթերթի դեմ 3 միլիոն 568 հազար դրամի փոխհատուցում է պահանջում:

2010թ-ի աշնանը Հայաստանի ստեղծագործական միությունները շահեցին «Հայոց Աշխարհ» օրաթերթի դեմ ներկայացրած դատական հայցը: Օրաթերթը հերքեց միությունների  պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող տեղեկատվությունը եւ որպես դատական ծախսերի փոխհատուցում վճարեց 1 միլիոն 500 հազար դրամ: 

«Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատում է հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու առկա իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը»,- նշվում է լրագրողական մի քանի ազդեցիկ կազմակերպությունների՝ Երեւանի մամուլի ակումբի, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի տարածած հայտարարության մեջ:

Լրատվամիջոցների դեմ դատարան դիմողներն օգտագործում են 2010թ-ին փոփոխված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որով լրատվամիջոցում կոնկրետ հոդվածի իրական հանրային արձագանքի եւ հասցված վնասի չափի որոշման հարցում դատարաններին  կամայական վճիռներ կայացնելու հնարավորություն է տրվում:

«Օրենքի «ուժից» բացառապես օգտվում են «այս աշխարհի ուժեղները»` քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչները` հաշիվներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ»,- ասվում է լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ:

Լրագրողական համայնքը ներկայացնող կազմակերպությունները կոչ են անում Ազգային ժողովին՝ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները, դատարաններին` «տուրք չտալ ազդեցիկ հայցվորների անսանձ հավակնություններին եւ անհագուրդ ախորժակին, ավելի շատ կիրառել օրենսդրությամբ նախատեսված` պատասխանի եւ հերքման հնարավորությունը», լրատվամիջոցներին՝ «զարգացնել ինքնակարգավորման եւ հասարակության առջեւ հաշվետվողականության մեխանիզմները»:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?