Մեդիայի գերատեսչական ֆինանսավորումը

14.06.2018, Նյուսրում

Լրագրող

Մշակույթի և սփյուռքի նախարարությունները լրատվամիջոցների ֆինանսավորման հատուկ բյուջե ունեն: Հայտարարում են դրամաշնորհ, ստանում են մասնակցության հայտեր, տրամադրում ֆինանսավորում: Ընդ որում, և՛ պետական, և՛ մասնավոր լրատվամիջոցներին:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը  ինքը հայտարարեց լրատվամիջոցներին ֆինանսավորելու պրակտիկայի մասին։ Մշակույթի նախարարության՝ մեդիայի ֆինանսավորման խողովակ լինելու մասին գրեց «Հայկական Ժամանակ»-ը։

Մշակույթի նախարարության միջոցով լրատվամիջոցների պետական ֆինանսավորումը 2018թ-ի համար մոտ 116 մլն դրամ է, սփյուռքի նախարարության կողմից՝ 52 մլն 600 հազար դրամ:

Սփյուռքի նախարարությունը աջակցության ծրագրի իրականացման համար պայմանագիր է կնքում «Հայրենիք-սփյուռք» կենտրոնի հետ: Տրամաբանությունն այլ է Մշակույթի նախարարության դեպքում: Աջակցության հիմնական մասը ֆինանսների նախարարությունը կառավարության որոշմամբ նախարարության միջնորդավորված խողովակով բյուջեից հատկացվում է պետական, ազգային փոքրամասնությունների, համայնքային լրատվամիջոցներին:

Մշակույթի նախարարությունն այդ գումարների բաշխման և վերահսկողության պատասխանատվություն չունի: Ավելին, լրատվամիջոցների աջակցության ծրագիրը մամուլում սկանդալային որակվելուց հետո առաջարկություն են ներկայացնելու կառավարություն, որպեսզի այս ծախսերը հանվեն նախարարության բալանսից:

Նախարարության մշակութային ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը համոզված է, որ ավելի ճիշտ լուծում կլինի, եթե Հանրային հեռուստատեսության նման պետական աջակցություն ստացող մնացած լրատվամիջոցները ևս ֆինանսավորում ստանան ուղիղ ֆինանսների նախարարությունից:

Նա պարզաբանում է, որ տրամադրվող միջոցներից միայն 45 մլն դրամն է տնօրինվում նախարարության կողմից:

Ե՛վ մշակույթի, և՛ սփյուռքի նախարարությունները ֆինանսավորում են մրցութային կարգով ընտրված լրատվամիջոցներին: Երկու դեպքում էլ որոշումներն ընդունվում են նախարարարությունից անկախ՝ հանձնաժողովների կողմից: Սփյուռքը գումար է տալիս Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հրապարակումներին, Մշակույթը՝ արվեստի քննադատությանն ու գրական հարթակներին:

Պետական լրատվամիջոցների ֆինանսավորումը կարծես հարցեր չի առաջացնում, որովհետև կառավարությունը ֆինանսական աջակցության պարտավորություն ունի:

Ի՞նչ սկզբունքներով է կատարվում մասնավոր լրատվամիջոցների ընտրությունը։ Օրինակ, կան ֆինանսավորում ստացած շատ լրատվամիջոցներ, որոնք նորաստեղծ են և ոչ այդքան ազդեցիկ:

«Կարինե Խոդիկյանի tatron-drama.am կայքը վիզուալ կարող է կարծիք ձևավորել, որ նպատակահարմար չէ ֆինանսավորել հարթակը: Համեմատության համար նշեմ, որ Արմենպրեսը ստանում է 80 մլն դրամ, Խոդիկյանի կայքը` 900 հազար: Կարո՞ղ ենք երկուսից էլ նույն չափանիշներն ակնկալել»,-ասում է նախարարության ներկայացուցիչը:

Նախարարությունը աջակցում է «Կինոաշխարհ», «Գարուն», «Գրանիշ», «Հրապարակ», «Ազգ» և այլ մասնավոր պարբերականների:

Սփյուռքի նախարարությունն աշխատել է «Ավանգարդ», aravot.am, news.am, tert.am և այլ լրատվամիջոցների հետ՝ վճարելով նյութերի քանակով: Սփյուռքի նախարարությունը դրամաշնորհ է տալիս այն լրատվամիջոցին, որը լուսաբանում է իր միջոցառումները, ծրագրերը, ունի սփյուռքի մասին առանձին հաղորդումներ կամ պատրաստում է ֆիլմեր:

Չի բացառվում, որ այլ նախարարություններ ևս ֆինանսավորում են մեդիային ոչ թե հատուկ բյուջեով, այլ ընդհանուր ծախսային մասով: Ըստ ընթացակարգի, բյուջեից նախարարությունները ստանում են ծրագրային ֆինանսավորում` կոնկրետ ծրագրի համար ներկայացնելով նկարագիր և հիմնավորում: Սակայն տնօրինելով ոչ ծրագրային բյուջեի՝ նրանք ինքնուրույն կարող են նպատակային ծախսեր իրականացնել: Oրինակ, նախարարությունը կարող է իր գործունեության լուսաբանելու համար ֆինանսավորել որոշ լրատվամիջոցների իր միջոցառումների, ինչու ոչ մամուլի հաղորդագրությունների տարածման համար:

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?