2020.01.21,

Նյուսրում

Գովազդային փողերը կայուն են․ հեռուստատեսային և օնլայն հարթակներում գները կնվազեն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Ըստ փորձագետների, վերջին երկու տարիներին Հայաստանում գովազդային բյուջեի ծավալի փոփոխություն չի եղել։ Բոլոր հարթակներում տեղադրված գովազդը միասին արժեցել է 31 մլն դոլար:

Այս գումարի կեսից ավելին շրջանառվել է հեռուստատեսությունում՝ 19,5 մլն դոլար, 5,7 մլն՝ արտաքին գովազդում, 4,2 մլն՝ թվային գովազդում և միայն 1,9 մլն՝ ռադիոյում:

«Փրայմ Քոմերշլ» ցանցային գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն ասում է, որ 2019-ին մեծ փոփոխություններ չեն եղել, կայուն է եղել հատկապես հեռուստագովազդի շուկան, փոխվել են միայն գովազդատուների ցուցակում ակտիվ խաղացողների դիրքերը:

Նախկինում հեռուստատեսային գովազդում ակտիվ բանկերն ու դեղորայքային ընկերությունները հայտնվել են 9-րդ և 10-րդ տեղում։ Ակտիվացել են շահումով խաղեր առաջարկող ընկերությունները։ 

«Հեռուստաշուկայի այս կայունությունն ազդանշան էր, որ միջազգային գովազդային գործակալությունները գովազդի նույն ծավալը պահպանեն այս հարթակում և գումարներ ավելացնեն թվային գովազդի շուկայում», – ասում է Սահակյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նման երկրներում, ցավոք, հեռուստատեսությունը դեռ շարունակում է քաղաքական գործիք մնալ, մյուս կողմից PR մասնագետներն այդքան էլ պատրաստված չեն, որ կարողանան թվային միջավայրն օգտագործել իրենց նպատակների համար

«Նրանք սովոր են հեռուստատեսային լրագրողներին հրավիրել միջոցառման, վճարել և ստանալ մի բան, որն այդքան էլ արդյունավետ գործիք չէ իրենց արտադրանքի ներկայացման համար»:

2020-ի հեռուստատեսային շուկայում նա կանխատեսում է գների նվազում՝ պայմանավորված շուկայում հեռուստաեթերը վաճառող երկրորդ ընկերության՝ սեյլս հաուզի, հնարավոր մուտքով: 

«Եթե այս երկու ընկերություններն աշխատեն նույն գործիքակազմով, դաշտում առողջ մրցակցություն կսկսվի, գները կնվազեն: Քանի որ արդեն հեռուստագովազդի պայմանագրերը կնքված են, դա նշանակում է, որ որոշ ընկերություններ հավելյալ գումար են ծախսելու, օրինակ, Հանրային հեռուստատեսությունում գովազդ ունենալու համար», – բացատրում է նա:

Հեռուստագովազդ վաճառող հին և նոր ընկերություններն, ըստ նրա, պետք է վերահսկվեն, որպեսզի խիստ պայքարի մեջ առանց այն էլ մեռնող հեռուստագովազդի շուկան չմեռնի վերջնականպես, և  այդ գումարները ինտերնետ չհոսեն:

Սամվել Սահակյանի դիտարկմամբ՝ մեծացել է հատկապես սոցիալական ցանցերում հեղինակությունների գովազդային գրառումների բյուջեն:

«Հայաստանում միջին դասի սոցիալական մեդիա աստղը, օրինակ, 2018-ին իր էջում գովազդային երկու գրառման համար 100 դոլար էր վերցնում, հիմա վերցնում է 2000 դոլար: Նման բյուջեով տեղադրում վերջերս ենք արել, պատվիրատուի համար ուսումնասիրել, չափել և տեղադրման նման լուծում ենք գտել: Նման հեղինակությունները անձամբ չեն առաջադրվում գովազդելու որևէ ապրանք կամ ծառայություն, այլ դիրքավորվում են որևէ ոլորտում, դու գնում, նրանց գտնում ես»:

Smartology ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Հարությունյանն ասում է, որ առցանց գովազդում տեխնոլոգիական լուծումները շատացել են, կա զարգացման դինամիկա, որը կպահպանվի 2020-ին:

«Ինստագրամում տարվա վերջում եղան փոփոխություններ, փող պահանջող գովազդելու եղանակները (ցանցային հեղինակություններին ներառելը) սկսեցին չօգնել գովազդային առաջխաղացմանը: Այժմ օնլայն հեղինակությունները, որոնք բացահայտ կամ թաքնված որևէ արտադրանք են գովազդում, ծախսի տեսանկյունից չեն արդարացնում իրենց»:

Թվային գովազդի մասնագետը վստահ է, որ 100 կամ 200 հազար հետևորդ ունեցող  թիրախային օգտատերերը ցանցերում ավելի լավ են գովազդում ապրանքը: Այս և առաջիկա տարիներին այս ուղղությունը լավ կզարգանա: 

Տեղական շուկայում ամենահայտնի ինստագրամյան  հեղինակությունների ամսական եկամուտը Հարությունյանը գնահատում է մոտ 50 հազար դոլար։ Այլ բան, որ շատ դեպքում ընկերական կամ ծանոթ շրջանակների համար բրենդի ներկայացումը կարող է անվճար լինել կամ քիչ արժենալ: Ըստ նրա՝ Հայաստանում կան մոտ 300 ցանցային նման հեղինակություններ, ովքեր իրենց ստացած եկամուտների համար դեռ չեն հարկվում:

Հարությունյանն ասում է, որ լրատվական կայքերում կայուն գովազդ կա, որովհետև լսարանն է կայուն:  Կայքերի գովազդային բյուջեն այս տարի կարող է 20 տոկոսով ավելանալ կայուն թրաֆիկի շնորհիվ:

«Պարզապես բաներային գովազդի էֆեկտիվությունը նվազել է, քանի որ մարդիկ հատուկ ծրագրերով արգելափակում են գովազդը կամ կայք մտնելուց հետո փակում այն: Շուկայում շարունակում է զարգանալ նեյթիվ գովազգի ֆորմատը, երբ ֆիլմ կամ հաղորդում դիտելիս հայտվում է գովազդային բաներ և անհետանում», – նշում է Հարությունյանը:

Շուկայում դինամիկ զարգանում է մասնագիտական գովազդը, հատկապես տնտեսական կամ ժամանցային կայքերում․

«Ճիշտ է նման կայքերն ավելի քիչ թրաֆիկ ունեն, սակայն ավելի թիրախային են ու էֆեկտիվ: Ավելացել են նաև որոնողական համակարգերի գովազդները՝ հատկապես Գուգլում»:

Մասնագետները միակարծիք են, որ ապագան օնլայն գովազդինն է, որովհետև դեռևս չկա մարդկանց վարքն ու գործողությունները հստակ չափող ավելի լավ գործիք, քան առաջարկում է այս հարթակը:

Աշխարհում զարգանում  է պրագմատիկ գովազդը, որը դեռևս թանկ հաճույք է Հայաստանի համար:

Այն թույլ է տալիս կանխատեսել մարդկանց ապագա քայլերն ու վարքը (որտեղ եղան, ինչ գնեցին, ինչքան ծախսեցին) և առաջարկում է ապրանքներ կամ պահանջներին համապատասախան ծառայություն:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *