2017.04.25,

Քննադատ

«Տեղեկատվական ագրեսիան» հիմի դու տես

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Դանիել Իոանիսյանի դեմ 30 տնօրենների ներկայացրած դատական հայցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:

Ապրիլի 20-ին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Այո, մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալիս և ցույց տալու այդ տնօրեններին, որովհետև ինչպես դուք, որպես լրագրող, իրավունք ունեք պաշտպանելու ձեզ և ձեր կոլեգաների իրավունքները դատական ատյաններում, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործընկերներին»:

Մինչ այդ էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «տեղեկատվական ագրեսիա» անվանել այդ դեպքերի շուրջ քաղաքացիական հասարակության ծավալած գործունեությունը:

Որ այս շինծու հայցը դատարանների անկախության պայմաններում որևէ դատական հեռանկար չունի՝ ասել ենք մեր նախորդ հոդվածում: Այս անգամ ուզում ենք անդրադառնալ մի այլ խնդրի:

Տարիներ առաջ խոսել ենք լրատվամիջոցների շահերը պաշտպանելիս տեքստով մանիպուլյացիաների մասին, հոդվածն ավարտելով այսպես.

«Նման դեպքերում լրատվամիջոցները համախմբված կարող են լուսաբանել դատերը և լուսաբանման մեջ տասնյակ անգամներ կրկնել նույն այն արտահայտությունները, որոնց համար տվյալ օլիգարխը կամ քաղաքական, հասարակական գործիչը դատարան է դիմել: Կարծում եմ, վերջինս շատ արագ կափսոսա իր արածի համար, իսկ ապագայում ինքն ու իր կոլեգաները կմտածեն. իսկ արժե՞ արդյոք…»:

Հիմա այս դատական գործընթացն է: Պարոնայք Շարմազանովն ու Աշոտյանը, որ իրենց ասելով բարոյական աջակցություն են ցույց տալիս (իսկ ես իրավունք ունեմ կարծելու, որ ուղղորդում են, ավելին՝ ճնշում են գործադրելու դատարանի վրա՝ դատը իրենց օգտին շահելու համար), հասկանո՞ւմ են, թե տեղեկատվական ինչ ապագա է սպասում դատարան դիմած այդ տնօրեններին:

Ավելի ճիշտ՝ իրենք երևի հասկանում են, իսկ գիտակցո՞ւմ են, արդյոք, տնօրենները:

Նախ, ծիծաղելի է, որ քաղաքական գործիչը տեղեկատվության տարածումը ագրեսիա է անվանում: Ստիպված եմ որոշ պարզ բաներ բացատրել. լրատվամիջոցները նրա համար են, որ տեղեկություններ և գաղափարներ տարածեն:

Ընդ որում, հարգելի պարոնայք, ամբողջ աշխարհում լրատվամիջոցները հատկապես ուշադրության կենտրոնում են պահում այն տեղեկությունները, որոնք հանրային մեծ հետաքրքրություն ունեն կամ հանրային խնդիրներ են շոշափում:

Իսկ ընտրություններում ՀՀԿ-ի համար աշխատած տնօրենների գործը հանրային շատ մեծ շահեր է շոշափում և մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Դուք կարող եք դա ագրեսիա անվանել, գնահատող դատողություն կատարելը ձեր իրավունքն է (ի տարբերություն ձեզ, ես հարգում եմ կարծիք ունենալու և այն արտահայտելու ձեր իրավունքը), սակայն նկատի ունեցեք մի բան. դատական գործընթացը լուսաբանվելու է, և քանի որ, ինչպես ասացինք՝ հարցը հանրային մեծ նշանակություն ունի, լուսաբանվելու է բոլոր տեսակի լրատվամիջոցներով ու բոլոր հարթակներում:

Եվ հիմա ես ուզում եմ դիմել այդ 30 տնօրեններին. իհարկե, իշխանություններին պետք է այս դատական գործընթացը՝ հասարակական կազմակերպություններին, լրագրողներին հերթական անգամ վախեցնելու համար, որպեսզի այդ դատը դաս դառնա. այլևս երբեք ոչ մեկը չհամարձակվի մատնանշել ՀՀԿ-ի աչքի վերևի հոնքը (իհարկե, չեն հաջողելու. վախեցողներից չենք):

Բայց, հարգելինե՛րս, ձե՞ր ինչին է պետք սա: Մի՞ թե չեք հասկանում, որ այդ դատական նիստերը լուսաբանվելու են, և ամեն նիստը մի քանի տասնյակ լրատվամիջոցներով լուսաբանելիս հնչելու է ձեր անունը, հնչելու է անընդհատ, հրապարակվելու են ձեր լուսանկարները (որպես օրինակ՝ տեսեք Շարմազանովի խոսքերին վերաբերող վերոհիշյալ հրապարակումն «Առավոտում». նյութին ուղեկցում են ձեր լուսանկարները, և այդպես է լինելու անընդհատ), նորից հիշեցվելու են ձեր խոսքերը և այլն:

Էլ չեմ ասում, որ հրապարակումների հղումները հայտնվելու են սոցիալական ցանցերում ու դրանց տակ մեկնաբանություններ են գրվելու: Ձեզ պե՞տք է ամիսներ շարունակ հիշատակվել լրատվամիջոցներում, ձեզ պե՞տք է, որ ձեր լուսանկարները ամիսներ շարունակ հայտնվեն թերթերում ու կայքերում, գուցե նաև որոշ հեռուստաալիքներում, ձեզ պե՞տք են սոցցանցային օգտատերերի ոչ այնքան պարկեշտ մեկնաբանությունները:

Ընդ որում, եթե անգամ որեւէ դատական նիստ մեկ րոպե տեւի՝ ասենք հետաձգվի ինչ-ինչ պատճառներով, միեւնույն է, լրագրողներս ու լրատվամիջոցներս ունենք մեր հնարքները: Օրինակ, կգրենք. «Դատը հետաձգվեց: Հիշեցնենք, որ…», և դարձյալ՝ նախապատմությունը, ձեր անունների հիշատակումը և իբրև իլյուստրացիա՝ ձեր լուսանկարները:

Ու թող պարոնայք Աշոտյանն ու Շարմազանովը սա հետո էլ «տեղեկատվական տեռոր» որակեն: Ոչինչ: Կդիմանանք այդ գնահատականին: Բայց կդիմանա՞ն, արդյոք, իրենց անունների ամենօրյա հիշատակումներին քաղաքական խաղերի մեջ ներքաշված տնօրենները, որոնք Դանիելի բացահայտումներից հետո փոխանակ լուռ մնալու, որ հասարակությունը մոռանա իրենց, կամավոր (գուցե՝ ակամա՞) նետվել են տեղեկատվական հորձանուտ…

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *