Մեքենայացված մեդիա ու մարդկային դեմքով ԱԱԾ

04.07.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հետհեղափոխական Հայաստանում գլխավոր նյուսմեյքերը ԱԱԾ-ն է:

Հենց այդ կառույցն է պատրաստում, մոնտաժում և հրապարակում մեծ դիտելիություն ու հնչեղություն ունեցող տեսանյութերը, և ոչ լրատվամիջոցները:

ԱԱԾ-ն նոր կառավարության դրոշակակիրն է, որն ի ցույց է դնում հակակոռուպցիոն քաղաքականությունը և միաժամանակ հավաքում թե՛ երկրապագուներ, թե՛ լսարան:

ԱԱԾ-ի բացահայտումները, հետախուզություններն ու օպերատիվ գործողությունները այն փոփոխություններն են, որոնք սպասված ու ցանկալի էին:

Մինչ «Մերժիր Սերժին» շարժման հաղթանակը օլիգարխիկ անձերը (պատգամավորները, գեներալները, քրեական հեղինակությունները, ստվերային բիզնես կառույցներ ունեցողները, հիմնադրամների տնօրենները, բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորները) իրենց զգում էին անձեռնմխելի ու ապահով:

Եվ հենց դա էր հանրային բողոքի ու հեղափոխության բուն պատճառը: Բոլորն առաջին հերթին ուզում էին, որ պատասխանատվության ենթարկվեին «ապահովները», մեծ հովանու տակ սեփական փոքր հովանոցները տեղադրած մարդիկ, որոնք իրենց համարում էին պետության տերն ու տիրակալը:

Ստեղծվել էր մի վիճակ, երբ քաղաքացին ոչ թե ապավինում էր պետությանը, այլ պաշտպանվում էր պետությունից, որը նույնացվում էր մեծ հովանիներով, մեծ ատրճանակներով ու ռոկոկո ոճի դղյակներ ունեցող օլիգարխների հետ:

Լրատվական դաշտն այս վիճակին հարմարվել էր. պարբերաբար որոշ հետաքննություններ էր անում, աղմուկ ստեղծում, մանևրում օլիգարխների շահերի արանքներում, երբեմն քծնում, երբեմն քմծիծաղում, մի խոսքով՝ փորձում չմահանալ, բայց միևնույն ժամանակ պահպանել դեմքը:

Հիմա, երբ հեղափոխությունից հետո անցել է երկու ամիս, լրատվամիջոցները ավելի դժվար պայմաններում են: Չմահանալու համար նրանք պետք է հասցնեն լրջագույն վերաբրենդավորում անցած ԱԱԾ-ի հետևից, որը բացի իր բուն գործից կատարում է նաև զանգվածային լրագրողական աշխատանք:

Դեռ խորհրդային տարիներից գաղտնի գործող կառույցը հիմա դիրքավորվում է որպես ամենաբացն ու թափանցիկը, իսկ դիմակավոր աշխատակիցները դարձել են անկաշառության խորհրդանիշներ:

ԿԳԲ կոչվող ստվերային, վախեցնող ու սաստող կառույցը ժողովրդի կողմից ընկալվում է որպես արդարության երաշխիք (արդեն ԿԳԲ չի, այլ ԱԱԾ, որի երեք տառով հապավումը մոդայիկ է տպել գլխարկների ու շապիկների վրա, այսինքն, կրել բաց, անգամ հպարտությամբ):

Հետաքրքիր է, որ նոր կառավարությունը խաղադրույք է արել ոչ թե ասենք ազատ հարցեր տվող լրագրողի, այլ ազատ, բայց անանուն դիմակավորի վրա:

Պետությունը ազատության ու արդարության գաղափարը կապում է ոչ թե հեղհեղուկ ու տարբեր ստորջրյա կապեր ունեցող մեդիա դաշտի հետ, այլ ուժային կառույցի հետ: Նա նշում է ուժի հասցեատիրոջը: Եվ դրանով նոր սահմաններ գծում:

Կարծես խոսքին հակադրվում է գործը, և գործ անողը ձեռք է բերում առավել մեծ հմայք (ԱԱԾ-ն նաև ցանկալի աշխատեղ է համարվում): Լրատվամիջոցներին ասվում է՝ սպասեք, մինչև ԱԱԾ-ն կմոնտաժի հանրային նշանակության տեսանյութերը, կտարածի սոցիալական մեդիայուվ:

Իսկ լրատվամիջոցներին մնում է միայն վերահրապարակել ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութերն ու ուղիղ միացումներ անել այն վայրերից, որտեղ կատարվում են հատուկ գործողությունները:

Դա արվում է անգամ այն ժամանակ, երբ ցուցադրելու և ասելու առանձնապես բան չկա, և երբ լրագրողներն ու օպերատորները արևի ու անձրևի տակ ժամերով սպասում են ինֆորմացիայի նշույլների՝ ընդունելով, որ ավելին անել չեն կարող, քան լինել տեսախցիկներ ու բարձրախոսներ:

Այսինքն, մեդիան մեքենայացված գործ է դառնում, ստեղծարարն ու կարևորը արդեն ԱԱԾ-ականների դաշտում է:

Այն տեսանյութերը, որոնք տարածում է Ազգային անվտանգության ծառայությունը, ոչ միայն արձանագրություններ են կատարված փաստերի (քննչական գործողությունների, ձերբակալույթյունների ու հետաքննությունների) վերաբերյալ, այլ իմաստային ուղերձներ:

Օրինակ, բոլոր նյութերում հայտնվող «հերոսները» (կասկածյալները, ձերբակալվածները կամ վկաները) երբեք ըմբոստ ու աղմկոտ չեն, նրանք գլխիկոր են ու խոհեմ: Նրանք ենթարկվող են:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?