2019.03.08,

Քննադատ

Մարտի 8, մարտի ութ, #մարտիութ

author_posts/armen-ohanyan
Արմեն Օհանյան

Արձակագիր

Ունենք՝ ինչ ունենք. ազգին էգ ու որձի բաժանող պետություն (անձնագրային մեղմասացությամբ` իգականի և արականի), բայց մոտեցումը, ինչ խոսք, կենսաբանական է, ոչ թե՝ գենդերային: Ազգայինը կնոջը սահմանում է իբրև գեղեցիկ սեռ, ոչ թե ընտրություն։

Կին լինելը՝ բնածին «արատ» է, իսկ հայ կինը՝ տարազ։

Մի խոսքով, գերիշխում է «այր ու կին՝ մի մարմին» պատկերացումը, որտեղ օրինակելի կինն ազգայինի համատեքստում ներկայացվում է իբրև սուրբ կամ զինվորի մայր, առաքինի քույր, տղամարդու նեցուկ, օջախի հիմնասյուն և էդպես շարունակ։

Չնայած կանայք ակտիվորեն մասնակցել են հայ ժողովրդի ազատագրական պայքարին, բայց իրենք իրենց դրանով չեն ազատագրել։ Էմանսիպացիան ընթացել է իր ուրույն ուղով։

Կանայք նաև որոշակի դեր են խաղացել 88-ի շարժմանը (Ղարաբաղ Կոմիտեում էլ կին չկար), 2008-ին էլ, բայց առավել վառ էր Թաշվյա հեղափոխության առաջնագծում կանանց մասնակցությունը։

Նոր Հայաստանի թավշյա քաղէլիտան դեռևս չի շտապում պարզաբանել, թե որոնք են կառավարության ծրագրում հիշատակվող մեր «քաղաքակրթական արժեքները», և մենք էդպես էլ մնում ենք դատարկ, զրնգացող կաղապարների հույսին, փորձում ազատվել հին, այլևս չաշխատող ու կեղծ իմաստներից, բայց փոխարենը չենք լցվում նորերով։

Նախկինների դեպքում ամեն ինչ պարզ էր՝ կար ազգայինը, որ նույնացվում էր ցեղի հետ, և ուրեմն կինն իբրև սրբազան անոթ վերարտադրում էր հայուգենը, իր մեջ ամբարում ու արյամբ կամ կաթով փոխանցում էր ազգի քրոմոսոմը, կոդը, ձեռի հետ մի շարք այլ կարևոր հիմնանյութեր, իսկ չբեր հայ կինն իր գոյությունը կարող էր իմաստավորել, օրինակ, զոհվելով հանուն հայրենիքի։

Ապազգայինը, հակապետականը, հակահայը, թուրքը, ազգի տականքը մի տրամաբանական շղթայի մեջ էին, որտեղ հայ կինը, օրինակ, ազգադավ կհամարվեր, թե կենակցեր թուրքի հետ հանուն հաճույքի, բայց, եթե թուրքի հետ կենակցեր հանուն ազգի, (ենթադրենք, շեղելու համար, որ էդ ընթացքում հայ ֆիդային դիրք գրավեր), գուցե ներվեր, և ինքնասպանությունից հետո սրբացվեր։

Էսօր ունենք ազգային պետություն, որտեղ կանանց ազատագրական պայքարը դեռ հեռու է հաղթական ավարտից։

Ազգայինն իբրև պետություն դեռևս չի ձևակերպել կնոջը, եթե հաշվի չառնենք իրավահավա

սարության սովետական ճաքած հիմնաքարին դրված մի երկու աղյուսը՝ հիմնականում աշխարհից հետ չմնալու համար։

Լավ կլիներ, որ պետությունն, ի վերջո, վերասահմաներ սեռը, և առնչվեր պարզ իրողությունների հետ։ Օրինակ, 18 տարեկանում սեռափոխված անձը ենթակա՞ է պարտադիր զինծառայության, թե ո՞չ, եթե նախկինում աղջիկ էր, դարձել է տղա։

Ի վերջո, ո՞նց պիտի հանրային գիտակցությունը փոխվի, եթե ոչ որոշակի քաղաքականության արդյունքում։

Իսրայելը, որի հետ ոմանք շատ են սիրում համեմատվել, էն գլխից լուծել է հարցը․ ծառայում են բոլորը։ Մոտեցում է, գուցե իրենց «քաղաքակրթական արժեքներից» բխող։

Բայց էս խմորը շատ ջուր կուզի, քանզի մեր հեղափոխությունը սեքսուալ չէր, այլ՝ թավշյա, իսկ մերոնք սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման հետ ավելի մեծ հույս են կապում, քան առկա ազգաբնակչության կեսից շատի։ Ունենք՝ ինչ ունենք։

Չունենք՝ ավելին։ Օրինակ, չունենք ոչ մի կին ազգային հերոս, չունենք ազգային արժույթին պատկերված ոչ մի կին (ժամանակին առկայծեց լոնդոնաբնակ Անահիտ դիցուհին, հետո շրջանառությունից դուրս եկավ), և ընդհանրապես չունենք «հայոց պետական այրեր»-ի առասպելական ուժին այլընտրանք, որովհետև «այր ու կին՝ մի մարմին»-ից դուրս չկա միտք` ոչ միայն բովանդակություն, այլ` պարզ ձև, կառույց, անգամ որևէ պատկան, կից կամ առընթեր մարմին։

Խորհրդանշական է, որ գեղեցիկ սեռը Երրորդ հանրապետությունում ինքնուրույն քաղաքական միավոր դառնալիս ընտրեց հենց Արա Գեղեցիկի հակաուժի՝ Շամիրամի անունը։ Կանանց կուսակցությունը կարճ կյանք ունեցավ՝ անարդարացիորեն պատմության գրկում ու գրքերում մնալով իբրև ՀՀՇ-ի արբանյակ։

Ինչևիցե, ֆեմինիզմի ծայրահեղական ալիքները մեր ափերում հանդարտվեցին, և մենք էդպես էլ չունեցանք տղամարդակենտրոն գերիշխանության դեմ պայքարող քաղաքական ուժ, փոխարենն ունենք՝ կանանց տոն, ավելի ճիշտ՝ գեղեցիկ սեռի տոն, որն ավա՜ղ, քաղաքացիաիրավական կատեգորիա չի, այլ պարզ հաճոյախոսություն, որի տակ թաքնված է երբեք չարտաբերվող «տուժած սեռ»-ը։

Մերը Սովետի սիրված մարտի 8-ն է, որ վերադարձվել է ազգային տոնացույց սովետաբաղձության հովերով, առանց որևէ վերաիմաստավորման։

ՄԱԿ-ի միջազգային օրակարգերը չեն տեղայնացվում (օրինակ՝ 2019-ի կարգախոսը՝  Think equal, build smart, innovate for change, հազիվ թե ոսկեղենիկ հայերենով հնչեցվի բարձր ատյաններից՝  որպես «Հավասար` մտոք, խելացի` գործմամք, նորարար` հանուն փոփոխության» կամ նման մի բան)։

Աշխարհն աշխարհով, մենք՝ մեր սարերում օրվա ծեսը կատարում ենք ընդունված կանոններով՝ կենացներ և ծաղիկներ։

Դե յուրե իրավահավասար, դե ֆակտո ճնշված մեծամասնություն հանդիսացող կանանց տոնի պատրվակով տղամարդիկ էս մի օրն էլ չեն աշխատում։  Օրինակ, Չինաստանում օրը ոչ աշխատանքային է միայն օրվա հերոսների՝ կանանց համար։ Մոտեցում է, գուցե իրենց «քաղաքակրթական արժեքներից» բխող։

Գենդերատյացները համառորեն պնդում են, որ մեր մշակույթը կնամեծար է, ու հարցն արդեն իսկ լուծված է գործող Սահմանադրությամբ և օրենքներով։

Հավասար իրավունքները սահմանվում են օրենքի տառով, իսկ ազգային ոգին, եթե կա նման բան, ենթադրում է ոչ թե իրավունք, այլ պարտականություն, ուստի կինը պիտի զինվոր ծնի, սերունդ կրթի, ամուսնուն թև-թիկունք լինի, իսկ իրեն հարգող տղամարդը՝ ծառ տնկի, հայրենիքը պաշտպանի, տուն պահի և այլն։

«Ազգ-բանակին» փոխարինելու եկած «Ազգ–բիզնեսմեն» քաղաքական հայեցակարգի էական տարբերությունը նրանում է, որ նախկինում մենք բոլորս ազգի մահապարտ զինվոր էինք, իսկ հիմա՝ հպարտ հարկատու։ Ուստի, կառավարության ծրագրում կանայք հիշատակվում են միայն իբրև տնտեսական ներուժ։

Վատ չի, եթե երկիրը դադարեցնի անխնա շահագործել կանանց։ Մինչ քարից հաց քամող և վերելակում միզող հայ ժողովուրդը շարունակում է աղջիկ ուզել-չուզել (գնում ենք աղջիկ ուզելու, բայց չենք ուզում աղջիկ ունենալ), դաշտան բառից դիվոտել, ամսեկանը ամսականից չտարբերել, հարց է ծագում՝ ի՞նչ նկատի ունի կառավարությունը «կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում» ասելով։

Հայաստանում չաշխատող կին չկա։ Անգամ գործազուրկ յուրաքանչյուր տնային տնտեսուհի օրնիբուն զբաղված է ու դա չվարձատրվող, ծանր աշխատանք է։

Ունենք՝ ինչ ունենք։ Լուսավոր կետեր էլ կան։ Ազգային Ժողովում հրաշալի երիտասարդ կանայք են հայտնվել, որոնց հետ շատերս ենք մեծ հույսեր կապում։ Ինքս, առաջիկա տարիներին երազում եմ ԱԺ-ում տեսնել կերակրող մայրերի, որ նիստերի կգան իրենց բալիկների հետ, ինչպես Եվրոպարլամենտ էր ժամանակին գնում Լիչիա Ռոնզուլին։ Հուսամ, հենց նրանց ջանքերով կունենանք վերջապես հայրության նպաստ, և մայրության նպաստն անաշխատունակության օրենսդրական տրամաբանությունից դուրս կգա։

Պետությունը չի կարող մի կողմից կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումից խոսել, մյուս կողմից երեխամորը երեք տարով տանը նստացնել։

Չգիտեմ, թե ինչի մեզանում անգամ հեղափոխական ալիքի վրա չի ծնվում Լաուրա Կովեշի պես մեկը, գուցե մեր չձևակերպված «քաղաքակրթական արժեքների» հետ կապ ունի, բայց արժե հայկական սերիալ նկարել «Քնքուշ սարսափ» վերնագրով, որտեղ գլխավոր հերոսուհին կոռուպցիայի դեմ պայքարող կին դատախազ կլինի։ Եթե ոչ կյանքում, գոնե էկրանին տեսնենք չարի վերջը տվող, սուպեր-հերոս հայաստանցի կնոջը։ Էլ ի՞նչ ասեմ․

Կեցցեն մեր կանայք և աղջիկները, որ դեռ չեն ապրում, բայց ապրելու են ազատ, անկախ և երջանիկ, վերջիվերջո, երկրի ղեկը՝ իրենց ձեռքին։

Արմեն Օհանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *