«Լրաբերը» նոր տեսք ունի

03.03.2012, Նյուսրում

«Հայկական 2-րդ» հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագիրը  մարտի 1-ից նոր տեսքով է եթեր հեռարձակվում: Ամբողջությամբ փոխվել է «Լրաբերի» դեկորացիան եւ գլխագիրը, երաշժտական ձեւավորումը։ Տաղավարում գերակշռում է սպիտակ գույնը` որոշակի կարմիր շեշտադրումներում:

«Մենք պարբերաբար, 4-5 տարին մեկ դեկորացիոն եւ գլխագրային փոփոխություններ ենք կատարում «Լրաբերում»: Այս մեկը նույնպես չի տարբերվում մյուս անգամներից: Միակ տարբերությունն այն է, որ փորձել ենք համաքայլ շարժվել աշխարհի առաջատար լրատվամիջոցների հետ`առայժմ գոնե դեկորացիաներով եւ գլխագրերով»,- ասում է «հ2»-ի  լրատվական-վերլուծական ծառայության ղեկավար Շավարշ Գեւորգյանը: 

Հեռուստաընկերությունում արտաքին փոփոխություններ նախատեսվում էր կատարել հունվարից։ Տեխնիկակական խնդիրների պատճառով նոր տեսքով «Լրաբերի» նորամուտը հետաձգվել է եւ զուգադիպել է ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանի հետ:

«Նախորդ նմանատիպ փոփոխությունն էլ համընկավ  նախընտրական քարոզչության մեկնարկի հետ։ Սա էլ զուգադիպություն էր եւ հատուկ այդ շրջանում նոր տեսքով հանդես գալու խնդիր եւ իմաստ չկա»,- ասում է Շավարշ Գեւորգյանը:

«Լրաբերում» նաեւ որոշակի բովանդակային փոփոխություններ են նախատեսված: Ավելի մեծ ուշադրություն մարզային նորություններին, ավելի կարճ լրատվական սյուժեներ եւ լրատվական թողարկում։ 

«Մենք այս ընթացքում աշխատել ենք մեզ վրա, որպեսզի երկար նորությունը կարողանանք կարճ ներկայացնել, որովհետեւ ըստ իս` այսօրվա լրատվական բազմազանության մեջ կարճ եւ հնարավորինս մեկնաբանություններից զուրկ ինֆորմացիան ավելի սպառվող է, քան երկարաշունչ եւ մեկնաբանվող նյութերը, համենայն դեպս հեռուստատեսությունում»,- փոփոխությունները մեկնաբանում է Շավարշ Գեւորգյանը:

Գարնանային նոր եթերաշրջանում «Լրաբերը» երկու նոր հաղորդավար ունի՝ Տաթեւիկ Վարդեւանյանը եւ Հարություն Մինասյանը: Նրանցից բացի «Լրաբեր» է վերադարձել Շավարշ Գեւորգյանը:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?