2020.05.08,

Տեսակետ

«Լրատվամիջոցների սանձարձակ արշավանքին դեմ քաղաքացին, նույնիսկ՝ պաշտոնյան, այսօր անպաշտպան է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լիզա Ճաղարյանը լրագրող է, որը շատ բան գիտե մեր անցած ճանապարհի մասին: Նա լրագրության ոլորտում սկսել է աշխատել 1990-ականների ամենավառ ու բազմատեսակ լրատվական պոռթկման ժամանակ: Հիմա կարծես լրատվական շղթայի պահապանն է` արձագանքում ու հիշեցնում է սոցցանցերում, թե ով ով է, և ինչ է ձևացնում, որ կա:

Նրա դիպուկ, հաճախ կոշտ ու միշտ էներգիայով լեցուն հայերենով արված գրառումները այն օգտակար շերտն են, որը թույլ չի տալիս նորից ու նորից խոսակցությունները սկսել զրոյից (որքան էլ որ դրա ցանկությունը լինի):

Պատմությունը կրկնվում է, իսկ Լիզա Ճաղարյանին լսելը առողջարար է. որ հիշենք ու վերլուծենք մեզ ներկայում:

Երևի ամեն ոլորտ պիտի իր ունենա իր հսկիչները կամ պահապան-հրեշտակները, որոնք թույլ չեն տալիս խեղաթյուրել իրականությունը ու մոռանալ անցյալը: Լրատվական դաշտում կարծես հիմա հիշողության կորուստ է: 

Ուր էր թե՝ հիշողության կորուստ լիներ, կմտածեինք՝ դե հիվանդություն է, ոչ մեկս ապահովագրված չենք, և սրտանց առողջություն կմաղթեինք։

Սա սեփական մասնագիտության նկատմամբ տարրական հարգանքի կորուստ է, և այս խմբի մեջ երկու կարգի լրագրողներ կան՝ «վաստակաշատ», որ տարիների ընթացքում խորապես գիտակցել են լավ ապրելու «գաղտնիքը», ու դրա գինը հենց ստվերային պահանջատիրոջ ակնկալած հիշողության կորուստն է, և նորելուկներ, որ մեր պատմության այբն ու բենը չգիտեն, բայց ցանկություն էլ չունեն իմանալու, որովհետև այդ նույն պահանջատերերին այս ինքնավստահ ու ինքնագոհ ջահելների չիմացությունն է պետք, որ ինչպես ուզենան, այնպես էլ ուղղորդեն։

Հսկիչը, կարծում եմ, պետք է օրենքը լինի, ինչպեսև բոլոր բնագավառներում։

Եթե նկատել եք, հեղափոխությունից հետո գրեթե անհետացավ կեղծիքների կամ զրպարտությունների հերքման ավանդույթը։

Անունը խոսքի ազատություն են դրել, բայց այն ամենն, ինչ այսօր կատարվում է լրատվամիջոցներում, ազատ խոսք չէ, մասնագիտական անպատասխանատվության ամբարտավան հաղթարշավ է։

Լրատվամիջոցների պատասխանատուների մեծամասնությունը (ես դադարել եմ նրանց «խմբագիր» անվանել, որովհետև անգրագետ շարադրանքով, ահռելի չափերի հասնող վրիպակներով ու անհեթեթություններով լի տեքստերի այս սելավը, որ ամեն օր ընթերցողի գլխին է թափվում, ինձ արգելում է վիրավորել այս պատվարժան մասնագիտության տեր մարդկանց) խոր թյուրիմացության գիրկն է ընկել՝ կարծելով, որ լրագրողից ու լրատվամիջոցից հերքում պահանջելը կամ կեղծիքի տարածման համար դատարանի առջև կանգնելը խոսքի ազատության նկատմամբ ճնշում է։

Եվ այս «թյուրիմացության» արմատը ջրողն էլ դարձել է օրվա իշխանությունը, տեսեք-տեսեք՝ ազատ խոսքի, Ձեր ասած՝ «պահապան հրեշտակներն» են։

Իսկ եթե հրեշտակի ապահով թևերը հանեն, գուցե հասկանա՞ն վերջապես, որ իրենց այս կեցվածքով ազատ խոսքի արժեզրկման, գետնաքարշության դրոշակակրի դերում են հայտնվել։

Ո՞վ է ասել, որտե՞ղ է գրված, որ անպատասխանատվությունը, կանխամտածված կեղծիքի տարածումը ազատ խոսքի գրավական են։

Լրագրողներն էլ են Հայաստանի քաղաքացիներ և նույնքան պատասխանատու են օրենքի առաջ, նույնիսկ ավելի շատ են պատասխանատու, որովհետև հենց իրենք են առավոտից երեկո իրենց հրապարակումներում օրենքի գերակայություն պահանջում իշխանություններից։

Տարօրինակ է, որ ուրիշներից օրենքի առաջնայնություն պահանջողներն  իրենց օրենքից դուրս կամ վեր են համարում, և եթե որևէ մեկը փորձում է դատարանի միջոցով պայքարել իր դեմ սանձազերծված զրպարտության դեմ, այնպիսի մի աղմուկ է բարձրանում, որ ստիպված ենք խոստովանել. լրատվամիջոցների սանձարձակ արշավանքին դեմ հանդիման՝ Հայաստանի քաղաքացին, նույնիսկ՝ պաշտոնյան, այսօր անպաշտպան է։

Իսկ թե ինչքան անպաշտպան է հայոց լեզուն, սրա մասին, անկեղծ ասած, էլ ուժ չունեմ խոսելու։

Լրատվական դաշտում ակնհայտ է նաև ուժերի անհավասարակշռությունը: Նոր իշխանությունները չունեն այն մեդիա ռեսուրսը, որն ունեն նախկինները ու հիմա ստիպված անընդհատ պաշտպանվում են կամ ուշանում: 

Շատ մեղմ է ասված՝ ուժերի անհավասարակշռություն։

Նախկիններն ուղղակիորեն գնել են գրեթե ողջ լրատվական դաշտը, և եթե մի քանի լրատվամիջոց էլ փորձում են հնարավորինս անկախություն պահպանել, իրենց, այսպես կոչված, նյութական ռեսուրսներով չեն կարող ոտք մեկնել օրեցօր իրենց հնարավորություններն ընդլայնող այս «աչքաբաց» լրատվամիջոցների հետ:

Եվ ունենք՝ ինչ ունենք. շատ թշվառ, գորշ ու անպատիվ պատկեր։

Կարծում եմ՝ այս իրավիճակի մեղավորն առաջին հերթին հեղափոխական իշխանությունն է, որ կարծես ամեն ինչ անում է նախկիններին ծառայող լրատվամիջոցներին սիրաշահելու համար՝ տեսե՛ք, մենք ինչ լավն ենք, թույլ ենք տալիս, որ մեզ հայհոյեք, զրպարտեք, իրականությունն ու պատմությունը կեղծեք, ծաղրեք ու նսեմացնեք հեղափոխությամբ իշխանություն փոխած հանրությանը։

Էլ չասեմ, որ այդ լրատվամիջոցներն ունեն իրենց շատ որոշակի տերերը և, կոպիտ ասած՝ թքած ունեն ներկա իշխանությունների ռևերանսների վրա:

Եվ այս անտերունչ իրավիճակի հետևանքի պտուղները հետո ենք վայելելու՝ մի օր խոստովանելով, որ լրագրությունն ամենաանպատվաբեր մասնագիտությունն է, և ինքն իրեն հարգող ոչ ոք չի ցանկանալու էդ վարկաբեկված ոլորտի անդամ դառնալ։

Չե՞ք կարծում, որ իշխանություններին բարեհաճ լրատվականները մեդիա գրոհներին պատասխանում են հիմնականում կացնային փիառով ու սովետական ոճի քարոզչական նյութերով: Հոտառությա՞ն հարց է:

Չէի ասի, թե նշված լրատվականներն են այդ կացնային փիառի հեղինակները։ Դրա հեղինակներն էլ են իշխանությունները։

Լռում են, լռում են ու մեկ էլ, իբր, հակահարված են տալիս, իսկ այդ «հակահարված» ասվածը, ցավոք, «բա որ դուք էլ…» մակարդակի է ստացվում։

Էն՝ որ նախկինները բազմաթիվ հանցագործություններ են կատարել, ոչ մեկի համար գաղտնիք չէ, և հենց դրա պատճառով էլ ստիպված եղան Հայաստանի քաղաքացիների հուժկու ճնշման տակ հեռանալ։

Ուրեմն, ու՞մ են զարմացնում կամ հանկարծակիի բերում՝ հայտնի ճշմարտությունները նրանց քթի տակ թափահարելով, դատական պատասխանատվության ենթարկելու փոխարեն։

Այո, նախկինները շատ վատն էին, բայց նրանց վատը լինելու մասին անպտուղ հիշեցումներով՝ իրենց կատարած սխալները վերանո՞ւմ են։

Կամ՝ Հայաստանի քաղաքացիները տեսնո՞ւմ են, թե ինչպես են փորձում շտկել իրենց իսկ գործած սխալները կամ վրիպումները։ Ես չեմ տեսնում։

Իսկ իշխանություններին պաշտպանելու ցանկություն դրսևորող լրատվամիջոցների վիճակն այս պարագայում նույնպես նախանձելի չէ. գիտակցում են, որ «հետևը սուր, առաջը ջուր» իրավիճակ է:

Եվ մերժելի «ընդդիմության» հարձակումներից փորձում են պաշտպանել ներկա իշխանությանը՝ ժողովրդի հաղթանակը տանուլ չտալու պարզ ցանկությամբ, բայց հոգու խորքում իրենց նույնպես չեն գոհացնում իշխանության «դուխով» քայլերը:

Որտեղ անկեղծության պակաս կա, անաչառ գրիչը պետք է դողա։ Էս է։

Կստացվի՞ օրենքներով կարգավորել լրատվականների գործունեությունը, թե՞ դա ավելի խորամանկորեն պետք է արվի: 

Խորամանկությունն ինքնին դեպի անազնվություն առաջին քայլն է։

Ցանկացած ոլորտ պետք է կարգավորել օրենքներով, լրատվականների գործունեությունը՝ նույնպես։ Եվ առանց վախենալու, թե ով ինչ կասի։

Իմ գլխի մեջ չի տեղավորվում, թե ոնց կարող է հեղափոխական իշխանությունն այսքան երկչոտ ու զգուշավոր լինել, ոնց կարող է հաջողել անօրեն, բռնակալ իշխանությանը ճանապարհել այսքան բարեհաջող ճանապարհով և դրանից հետո՝ իշխանության հասնելով, երկիրն առողջացնելու միտված այդ նույն օրենքները դարակներում պինդ փակել։

Պարզ, բացճակատ պետք է կարգավորել նաև լրատվականների գործունեությունը։

Կդիմանա՞ն օրենքի ներկայացրած պահանջներին, կշարունակեն գործել, չեն դիմանա՝ բարի ճանապարհ, թող գնան այլ զբաղմունք գտնեն։

Ինչպե՞ս տեղի ունեցավ մամուլի տրանսֆորմացիան, երբ ազատ ու բազմատեսակ լրատվամիջոցներով հարուստ 90-ականներից հետո եկավ նոր դարը՝ համատարած վերահսկումով: Ու ինչու՞ լրատվամիջոցները իրենց հարմարավետ զգացին:

Հենց այն նույն ձևով տեղի ունեցավ մամուլի փոխակերպումը, ինչպես որ տարիների ընթացքում՝  90-ականների մեր անցած ճանապարհը։

Մի օր էլ արթնացանք ու «պարզեցինք», որ մենք ազգային ազատագրական պայքար չենք մղել, մենք զարհուրելի երկրաշարժի ու սովետի փլուզման միջով չենք անցել ու ավերակներ չենք ժառանգել, մենք ահարկու պատերազմ, հազարավոր զոհեր ու բաղձալի հաղթանակ չենք ունեցել, այլ ընդամենը եղել է մի «դավաճան» իշխանություն, որը մեզ նվիրել է «մութուցուրտ տարիներ»։

Եվ այս դավաճանությունը Հայաստանի ու Արցախի ժողովրդի նկատմամբ, մեր հպարտության արժանի պատմության նկատմամբ՝ մինչև հիմա էլ շարունակվում է։

Հուսանք, իներցիայով է շարունակվում, բայցև անհնար է չնկատել, որ հեղափոխությամբ իշխանության հասածներին սա ոչ միայն չի անհանգստացնում, այլև գուցե ոմանց նույնիսկ հաճելի է։ Որքան մեր անցած պատմությունը գորշ գույներով ներկայացվի, իրենք այնքան ավելի գունագեղ ու «աննախադեպ» կերևան։

90-ականներին նույնպես կատաղի պայքար կար իշխանությունների դեմ, այն ժամանակ էլ ընդդիմադիր մամուլն անհամեմատ ավելի լավ նյութական ռեսուրսների էր տիրապետում, քան իշխանամետ մամուլը։

Ընդդիմադիր մամուլին հիմնականում ֆինանսավորում էին արտերկրներում գործող կուսակցությունները, իսկ պետական մամուլը մի կերպ գոյություն էր պահպանում խղճուկ աշխատավարձով։

Բայց որքան էլ տհաճությամբ հիշեմ այդ տարիները, չեմ կարող խղճիս դեմ գնալ և այն ժամանակվա ընդդիմադիր մամուլը համեմատել այսօրվա «ընդդիմադիր» հորջորջվող լրատվամիջոցների հետ։

Պրոֆեսիոնալ էին բոլորը կամ ձգտում էին պրոֆեսիոնալ դառնալ, խմբագիրն իր պարտականությունները գիտեր, լրագրողներն՝ իրենց, սրբագրիչները՝ իրենց։

Ոչ միայն պրոֆեսիոնալ էին, նաև այսպես անգթաբար արհամարհված ու ոտնահարված չէր մեր պետական լեզուն։

Ինչպես որ տարիների ընթացքում այլակերպվեցին իշխանությունները, իրենց հետ միասին այլակերպվեցին լրատվամիջոցները։ Ինչպիսին տերերն էին, նույնպիսին էլ կատարողներն էին։

Ապրեցինք, ապրեցինք այդ իրականության մեջ, ու մի օր էլ տեսանք՝ ձևավորվել է լրագրողների մի մեծ խումբ, որը ոչ միայն չի ամաչում, որ վճարովի հոդվածներ է գրում, այլև սկսեց վերևից նայել «անճարակներին», որ էս «լենուբոլ աշխարհում» այնքան աչքաբաց չեն, որ մի ոսկեբեր երակ էլ իրենք գտնեն ու հանգիստ վայելեն կյանքը։

Եվ հիմա հենց այդ նույն «ճարպիկներն» էլ լրատվական դաշտում ձևավորում են այն մթոնոլորտը, որի ականատեսն ենք ամեն օր։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *