LJ-ի անկումն ու կերպարանափոխությունը

05.05.2017, Նյուսրում

Լրագրող

LiveJournal-ը (LJ) փոփոխություններ է կատարել օգտագործման կանոններում, ինչը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում և այդ երկրի սահմաններից դուրս, բլոգային հարթակից օգտվող հեղինակների մոտ:

Նոր կանոնները մեծացնում են բլոգերների պատասխանատվությունը թե՛ սեփական գրառումների, թե՛ ընթերցողների մեկնաբանությունների համար:

Այսուհետ LiveJournal-ի ադմինիստրացիան իրավունք ունի հեռացնել բլոգը, եթե դրա վարողը վեց ամսից ավել ժամանակ անընդմեջ մուտք չի գործում համակարգ: Չնայած սեփական բլոգի գրառումները, լուսանկարները, մեկնաբանությունների մի մասը համակարգիչ ներբեռնելու հնարավորություն կա, սակայն դա բավականին աշխատատար գործընթաց է:

LJ-ի համաձայնագիրն անընդհատ հիշեցնում է, որ օրենսդրությունը պարտավորեցնում է օգտատերերի տվյալները պահպանել եւ անհրաժեշտության դեպքում փոխանցել իրավասու մարմիններին: Օգտատիրոջ կողմից համաձայնագրի խախտումը կբերի բովանդակության մասնակի կամ ամբողջական հեռացման, կամ էլ՝ սահմանափակումների:

Արգելվում է գովազդ կամ քաղաքական ագիտացիա տարածել, եթե այն համաձայնեցված չէ ադմինիստրացիայի եւ օգտատիրոջ ձեռք բերած համաձայնության շրջանակներում:

Փոփոխությունները պայմանավորված են հետևյալ հանգամանքով. հոսթինգի սեփականատեր Ալեքսանդր Մամուտը LJ-ն տեղափոխել է ռուսական «Սուպ մեդիա» հոլդինգ: Ավելի վաղ այն գործում էր ամերիկյան LiveJournal Inc. հոլդինգի կազմում:

LJ-ի օգտագործման պայմաններում փոփոխությունների հնարավոր հետեւանքների վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը:

«Սուպ» մեդիայի կողմից, Livejournal-ից օգտվելու պայմանները փոփոխելը, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում: Հոսթինգը քաղաքական նկատառումներով ավելի կառավարելի դարձնելու միտում տեսնու՞մ եք:

Այս փոփոխությունների արդյունքում ավելացել են կետեր, որոնք արտառոց չեն և ռուսական մեդիա ոլորտում արդեն կան: «Սուպ»-ի կատարած փոփոխություններով՝  պարզապես LJ կիրառման պայմանները ՌԴ տեղեկատվության կարգավորմանը   վերաբերող օրենսդրությանը համահունչ են դարձել:

Արտառոցը ՌԴ տեղեկատվական դաշտում առկա իրավիճակն է, ոչ թե՝ «Սուպ»-ը:

Ի՞նչ խնդիրներ կառաջացնի սա ազատ խոսքի, Livejournal-ում առանց գրաքննության հրապարակումներ կատարելու տեսանկյունից:

Խնդիրներ այսպես թե այնպես կառաջանան եւ առաջանում են: Եվ խնդիրը միայն LJ-ի հետ կապված չէ: Ռուսաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում նաև ֆեյսբուքյան գրառումների համար: Իրավապահների համար կապ չունի, թե գրառումը որ հարթակում է:

Բլոգերն այսուհետ ուղիղ պատասխանատվություն է կրում ոչ միայն իր գրառումների բովանդակության, այլև դրանց մեկնաբանությունների համար: Սա որքանո՞վ օրինաչափ կամ հակառակը՝ անտրամաբանական ու վտանգավոր է:

Մեկնաբանությունների համար պատասխանատվությունը իրականում դառնում է լուրջ խնդիր: Բայց սա էլ նոր բան չէ, և ոչ միայն Ռուսաստանի համար:

Ավելին ասեմ, գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում՝ Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով, որտեղ ասվում է, որ լրատվամիջոցը պատասխանատու է մեկնաբանությունների համար նույնպես: Ուրիշ բան, որ Ռուսաստանում բլոգները միանշանակ համարվում են լրատվամիջոց, եթե ունեն 3000-ից ավելի ընթերցող:

Ի՞նչ խնդիրներ է ստեղծում սա հենց ՌԴ-ում գործունեություն ծավալող բլոգերների եւ ինչ խնդիրներ՝ այլ երկրներում ապրող հեղինակների համար: Արդյո՞ք նրանք բոլորն էլ նույն պատասխանատվության տիրույթում են, թե, ամեն դեպքում, այլ երկրների քաղաքացի հանդիսացող բլոգերները կարող են խուսափել անհարկի պատասխանատվությունից:

Չեմ կարծում, որ Ռուսաստանից դուրս գտնվողները պատասխանատվության կենթարկվեն: Գործը դեռ նման զարհուրելի բաների չի հասել: Սակայն LJ-ի սերվերները Ռուսաստանում են, և կոնկրետ բլոգներ կարող են այդ երկրի տարածքում կամ ընդհանուր առմամբ արգելափակվել:

Կարծում եմ, որ LJ-ն ավելի շատ միտված է արգելափակումների, քան՝ իրավական պատասխանատվության ենթարկելու: Եվ սա ամբողջ ռուսական մեդիայի խնդիրն է: Կապ չունի, թե դու որտեղ ես գրում՝ LJ-ում, թե Բլոգսփոթում:

LJ-ի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել բովանդակությունը և բլոգը, եթե 6 ամիս անընդմեջ մուտք չի իրականացվել: «Սուպ»-ը ի՞նչ խնդիր է փորձում լուծել սրանով:

Կարծում եմ սա ավելի շատ տեխնիկական որոշում է: Չնայած հիմա ինտերնետը գնում է նրան, որ նման սահմանափակումները վերացվում են: Մի ժամանակ էլեկտրոնային փոստերն էին այդ սկզբունքով գործում՝ եթե մի երեք ամիս մուտք չէիր գործում, արգելափակում էին մուտքը:

Բայց այս որոշումը տեխնիկական սպասարկման ծախսերը փաստացի նվազագույնի հասցնելու նպատակ ունի: Քաղաքական ենթատեքստ այստեղ չեմ տեսնում:

Արգելվում է գովազդ կամ քաղաքական ագիտացիա տարածել, եթե այն համաձայնեցված չէ ադմինիստրացիայի եւ օգտատիրոջ ձեռք բերած համաձայնության շրջանակներում: Սա ինչի՞ կարող է հանգեցնել:

Իրականում LJ-ը ժամանակին արգելում էր գովազդը: Հետո փորձեցին դա կարգավորել: Բայց ահա քաղաքական ագիտացիան ակնհայտ գրաքննության մուտք է: Սա զարհուրելի բան է:

Բոլորը գիտեն, որ LJ-ը Ռուսաստանում լավ տարածում գտավ շնորհիվ քաղաքական գրառումների: Մինչեւ Ռուսաստան մուտք գործելը՝ այն ավելի շատ ուսանողական, երիտասարդական հարթակ էր:

Վերջին սահմանափակումները կտանեն նրան, որ LJ-ը պարզապես կմահանա:

2000-ականների առաջին տասնամյակում LJ-ը Հայաստանում ամենաշատ օգտագործվող սոցիալական հարթակներից մեկն էր: Հայ բլոգերները LJ-ը թարգմանել էին հայերենի ու փաղաքշաբար անվանում էին Կենդանի մատյան:

Այլընտրանք միշտ կա

Բլոգեր Նոնինոն ասում է, որ նախ տհաճ էր հերթական անգամ բլոգ մուտք գործելիս բախվել նոր պայմաններն ընդունելու անխուսափելիության հետ՝ հնարավորություն չունենալով անգամ այն կարդալ, ուսումնասիրել:

«Առաջին իսկ ցանկությունը, որ մոտս առաջացավ, մատյանն ուղղակի փակելն էր, ջնջելը: Երկրորդը, ենթադրում եմ, որ 6 ամիս չմտնելու դեպքում բլոգն արգելափակելու մասին որոշում են կայացրել, որպեսզի ստիպեն ոչ ակտիվ բլոգերներին գոնե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան գրել: Սակայն, ըստ իս, անհեթեթ բան են մտածել: Կենդանի մատյանը չհասցրեց ժամանակին արձագանքել այլ՝ ավելի դինամիկ ու հեշտ օգտագործվող հարթակների աճին, իսկ հիմա ուշ է»,- ասում է Նոնինոն:

Բլոգերը այլ ռիսկեր չի տեսնում՝ եթե ցանկանում ես նորացված պայմաններից ազատվել, պարզապես կարող ես օգտվել բլոգային այլ հարթակներից կամ հենց ֆեյսբուքից: Մանավանդ, նրա խոսքով, հայկական բլոգներում քննարկումներ այլևս գրեթե չեն լինում, և ինտերակտիվության խնդիր չկա:

Հոդվածը պատրաստելու ընթացքում արձանագրեցինք, որ LJ-ում ժամանակին ակտիվ գրող հեղինակների մի մասը այլևս չի օգտվում հարթակից, համարելով այն այլևս հնացած:  

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?