«Ընտրարշավը նման է տարբեր քաղաքական ուժերի մենախոսությունների»

15.03.2017, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Վերլուծաբան Լևոն Մարգարյանը  փորձում է դիտարկել քաղաքական գործընթացները փիլիսոփայության տեսակետից: Ապրիլի 2-ին սպասվող ԱԺ ընտրությունները առիթ են խոսելու ընտրելու մշակույթի ու մեդիան որպես ինդիկատոր օգտագործելու մասին:

Ապրելով հիբրիդային համակարգում (պետք եղավ լիբերալ ենք, պետք եկավ՝ ավտորիտար), մենք այժմ ականատեսն ենք մի ընտրարշավի, որը տեղի է ունենում բաց ու հավասարակշռված մեդիայի ու բանավեճերի դեֆիցիտի պայմաններում:

Հիմա գտնվում ենք մի փուլում, երբ ակտիվ մեդիա արշավներ են ու փորձ՝ պատրաստվելու ապրիլի 2-ի ընտրություններին: Կարծես ամեն ինչ ընթանում է հանգիստ, խաղաղ հունով:

Այս ընտրությունները շատ ձանձրալի են թվում, չկան բանավեճեր և մրցակցություն: Պատճառը թերևս այն է, որ փոխվել է ընտրակարգի մեթոդաբանությունը. բեռը դրվել է վարկանիշային թեկնածուների վրա, իսկ համամասնական թեկնածուները ընդամենը նրանց ֆոնն են: Երբ մեր հանրապետությունում խորհրդարանական մանդատը դարձավ առաջնային, թեկնածուները շատացան, բարդացավ կողմորոշվելը հազարից ավելի թեկնածուների միջև:

Եթե նախկինում յուրաքանչյուր ընտրատարածքում երկու-երեք թեկնածու կար և հեշտ էր մրցակցել (կամ ես, կամ դու), հիմա նրանք կարող են 120 լինել: Իսկ երբ ընտրազանգվածը բաժանվում է մեծ թվով թեկնածուների միջև, բուն քաղաքական գործունեությունը ծավալվում է ոչ թե մեդիայում (այդ թվում Ֆեյսբուքում և այլ սոցցանցերում), այլ կուսակցությունների շտաբներում, որտեղ մարդիկ ցուցակներով նստած՝ որոշում են, թե քանի ընտրող կարող են ապահովել իրենց թեկնածուի համար:

Իշխանություններն էլ կարծես կարիք չեն զգում կռիվ տալու ընդդիմության հետ:

Այս պահին մեդիան կարող է արդյունավետ գործիք հանդիսանալ ընդդիմության համար, որն ի տարբերության իշխանությունների՝ այլ ռեսուրսներ չունի: Ասենք, ընտրակաշառք չի առաջարկում:

Եվ քանի որ վառ ընդգծված կոնֆրոնտացիա չկա, մենք ականատես ենք ոչ թե երկխոսության, այլ տարբեր մանր մենախոսությունների: Քաղաքական ուժերը ո՛չ բանավիճում են, ո՛չ հակադրվում միմյանց:

Տպավորություն է, որ նույնիսկ լրացնում են...

Համենայնդեպս, իրար չեն քննադատում, ավելի շուտ՝ ձևացնում են, թե չեն նկատում: Յուրաքանչյուր ուժ զբաղված է հավաքելով իր համար անհրաժեշտ նվազագույն տոկոսը, որը հիմա զգալիորեն նվազել է: Եթե նախկինում հարկավոր էր  մոտ 50 հազար քվե հավաքել, ապա հիմա կարելի է պատգամավոր դառնալ արդեն 10 հազար քվեով:

Թվում է, որ մեդիայում ակտիվություն կա. բոլոր ուժերը ու գրեթե բոլոր թեկնածուները բացել են ֆեյսբուքյան էջեր, բայց դա ընդամենը ֆոն է: Մանավանդ, երբ էջեր են բացում մարդիկ, որոնք կյանքում չեն օգտվել սոցցանցերից, իսկ հիմա փորձում են սիրուն պատկեր ստանալ, որպեսզի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոնիթորինգը գրանցի, թե իրենք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում:

Սոցցանցերի ակտիվությունը ընտրության բուն գործընթացի հետ կապ չունի:

Ունենք հազարից ավելի թեկնածու, այդքան էլ ֆեյսբուքյան էջ, պաստառ, ուղերձ և այլն: Եվ մենք իրականում նրանց չենք տեսնում, քանի որ այդ քանակի մեջ նրանք տեսանելի չեն:

Դիտելով հանրային հեռուստատեսության քարոզարշավի բլոկը, նկատում ենք հավասարակշռությունն ու չեզոք (անգամ բարի) շեշտադրումները: Ամեն ինչ լա՞վ է:

Կարծես, մտել ենք քարոզարշավի փուլ արդեն իսկ հստակեցված, պայմանավորված ու բոլորի կողմից ընդունված խաղի կանոններով: Իշխանություններն առաջարկեցին օրակարգ, և մյուս քաղաքական ուժերը լուռ համաձայնությամբ տեղավորվեցին այդ օրակարգի մեջ:

Սա չի նշանակում որ պայմանավորվածությունը ուղիղ կերպով է, դա հասկանալու համար բավական է հետևել մեդիային, որն օգնում է առանց դավադրապաշտական տեսությունների տեսել իրականությունը: Մենք չգիտենք, հանդիպել են թե ոչ քաղաքական ուժերը, ինչպիսի ֆինանսական շրջանառություն կա նրանց միջև, բայց մեդիայով տեսնում ենք, թե ինչ է կատարվում:

Բոլոր լրատվամիջոցները բաց են: Հանրային հեռուստաալիքը միջինը երեք րոպե տևողությամբ, օբյեկտիվ, լավ մոնտաժված դրական ռեպորտաժներ է պատրաստում բոլոր ինը ուժերի մասին:

Իհարկե, հիշում ենք, թե ինչ դիրքորոշում ուներ այդ ալիքը 2008 թվականին, հիմա պատկերն այլ է:

Ի վերջո, ամեն ինչ հիմնված է քաղաքական որոշման վրա, իսկ որոշումը հիմա քաղաքակիրթ ընտրությունների պատկեր ստեղծելն է: Եվ եթե ընդդիմադիր ուժերը մտել են պայքարի մեջ, պետք է հենց այդպես էլ դիրքավորվեն: Գոնե մեդիան իրենց այդ հնարավորությունը տալիս է:

Լրատվամիջոցները մշտադիտարկման փուլում են և աշխատում են առավել զգոն ու զգույշ լինել:

Լրատվամիջոցները փորձելու են բոլորին հավասարապես լուսաբանել (դեռ մի բան էլ՝ իշխանություններին ավելի քիչ):

Իրականում այս ընտրությունները դրսի համար շատ լավ ու գեղեցիկ խաղի են նման: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միայն ընտրությունների օրն է գնալու ընտրատեղամասեր, իսկ մնացած օրերին հետևելու է մեդիային՝ մոնիթորինգի ենթարկելով հանրային հեռուստաընկերությունն ու մի քանի այլ լրատվամիջոցներ: Տեսնում ենք, որ բոլորը եթերում խոսելու հավասար հնարավորություններ ունեն, և տարերային դեպքերը բացառված են: Եթե իրական կոնֆրոնտացիա լիներ, հանրային հեռուստատեսությունը դա ցույց չէր տա: Նաև դա է ապացուցում, որ մեդիան ինդիկատոր է:

Կարելի՞ է սպասել, որ եթերում կլինեն սուր բանավեճեր, քաղաքական տեքստեր, բախումներ, թե՞ ամեն ինչ այդպես հաշտ կընթանա:

Վերջերս քաղաքական ուժերը լրագրողներին ներկայացրեցին իրենց տնտեսական ծրագրերը: Եվ ստացվեց այնպես, որ բանավեճ ու քննարկում չեղավ, անգամ լրագրողներին չհաջողվեց այն խթանել: Ըստ էության՝ միակ մարդը, որը հիմնավոր ծրագիր ուներ, Հրանտ Բագրատյանն էր («Ազատ դեմոկրատներ»), բայց մենք չտեսանք այդ ծրագրի կետերի ճիշտ կամ սխալ լինելը, քանի որ ոչ ոք նրան չհակադարձեց:

Բանավիճելու փորձ արեց միայն մեկ լրագրող, ինչի արդյունքում հարցուպատասխաններում թեթև կոնֆլիկտ զգացվեց: Իսկ մնացած ուժերը փորձում էին այդ ծրագիրը չլսելու տալ:

Մնացած ծրագրերում կարելի է լսել միայն ընդհանուր խոսքեր, որ պատրաստվում են թոշակները բարձրացնել, վատ բաները վերացնել: Իսկ դրանք կենացներ ու բարեմաղթանքներն են, այլ ոչ թե տնտեսական ծրագրեր: Իշխանությունները դրանց չեն էլ արձագանքում:

Այնպես որ, տեքստեր ունենալու ենք, բայց երկխոսություն՝ ոչ: Ինը ուժ մենախոսելու է, և մենք նույնիսկ գեղագիտական հաճույք չենք ստանա՝ նրանց լսելով:

Բանավեճի նշաններ ծագում են, երբ «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի անդամները տարբեր հեռուստաշոուներում խոսում են Ղարաբաղի խնդրի մասին: Այդ դեպքում բոլոր մնացած ուժերը բանավիճում են հենց «ՀԱԿ-ՀԺԿ»-ի հետ:

Եվ ստացվում է, որ ղարաբաղյան հարցը միակ քաղաքական թեմատիկան է, որը դեռ քննարկվում է: Համենայնդեպս, ապրիլյան պատերազմը, լարվածությունը սահմանին ստիպում է Ղարաբաղյան խնդիրը ընկալել ներքաղաքական համատեքստում: ՀԱԿ-ը գնալով ռիսկի, դա դարձրեց ներքաղաքական հարց, և ըստ էության՝ ստացվեց:

Բայց մնացած բոլոր դեպքերում՝ զրույցը մտնում է էթիկայի ոլորտ («ոչ մի թիզ հող», «հայի արյուն» և այլն), և քաղաքականությունն այլևս վերանում է:

Կարծում եմ՝ ղարաբաղյան խնդրի քննարկումից բացի, այլ սուր քննարկում մենք չենք տեսնի: Եթե ընտրատարածքներում 120 թեկնածու է լինելու, նրանք չեն բանավիճի: Շատերը համարում են, որ բանավեճերը անարդյունավետ են, փորձելու են գտնել իրենց էլեկտորատն ու նրա հետ աշխատել:

Երբ ընդդիմադիրներն են միմյանց հետ մրցում, հայտնվում է դրամատուրգիայի պակաս: Եթե բախումը լիներ ՀՀԿ-ի հետ, կմտածեինք, թե կստացվի բան փոխել, բայց հարցը, թե մի փոքր ուժը մյուս փոքր ուժից որքան ձայն կտանի, հետաքրքիր չէ:

Եթե լիներ հակաքարոզչություն կամ ավելի կեղտոտ քարոզչություն, իրար դեմ սրում, դա կվկայեր քաղաքական պրոցեսի մասին: Ի վերջո, եթե ընդդիմադիրներին ճնշում են, ուրեմն վտանգ են զգում: Իսկ հիմա վտանգը չի երևում, քանի որ ուժային կենտրոնը այլ տեղ է:

Ըստ էության՝ ամենալավը դա արտացոլվում է հենց մեդիայում: Որքան էլ մեդիան լինի կառավարելի ու կոռումպացված, միևնույն է շարունակում է մնալ ամենաթափանցիկ գործիքը: Նույնիսկ ծայրահեղ կառավարելի մեդիան ուսումնասիրելով՝ կարող ենք եզրակացնել, ֆիլտրել, ենթադրել:

Մեդիան շատ լավ ինդիկատոր է, որն օգնում է հասկանալ իրականությունը թե՛  տեքստերի, թե՛ տարածման, թե՛ սոցցանցերի էջերի միջոցով:

Այո, հիմա ոչ մի քննարկում տեղի չի ունենում, և ոչինչ չի հուշում, որ կլինի:

Ընդդիմադիր ուժերի միավորում սպասելը պատրա՞նք է: Գոնե ապագայում:

Ամբողջ աշխարհում էլ ազատական ուժերն ավելի քմահաճ են ու դժվար են միավորվում, ի տարբերություն իշխանական կոնսերվատիվ ուժերի, որոնք ունեն հիմնական նպատակ՝ պահպանել իրենց մասնավոր սեփականությունը: Նրանց համար քաղաքականության դաշտում մնալը անձնական խնդիր է, այլ ոչ թե գաղափարախոսություն:

Ընդդիմությունը չունի մեծ անձնական կապիտալ, գաղափարական շերտն ամբողջովին չի կայացել և քանի որ պայքարի մշակույթով չեն անցել՝ դժվար են գնում փոխզիջումների: Նրանց համար քաղաքականությունն ավելի շուտ էսթետիկական կամ էթիկական դաշտ է, ինչը դժվարացնում է նրանց կոնսոլիդացիան: Այդ պատճառով մենք հիմա ունենք տարբեր ֆունկցիա կատարող ընդդիմադիր ուժեր:

Այո, ընդդիմության վակուում կա:

Հայաստանի պես պետությունները, որոնք ունեն տոտալիտար անցյալ, քաղաքականության մասին շատ պարզ պատկերացումներ ունեն: Մեր տիպի հասարակությունների ընտրության հիմքերը սև-սպիտակի վրա են կառուցված: Մարդիկ մասնակցում են ընտրությունների, երբ տեսնում են այդ սև-սպիտակի հակադրությունն ու ընտրում իրենց պատկերացումներով սպիտակը: Մնացած դեպքերում խճճվում են:

Հիմա այդ ընտրության հնարավորությունը հասարակության համար բացառել են՝ դարձնելով խորհրդարանը առաջնային մանդատ ու մտցնելով վարկանիշային տարրը, որոնք հատուկ են ավելի զարգացած երկներին: 

Լրագրողները փաստեր են պեղում, բացահայտում, ահազանգում, բայց նրանց հետաքննությունները չեն ազդում իրավիճակի վրա: Օրինակ, օֆշորային սկանդալը չխանգարեց Միհրան Պողոսյանին ձգտելու պատգամավորի մանդատին:

Հայաստանում չի աշխատում հանրային հաշվետվողականության գործոնը: Օրինակ, «Էլեկտրիկ Երևանի» օրերին, լուրջ վիրավորանք հասցվեց Արմեն Աշոտյանին, և բոլորին թվում էր, որ դրանով նրա քաղաքական կշիռը լուրջ անկում ապրեց: Բայց իրականում, իշխանական կառույցների ներսում նրա կշիռը միայն բարձրացավ, քանի որ իշխանությունների տեսակետից՝ հանրության կողմից պարսավանքի արժանանալը կարևոր չէ: Կարևորը իրենց փակ խմբին հավատարիմ լինելն ու հարված ընդունելն է:

Միհրան Պողոսյանին էլ հեռացրեցին ոչ թե «Հետքի» բացահայտած կոռուպցիոն սկանդալի, այլ ընդհանուր գծից շեղվելու պատճառով: Ավելի լուրջ կոռուպցիոն շղթայի մեջ էր թաթախված նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, բայց դա ոչ մի կերպ չազդեց նրա հետագա ճակատագրի վրա՝ մնալով ներիշխանական խնդիր:

Իրականում իշխանությունները չեն համարում, որ իրենց պատվիրատուն ու գործատուն հանրությունն է: Անկեղծ ասած, հանրության ընկալումներում էլ կոռուպցիան քննադատելի չէ: Ժողովրդական լեզվով ասած՝ կե՛ր, բայց մեզ էլ չմոռանա՛ս:

Միհրան Պողոսյանը երևի ավելի շատ քննադատվեց իր քարոզարշավում զոհված զինվորների մայրերին ընդգրկելու, քան իր կոռուպցիոն սկանդալի համար: Այսինքն, աշխատեց ավելի շատ էթիկական գործոնը: Միջին հայաստանցու պատկերացումները քաղաքականության մասին հիմնված են ավելի շատ էթիկայի, քան քաղաքացի-պետություն հարաբերությունների վրա:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?