Մի հայտարարության անհայտ պատմություն

12.01.2017, Պատկեր

Լրագրող

23 ապրիլի, շաբաթ, 1921 թվական: Հայտարարություն «Կոմունիստ» օրաթերթի 4-րդ էջում, «խմբագրութեան կողմից». «Ընկ. Լեռ Կամսարին և Փալանդուզ Մկօին խնդրւում է մըտնել խմբագրատուն»:

Այսօր արդեն գրեթե անհնար է իմանալ, թե ինչն է եղել  հայտարարության դրդապատճառը, թե ինչու երգիծաբաններ Լեռ Կամսարին ու Փալանդուզ Մկոյին գտնելու և խմբագրություն հրավիրելու այլ տարբերակ չունենալով, թերթի տնօրինությունը որոշել է նրանց «բերման ենթարկել» այս հայտարարության միջոցով: Հաշվի առնենք, որ սա մի ժամանակ էր, երբ բջջային հեռախոսներ, մեյլեր և չաթեր չկային, իսկ ֆիքսված հեռախոսակապ՝ Երևան քաղաքում ունեին հատուկենտ բարձրատսիճան պաշտոնյաներ:

Ու եթե մտավորականին չեն ձերբակալում, որպեսզի նրա տուն ՆԿՎԴ-ի աշխատակիցներ ուղարկեն, ու խոսքն ընդամենը մի անմեղ հրավերի մասին է, ապա մնում էր միայն թերթում հայտարարություն տալ:

Հայտարարությունը միգուցե եղել է երկու արդեն նշանավոր երգիծաբաններին աշխատանքի հրավիրելու առաջին քայլը խմբագրության կողմից, քանի որ, ինչպես պարզեցինք ուսումնասիրելով կենսագրական տվյալները, Լեռ Կամսարն ու Փալանդուզ Մկոն (Մուշեղ Բագրատունի, նրա պատմվածքի հիման վրա, օրինակ, նկարահանվել է հայտնի «Շոր և  Շորշոր» ֆիլմը) հենց 1921 թվականից սկսած, աշխատել են «Կոմունիստ»-ում, դարձել ՀԿԿ Կենտկոմի պաշտոնաթերթի երգիծական բաժնի աշխատակիցներ:

Ընդ որում, Մուշեղ Բագրատունին, որը բազմաթիվ անգամ հետապնդվել է հեղափոխական գործունեության համար, չնայած 1921 թվականին դարձել է Բաշ-Գառնիի գյուղհեղկոմի առաջին նախագահը, իր պաշտոնին զուգահեռ է թղթակցել «Կոմունիստին»:

Սա, կարելի է ասել, եղել է այն ժամանակվա էլեկտրոնային նամակը, կամ հեռախոսազանգը Կամսարին և Փալանդուզ Մկոյին:

Ակնարկ. Լեռ Կամսարն ու Փալանդուզ Մկոն առանձնահատուկ ներդրում ունեն հայկական մամուլի զարգացման գործում:

Լեռ Կամսարի առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910 թվականին, Վանի «Աշխատանք» թերթում: Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին:

Փալանդուզ Մկոն 20-րդ դարի սկզբին աշխատակցել է Բաքվում և Թիֆլիսում հրատարակվող «Կայծ», «Նոր խոսք» և «Օրեր» թերթերին, հանդես գալով տարբեր ծածկանուններով։ 1911 թվականին, քաղաքական երկար հետապնդումներից հետո վերադառնալով Երևան, հրատարակել է «Կռան» հասարակական-տնտեսական և գրական-գեղարվեստական շաբաթաթերթը։ Այն միաժամանակ երգիծական բնույթ ուներ և իբրև այդպիսին Երևանում առաջին թերթն էր։  Թերթը ծավալել է այն ժամանակվա համար աննախադեպ գործունեություն: Մուշեղ Բագրատունին «Կռանի» էջերում բացահայտ քննադատել է ցարական կառավարությանը:

Արդեն խորհրդային տարիներին Բագրատունին աշխատակցել է «Մաճկալ», «Կոմունիստ» (ավելի ուշ՝ «Խորհրդային Հայաստան») թերթերին, «Մոծակ» և «Աշխատանք» ամսագրերին:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?