2020.05.19,

Ստուգված է

Լանսարոտեի կոնվենցիան և մանիպուլյատիվ պնդումները

Մայիսի 11-ին Աժ-ն վավերացրեց  «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որ Հայաստանը ստորագրել է դեռ 2010 թվականին։ Կոնվենցիան ստորագրած 48 պետություններից 47-ը այն արդեն վավերացրել են։

Կոնվենցիան քննադատվեց օնլայն և լրատվական հարթակներում։ Ամենաշատը քննարկվեց կոնվենցիայի` երեխաների կրթությանը վերաբերվող կետը։

Մենք անդրադառնում ենք այս ընթացքում քննարկված երեք հիմնական մանիպուլատիվ պնդումներին։ Դրանք են երեխաների այլասերումը կրթության ընթացքում, նույնասեռականության քարոզը և կոնվենցիայի՝ երեխաների հանդեպ բռնություն որակումը։

Երբ նույնականացվում են Լանսարոտեի կոնվենցիան և երեխաների այլասերումը

Լանսարոտեի կոնվենցիայի 6-րդ հոդվածը ամենաշատն է քննարկվում։

Օնլայն և լրատվական հարթակներում տարածվեցին  պնդումներ, որ վաղ տարիքում երեխաների սեռական դաստիարակությունը կարող է անհարկի հետաքրքրություններ առաջացնել, սեռականության մասին փոխանցվող տեղեկությունը երեխաների համար կլինի անհասկանալի, տարիքին անհամապատասխան, առանձին դեպքերում խոսվեց դպրոց գնալու առաջին օրերից երեխաներին սեռական կյանքի մասին պատմելուց, և այս ամենը որակվեց որպես երեխաների այլասերում։

Այսպիսի պնդման օրինակ է BlogNews.am կայքում տեղ գտած «ԱԺ-ն վավերացրեց մի կոնվենցիա, որով դպրոցական կյանքի հենց սկզբից երեխան կլսի և կխոսի սեքսի մասին» նյութը, որը ամբողջությամբ «Հայաստանի վերահսկողության կենտրոն»  հկ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանի կարծիքն է։ Գրառման մեջ հկ-ի նախագահը պնդում է, որ երեխան դպրոցական կյանքի հենց սկզբից կլսի ու կխոսի սեքսի մասին։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է «Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ  ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: Պարզ է, որ սեռական հարաբերության մասին խոսելը երեխաների կարողություններին համաձայն չէ։

Աժ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքից ևս կարելի է հասկանալ, որ կրթությունը երեխաների համար լինելու է իրենց տարիքին համապատասխան  «Կոնվենցիան խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ, երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու հնարավորություն տալ և ինքնապաշտպանելու ունակություններ: Սա չի նշանակում, որ տարրական դպրոցի երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմելիությունը»։

Կարապետյանը նաև կարևորում է երեխաների վաղ տարիքում այսպիսի կրթությունը ստանալը, քանի որ հենց այս տարիքում են երեխաները առավել խոցելի։

Նույնասեռականության քարոզը և կոնվենցիան

Ամենաքննարկվող հոդվածներից հաջորդը 2-րդն  է, որը սահմանում է խտրականության արգելք՝ ներառելով սեռական կողմնորոշումը։

Լրատվամիջոցները և անհատները կողք կողքի են դնում երկրորդ և վեցերորդ հոդվածները  և ստեղծում պատկեր, որ երեխաները ստանալու են կրթություն նույնասեռականության մասին, և դպրոցում երեխաների հետ աշխատելու են ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները։

Yerkir.am կայքը հրապարակումներից մեկում անդրադառնում է կառավարության ներկայացուցիչների այն պնդմանը, թե իրենք վերահսկում են կրթական պրոցեսները և կարող են բացառել վատ բովանդակությամբ նյութերի և անհանգստության առիթ հանդիսացող ՀԿ-ների մուտքը դպրոց։

Հոդվածում բերվում է օրինակ, երբ դպրոցներում ՀԿ-ների կողմից սեռական կրթությանը վերաբերող դասընթացներ են իրականացվել։ Նյութի վերջում հեղինակը վստահորեն համոզում է ընթերցողին, որ իրենց ներկայացրած անձինք ներխուժելու են դպրոցներ և դասավանդելու են սեռական կրթություն, մեղադրում է ԱԱԾ-ին անգործության մեջ։

Հոդվածը ծավալուն է, բայց միայն առաջին և վերջին մի քանի պարբերություններն են կոնվենցիայի մասին։

Կոնվենցիայի հինգերորդ հոդվածը վերաբերում է  երեխաների հետ աշխատող անձանց հավաքագրմանը, ուսուցմանը և իրազեկության մակարդակի բարձրացմանը։

Հոդվածի երկրորդ կետում նշվում է, որ երեխաների հետ աշխատող անձինք ունենան բավարար գիտելիքներ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բռնության դրսևորման վերաբերյալ, կարողանան բացահայտել նման իրավախախտումները։

Երեխաների հետ աշխատող անձինք պետք է ունենան համապատասխան գիտելիքներ։ Կոնվենցիայի որևէ կետում չի խոսվում նրանց ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչ լինելու պարտադիրության մասին։ Սահմանվում է,  թե ինչ պետք է ուսուցանվի երեխաներին՝ սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին։ Կոնվենցիայի այս հոդվածները միասեռականության քարոզ մասին չեն։

Կոնվենցիան հենց ինքը բռնությունն է

Եթե որոշ դեպքերում կոնվենցիայի աղմուկ հանած երկու կետերն են քննադատվում, և հանդիպում ենք հնարավոր ռիսկերի առողջ վերլուծության, ապա կան դեպքեր,  երբ լրատվամիջոցները և անհատները կեղծ պնդում են ներկայացնում, որ կոնվենցիայի երեխաների սեռական բռնությունից և սեռական շահագործումից պաշտպանող չէ, այլ լրիվ հակառակը։

«Գոլոս Արմենիա» կայքում տեղ է գտել «Լանսարոտեի կոնվենցիան ինքնին արդեն բռնություն է երեխաների նկատմամ» վերնագրով նյութ։

Նյութում կոնվոնցիայի իրականացման հնարավոր ռիսկերը ներկայացվում են որպես արդեն գոյություն ունեցող իրողություններ և հրամցվում հասարակությանը` որպես անխուսափելի իրականություն, մինչդեռ դրանք միայն վարկածներ են։

ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարությունը դեռ չունի այն ուսումնական ծրագիրը, որով պետք է իրականացվի կրթությունը, հետևաբար հոդվածը քննադատում է մի բան, որը դեռ գոյություն չունի։

Եթե կարդանք կոնվենցիան, ապա կտեսնենք, որ բերված 50 հոդվածներից միայն մեկն է վերաբերվում կրթությանը, մյուս կետերը մանկապղծության դեմ ուղղված գործողություններին են վերաբերում, հետևաբար այն պնդումը, որ կոնվենցիան ինքնին արդեն բռնություն է երեխաների դեմ, կեղծ է։

Մետաքսյա Մաթևոսյան
Հոդվածը պատրաստվել է որպես ուսումնական նյութ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Փաստերի ստուգման ուսումնական ծրագրի շրջանակներում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *