«Կումայրի»-ի արխիվային համարների արժեքը

07.12.2011, Նյուսրում

Այս տարվա նոյեմբերի 11-ից shirakcentre.org կայքի խմբագրակազմը «Հիշողություն» խորագրի ներքո սկսեց տպագրել «Կումայրի» օրաթերթի հավելվածները` նվիրված 88-ի աղետի զոհերին: 1990-93թթ-ին թերթի այդ համարներն ամենափնտրվողն էին գյումրեցիների համար: Այնտեղ տպագրվում էր ոչ միայն հետաղետյան օրերի խրոնիկան, այլեւ աղետին զոհ գնացած մարդկանց անուններ,լուսանկարներ եւ պատմություններ:

1993 թ.-ին 105 համար տպագրելուց հետո անհայտ պատճառներով հավելվածի տպագրությունը դադարեցվեց: Երբ Ֆեսբուքյան իմ էջում առաջին անգամ հանդիպեցի այդ հրապարակումներին` տարակուսեցի: Դա չփակվող վերքին աղ լցնելու պես մի բան թվաց ինձ: Հիշեցի, որ այդ համարները սրբությամբ պահվում են նաեւ մեր տանը: 

«Հավատա դրա պահանջը կար, եթե չլիներ, չէինք տպագրի»,- հավաստիացրեց «Շիրակ» կենտրոնի ղեկավար եւ կայքի հիմնադիր Վահան Թումասյանը:

Մինչև օրս գյումրեցիների մեծ մասի մոտ կա կարծիք, որ այդ հավելվածների տպագրությունը դադարեցվեց, որպեսզի չբացահայտվեր Լենինականում 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների իրական թիվը: Թերթում տպագրվում էր բոլոր զոհվածների անուն-ազգանունները ու նրանց հարազատների հետ ունեցած հարցազրույց-պատմությունները:

«Այն տարիներին «Կումայրին» դեկտեմբերյան աղետի և հետերկրաշարժյան իրադարձությունների առավել ամփոփ տեղեկատվություն պարունակող տպագիր միակ միջոցն էր: Հավելվածի բոլոր համարներն առկա են մեր ձեռքի տակ ու քանի որ հետաքրքրություն կար, ուստի որոշեցինք այն ամբողջությամբ` էլետրոնային տարբերակով տեղադրել մեր կայքում»,- բացատրեց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը: 

Վերջինիս կարծիքով սա մի տարբերակ է հինը նորովի մատուցելու: Տարիներ են անցել, եղել է սերնդափոխություն ու ինտերնետ կայքերին կառչած պատանիներին հավանաբար կհետաքրքրի այդ տարիների խրոնիկան: Իսկ Գյումրիում գործող հեռուստաընկերություններն ու տպագիր մամուլը, որ գրեթե ամբողջ տարին են լուսաբանում աղետի գոտու հիմնախնդիրները, դեկտեմբերի 7-ին կարծես ամփոփում են դրանք: Ով եկավ, ով գնաց, ով ծաղկեպսակ դրեց, հերթական ինչ խոստումը տրվեց, որքան անօթեւան կա դեռ տնակներում, քանիսն են բնակարանամուտ տոնել, որքան բնակարան կկառուցվի հաջորդ տարի, որքան երեխա ծնվեց Շիրակի մարզում դեկտեմբերի 7-ին եւ այլն: 

Այս դեկտեմբերի 7-ն էլ գրեթե չտարբերվեց նախորդներից լրատվամիջոցների կողմից իրադարձությունների լուսաբանման առումով: Միայն թե պետական այրերի կողմից հնչող խոստումներն էին պակասել կամ կարելի է ասել, իսպառ վերացել: Ու այդ առումով լրագրողները գյումրեցուն փոխանցելու բան չունեցան այս տարի: Գյումրի եւ Ամասիա այցելած վարչապետն այդպես էլ չէր համաձայնվել հարցազրույց տալ`մամլո խոսնակի միջոցով փոխանցելով լրագրողներին ընդամենը մեկ նախադասություն. «կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի աղետի գոտում»:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?