2012.02.01,

Նյուսրում

2011 մեդիա տարվա ամփոփում՝ 34 դատական գործընթաց միլիոնանոց փոխհատուցումներով (ինֆոգրաֆիկա)

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

2011 թվականն աննախադեպ էր ԶԼՄ-ների դեմ դատական գործերի քանակով. նախորդ տարվա ընթացքում մեդիաների դեմ 34 դատական գործընթաց է եղել: Այս մասին հայտարարում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ):

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ 2011-ը շատ լարված տարի էր մեդիաների համար: Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կիրառումը տարվա ընթացքում դարձավ իրավական, քաղաքական եւ տնտեսական ճնշման գործիք հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ, որոնցից պահանջվող փոխհատուցումը հասնում էր մի քանի միլիոն դրամի:

«Գրեթե ոչ մեկը չէր ուզում օգտվել հերքման կամ պատասխանի իրավունքից, փոխարենը պահանջում էին առավելագույն չափով փոխհատուցումներ»,- ասում է նա:

Կոմիտեի բնորոշմամբ՝ լրատվամիջոցների դեմ դատական այս գործընթացները միտում ունեն ֆինանսական կոլապսի մեջ գցելու առանց այն էլ դժվարին պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողներին եւ լռեցնելու հատկապես անցանկալի ԶԼՄ-ներին:

2011թ.-ին մեդիաների դեմ դատական գործերը

«Նման իրավիճակում առավել մեծանում է նաեւ լրատվամիջոցներում ինքնագրաքննության վտանգը, ինչպես նաեւ ի հայտ են գալիս թաքնված գրաքննության տարրեր»,- նշվում է ԽԱՊԿ զեկույցում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է նաեւ որ 2011 թվականին 2010-ի համեմատ զգալիորեն ավելացել են ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները, սակայն նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերը եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները:

«2011 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է 49 միջադեպ, որի 34-ը դատական գործընացներ են: 2008 թվականին գրանցվել էր լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 16 դեպք, 2009-ին` 14, իսկ 2010-ին`19»,- նշված է զեկույցում:

Ի տարբերություն ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակի աննախադեպ աճի` ըստ ԽԱՊԿ-ի՝ տեղեկություններ ստանալուն եւ տարածելուն վերաբերող իրավախախտումները 2011 թվականին նկատելիորեն նվազել են նախորդ տարիների համեմատությամբ. 2010 թվականի 18-ի համեմատ՝ նախորդ տարի եղել է խախտումների 7 դեպք:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կարծիքով՝ 2012-ը մեդիաների համար պակաս լարված տարի չի լինելու, քանի որ գալիք ընտրությունները լուրջ փորձություն են դառնալու նրանց համար եւ մեդիաները չեն կարողանալու խուսափել ճնշումներից:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *