2013.05.29,

Քննադատ

Վտանգ կա, որ գրագողության դեմ պայքարողները «ջրի հետ կթափեն նաեւ երեխային»

Հայկական առցանց ԶԼՄ-ների վիճակը, երբ բովանդակություն ստեղծողները վարկանիշային առումով ավելի ցածր սանդղակներում են, եւ ըստ այդմ՝ գովազդատուների համար պակաս գրավիչ, քան «պարազիտ» լրատվամիջոցները, որոնք իրենց լրահոսը համալրում են ֆեյսբուքյան գրառումներով, սրանից-նրանից լուրեր թռցնելով՝ վերջին շրջանում ստիպել են շատ լրատվամիջոցների հանդես գալ տարատեսակ նախաձեռնություններով, որոնց միտվածությունը միակն է՝ հնարավորինս խոչընդոտներ հարուցել ուրիշի աշխատանքի յուրացմամբ ու բացառապես պատճենահանմամբ գոյատեւող լրատվամիջոցների առջեւ:

Եվ ծնվել են բազմազան կանոնակարգումներ, որոնց մասին արդեն շատ է գրվել՝ մեկը պահանջում է իր նյութերը մեջբերել միայն գրավոր թույլտվության դեպքում, երկրորդը՝ իրավաբանների օժանդակությանն է դիմել, իսկ ահա գլխավոր խմբագիրներն էլ պատրաստակամություն են հայտնել «պայմանագրեր կնքել այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլից՝ մամուլի տեսության կամ այլ եղանակով»:

Մի կողմ թողնենք, որ նման նախաձեռնություններով հանդես եկողներից ոմանք իրենք էլ երբեմն առանձնապես բարեխիղճ չեն գործընկերների հեղինակային իրավունքները հարգելու պարագայում, եւ անձամբ եմ համոզվել՝ բավական հիվանդագին են արձագանքում պատշաճ հղումներ անելու հորդորներին: Սակայն ոչ մեկս անթերի չենք՝ երբեմն հնարավոր է, որ իրոք մոռանաս հղում անել, կամ Google-ից նկարներ վերցնելու պատճառով՝ հստակ չիմանաս, թե հատկապես ում է պատկանում տարածված լուսանկարի հեղինակային իրավունքը:

Ընդհանուր առմամբ գործընկերներս իրավացի են՝ ուղղակի անհանդուրժելի է վիճակը, որ մի խմբագիր ու երկու նյութ տեղադրող ունեցող կայքերը պետք է շարունակեն յուրացնել բազմաթիվ լրագրողներ պահող, հարկեր վճարող եւ այլ ծախսեր անող լրատվամիջոցների աշխատանքի արդյունքները:

Սակայն արդեն իսկ նկատելի է, որ այս նախաձեռնությունները մի վտանգ են պարունակում՝ կարծես միտում կա ընդհանրապես սահմանափակելու սեփական նյութերը մեջբերելու հնարավորությունը: Մինչդեռ սա կնմանվի «կեղտոտ ջրի հետ երեխային էլ թափելուն»: Մի մոռացեք՝ նյութերը մեջբերելով դրանց կշիռ ենք հաղորդում:

Եվ սա լավագույնս ներկայացրել էր Սամվել Մարտիրոսյանը դեռ երկու տարի առաջ հրապարակված հոդվածում: Այստեղ նա մասնավորապես պատմել էր Yandex – Новости ծրագրի ղեկավարների հետ հանդիպման մասին, որի ընթացքում անդրադարձ էր եղել այն փաստին, թե նույնիսկ Հայաստանի ներքին իրադարձությունների մասին Yandex – Новости-ի թոփ լուրերում հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցները.

«Եվ հարց ծագեց, թե որոնք են այն հիմնական պայմանները, ըստ որոնց այս կամ այն լրատվամիջոցը կամ առանձին նյութը բարձր քաշ է ստանում եւ հայտնվում է Yandex – Новости-ի ամենաբարձր դիրքերում։ Հիմնական մի քանի կարեւորագույն չափանիշ կա։
Առաջինը՝ գրառումը պետք է լինի «ունիկալ»։ Կարճ ասած՝ ոչ մեկից վերցրած չլինի։
Երկրորդը՝ Yandex-ը ուշադրություն է դարձնում, թե որքանով է տվյալ ԶԼՄ-ն եւ կոնկրետ լուրը մեջբերվում այլ լրատվամիջոցների կողմից։ Yandex-ն ըստ ծանրության դասակարգում է հետեւյալ հղումներն այլ կայքերի կողմից՝
1. Ակտիվ հղում (hyper-link) կոնկրետ նյութին
2. Ակտիվ հղում հիմնական էջին
3. Հասարակ հղում լրատվամիջոցին, առանց ակտիվ հղման
Եվ պարզվում է այն, ինչն առանց այդ էլ պարզ էր, հիմա Yandex-ն էլ է ասում։ Հայկական մամուլում շատ է, այսպես կոչված, ընդօրինակված նյութերի քանակը, որոնք հղում չունեն բնօրինակին: Հայկական ԶԼՄ-ներն իրար հղում չեն անում, ի հակառակ ադրբեջանական կայքերի, որոնք չեն զլանում իրար վրա հղումներ դնել»:

Ի հավելումն նշենք, որ մոտավորապես նույն սկզբունքով է գործում նաեւ Google News-ը:

Այս հիշեցումից հետո գործընկերներիս առաջարկում եմ՝ պայքարեք ոչ թե հանուն նրա, որ ձեր նյութերը չմեջբերեն՝ դա անեն միայն պայմանագրերի առկայության դեպքում եւ այլն, այլ փորձեք օրենսդրական, մամուլի ինքնակարգավորման եւ այլ ճանապարհներով հասնել նրան, որ մեջբերումներն անպայման լինեն ակտիվ հղումով: Այդպիսով, դարձյալ եմ շեշտում, մեր նյութերն ավելի մեծ կշիռ կստանան:

Aravot.am կայքն, ասենք, ընդամենն այդքանն է պահանջում, որ մեջբերումը լինի նյութի հիպերհղումով, եւ այն տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում: Մոտավորապես նույնպիսի պահանջներ ունեն նաեւ 168.am եւ galatv.am կայքերը: Այլ հարց է, որ որոշ պաթոլոգիկ գրագողեր անգամ նման հասարակ խնդրանքը չեն հաշվի առնում, եւ նման կայքերի խմբագիրների վրա ոչ առանձնազրույցներն են ազդում, ոչ էլ «Ֆեյսբուքում» լրագրողական մասնագիտական խմբերում մշտական պարսավանքի առարկա լինելը: Այ նմանների դեմ հաստատ արժե իրավական որոշակի մեխանիզներ որոնել:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *