2019.11.22,

Տեսակետ

«Վարձքս այն է, ինչ բոլորինը՝ լայք, սրտիկ, մեկնաբանություն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այսօր, երբ սոցցանցի լրահոս թերթելը կենցաղային արարողակարգ է՝ ատամներ մաքրելու, սրճելու, լոգանք ընդունելու պես, գրողը երկակի վիճակում է. նա կամ խաղում է ցանցի կանոններով՝ օպերատիվ ու վաղանցիկ լրահոսի դաշտում, կամ փորձում է որսալ ավելի հմուտ ընթերցողի ուշադրությունը:

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ցանցածին տեքստային միջավայրը համարում է հրաշալի մի բան: Հրաշալի է, երբ ցանցում ամեն ինչ արագ տարրալուծվում է։

«Այդ հպանցիկության փեթակի մեջ հայտնվելը հետաքրքիր փորձառություն է: Իմ ստեղծագործական մեթոդը գիտակցված անտաշությունն է: Անտաշությունը հավաստիության պատրանք է ստեղծում՝ հավասարության նշան դնելով պայմանական բարձրի ու պայմանական ցածրի միջև»,- ասում է նա:

Գրողից խլվեց տեքստ գրելու մենաշնորհը ու սկսեցին գրել բոլորը: Դա օգնու՞մ է շփմանը, թե՞ ընդհակառակը:

Տարբեր ժամանակներում միայն արտոնյալ դասին էին հասանելի, ասենք, զուգարանակոնքը, ավտոմեքենան, հեռախոսը, հետո անլար հեռախոսը, ինտերնետը:

Բայց գնալով ավելի ու ավելի շատ բաներ են դառնում հասանելի ավելի մեծ թվով մարդկանց, այդ թվում նաև արտահայտվելու, խոսելու, կարծիք հայտնելու հնարավորությունը: Ինտերնետը ստեղծեց գլոբալ հիշողություն կուտակելու և դրանից սնվելու անհատական հնարավորություն:

Ցանկացած չափահաս մարդ գրեթե առանց խոչընդոտների տարբեր թեմատիկ հարթակներում կարող է ստեղծել այնքան կանխամտածված ու իրեն հարմարեցված միկրոմիջավայր, որ իրեն շատ հեշտությամբ կթվա, որ ինքն իրեն իբրև առանձնյակ վերարտադրեց վիրտուալ իրականության մեջ և դարձավ բոլոր հոսքերի հատման կենտրոնը և ճանաչողության բոլոր ճանապարհների մեկնակետը:

Կարծում եմ՝ մարդկային քաղաքակրթությունն այսպիսի բարձրունքների հասել է, քանի որ զարգացրել է հաղորդակցվելու և համագործակցելու, կուտակված փորձառությունը կիսելու կարողությունը:

Իսկ ցանցում այս գործընթացը աննկարագրելի արտադրողականության է հասել:

Սրա նոր փուլը տվյալների մեծ բազաների (Big Data) վրա կիրառվող մեքենայական ուսուցումն է, որը համատեղ կուտակված տվյալներից նոր լուծումներ ու արդյունք է գոյացնում:

Այս ամենի արդյունքում բանաստեղծը բարեբախտաբար ստիպված է իր գրելու փաստի ու դարեր ի վեր գոյացած արտոնության միֆերի փլվածքներից արտագաղթել գոյաբանական ավելի նուրբ տեղեր։

Սա հետաքրքիր մարտահրավեր է։

Մարդը արթնանում է, սուրճ է խմում  ու անպայման մտնում է Ֆեյսբուք, տեսնելու, թե ինչ կա-չկա: Ու զգում է, որ միայնակ չէ:

Բոլորս այդ կախվածության զոհերն ենք և սոցցանցերում թափառելու մեր իրավունքը իրացնում ենք գործի գնալու պատասխանատվությամբ: Սովորույթի անհաղթահարելի ուժով թերթում ենք լրահոսը անկախ այն բանից, թե պատասխանատվության ինչ աստիճանի պաշտոնյա ենք, կամ պարապության ինչ մակարդակի շարքային:

Սոցցանցը կյանքի սիմուլյացիա է այնպես, ինչպես շաքարն է սննդի սիմուլյացիա: Քանի որ մեր ուղեղը շաքարով է աշխատում, այն փորձում է շրջանցել դրա նախորդող ձևերը, որ պետք է տրոհել, մարսել, նոր լիցքավորվել:

Նույնն էլ Ֆեյսբուքի լրահոսն է, որը տալիս է արագ մարսվող կենսական էներգիա, բայց այն ոչ թե կյանքն է, այլ կյանքի խաբկանքը՝ ուրախանալու, տխրելու, ներգրավված լինելու, ինչ-որ բանի մասնակիցը լինելու անհավանական հասանելիությունը:

Եվ այդ ընթացքն այլևս անդառնալի է:

Աղմուկի մեջ կորչում է լավ տեքստը: Ստիպված հեղինակն էլ է դիմում սիմուլյացիայի՝ թրոլինգի, զանգվածային լեզվի և այլն:

Ցանցը, լինելով մեծ թվով մարդկանց խմբվելու վայր, նախևառաջ շուկա է:

Ըստ էության, սա ինչ-որ բան ծախող ու ինչ-որ բան գնող միջավայր է՝ իր ինքնաբավ նշանային համակարգով, իր լեզվով, ենթամշակույթով ու համայնքներով, խրախուսման ու պատժման միջոցներով, չգրված և արդեն ավելի ու ավելի շատ գրվող կանոններով, իսկական ու ֆեյք լուրերով, վերլուծություններով, ճշմարտությունը բացահայտելու հավակնություններով, հասցեավորված գովազդով, արդեն իր սեփական կրիպտոարժույթով և այլն:

Շուկան շատ սիրուն վերարտադրվում է ցանցի կոնցեպտի մեջ. մեկը ծախում է քաղաքական գաղափարներ, մյուսը՝ յոգուրտ, երրորդը՝ իր տեքստը: Եվ եթե ցանց ես մտնում իբրև տեքստի հեղինակ, ստիպված մտնում ես այդ հարաբերությունների մեջ և շահում այն, ինչ բոլորը՝ լայք, սրտիկ կամ մեկնաբանություն:

Ի վերջո, դա է հիմա ունիվերսալ գնահատման միջոցը:

Նաև վերացել է այսպես կոչված «մեծական» հեղինակավոր խոսքը: Կարևոր է նա, ով ունի շատ հետևորդներ, ոչ թե նա, ով ունի պետական մրցանակներ, անցած էպոխաներում ինչ-որ վաստակ, կենսափորձ կամ անգամ տաղանդ:

Սոցցանցի լրահոսում կապ չունի քո ով լինելը, բոլորն էլ այդ բազմաբղետ բզզոցի սպառողներն ու հեղինակներն են։ Ես էլ իբրև բանաստեղծ, առաջարկի իմ տեսակի գոյացնողն եմ, և վարձքս այն է, ինչ բոլորինը՝ լայք, սրտիկ, մեկնաբանություն։

Ժամանակակից մարդու համար իրականն ու ցանցայինը իրար հետ ներդաշնակելու կարողությունը դարձել է կենսական հմտություն։

Մենք ասես ցամաքային դելֆին լինենք, որը դեպի ջրային կաթնասուն դառնալու իր կես ճանապարհին է։

Մյուս կողմից՝ ցանցը միլիարդավոր մարդկանց կյանքը կազմակերպելու (մանավանդ, խոշոր մեգապոլիսներում) շատ լուրջ լոգիստիկ գործիք է: Այդ մարդկանց պետք է կապել, տանել-բերել, տեղաշարժել, կերակրել, զբաղեցնել:

Օնլայնում դա անելը տնտեսում է ահռելի մեծ ռեսուրս՝ վառելիք, ժամանակ, ջանք: Հարցեր լուծելու, միասին աշխատելու, անձնական հարաբերություններ սկսելու համար այլևս պարտադիր չէ ֆիզիկական հանդիպումը, դա դառնում է իրականության սոսկ լրացուցիչ չափում:

Ինձ թվում է, սր դրսում ավելի շատ ու ինտենսիվ օնլայնում հավաքվում ու միավորվում են մասնագիտական համայնքները, իսկ Հայաստանում լրահոսն ավելի բազմաբղետ է:

Կարծես, մի տուն մարդ ենք, բոլորս իրար գիտենք, իրարից ակնկալելու և իրար ասելու բան ունենք ու բոլորի ձայնը լսելի լինելու պատրանքը կա։

Հայկական Ֆեյսբուքի լրահոսն, օրինակ, նման է գյուղամեջի, որտեղ կան բոլորը՝ և՛ արևածաղիկ վաճառողը, և՛ քաղաքական գործիչը, և՛ անգամ այդ ամենի դեմ ընդվզողը։

Լրատվամիջոցները դառնում են երկրորդական տեղեկություն տարածողներ, ուշանում են: Դա կարծես անշրջելի է: Իսկ գրողի համար չուշանալը կարևո՞ր է:

Լրատվականները կարծես խորը գոյաբանական ճգնաժամ են ապրում, քանի որ հիմա ամեն մարդ իր սոցցանցի էջով արդեն իսկ օպերատիվ լրատվության աղբյուր է: 

Կան անձինք, որոնք հազարավոր ընթերցողներ ունեն ցանցում, մինչ շատ լրատվականների լսարանը դրա կեսի կեսն էլ չկա: Հիմա ո՞վ է կարևոր աղբյուրը:

Ասողի և լսողի հարաբերությունները վերանայվում են: Երկրի առաջին դեմքը համ քյալլա է ուտում, համ նույն պահին խոսում է իր ընտրողների հետ ու զուգահեռ հետադարձ կապ ստանում։

Բարդ սոցիոլոգիական հետազոտությունների կարիք չկա, լայքերի, սրտիկների, հա-հաների ու ջղայն Զմայլիկների քանակը հերիք է հասկանալու համար։

Այս հեշտության գայթակղությունը տանում է նրան, որ քաղաքականությունը դառնում է ոչ թե մարդկանց կյանքը փոխելուն, համընդհանուր բարեկեցությանը ծառայող գործիք, այլ ռեալիթի շոու, իսկ ընտրողները՝ հանդիսատես, որը կա՛մ լավ ժամանակ է անցկացնում, կա՛մ ձանձրանում է։

Երկրորդն ամենավատն է լայվապետության համար, որտեղ միշտ ծամելու թեմա է պետք մեյդան գցել։ Մենք պատասխանատու ենք նրանց առջև, ում դարձրել ենք մեր ֆոլոերը։

Այսպիսով մեր ձանձրույթը, պարապությունը, շփման ու ժամանցի կարիքը, ինքնահաստատման ու համայնքի մաս լինելու ներքին պահանջմունքը գումարվում են իրար, ու ցանցը սկսում ենք ընկալել իբրև կյանք, այլ ոչ թե իբրև կյանքը կազմակերպելու գործիք:

Ես էլ հաճախ բանաստեղծություն եմ գրում ոչ թե առանձին կրիչի վրա, ինչ-որ տեղ տպագրելու համար, այլ միանգամից ֆեյսբուքի հարցմանն ի պատասխան՝ Կարեն, ի՞նչ կա մտքիդ, որպես ստատուս գրում եմ ինչ կա մտքիս և սրտումս:

Վերանայվում է նաև բանաստեղծության վերամբարձ հիգիենան: Այսինքն, այն նախապաշարումը, որ գրելուց առաջ բանաստեղծին այցելում են մուսաները, բացվում են երկնքի դարպասները ու նա երկնում է իր տեքստը, որն ընթերցողին է հասնում միայն խմբագրվելուց, սրբագրվելուց, տպագրվելուց ու գրախոսվելուց հետո՝ չիք։

Հիմա պոետը ուղիղ անլար պորտալով կպած է այդ գյուղամեջին: Գրում է տեքստն ու միանգամից մտնում քննարկման մեջ՝ լայքերով, վեճերով, շեյրերով և այլն:

Արձագանքը, հետադարձ կապը վայրկյանների հարց է: Եվ դրանից փոխվում է նաև տեքստի բնույթը: Գիտես, որ այսօրվա խոսակցությունը մի քանի օր հետո այլևս արդիական չի լինի:

Իսկ դու ուզում ես լինել արդիական ու առնվազն ոչ ձանձրալի, խոսել այն բանի մասին, ինչը հիմա մարդկանց ուշադրության ծիրում է և սկսում ես շաքարաքլոր ձուլել։

Ցանցը սովորեցրել է, որ կարևորը փոխարինվում է թարմով: Հետո ավելի թարմով: Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում, եթե ուզում ես, որ բանաստեղծությունը/տեքստը թե՛ թարմ, թե՛ մնայուն լինի:

Գերակտիվ միջավայրում ամեն օր ծնվում են նոր իմաստներ և նոր ֆենոմենի վիզուալիզացիա՝ մեմերը։ Ամեն մի այսպես կոչված սռաչի հետ նոր բանահյուսական հիշողություն է ստեղծվում ու փոխվում ընդհանուր համատեքստն ու խմբային հիշողությունը։

Ես փորձում եմ որսալ այդ ազդակները, հաղորդակից լինել դրանց՝ տեքստի վերածելու համար, քանի որ իրականության ավելի կատարյալ սիմուլյացիայի համակարգ, քան տեքստն է, մարդկությունը դեռ չի ստեղծել։

Ինձ համար ցանցը ոչ միայն ձկնորսության տեղ է, այլ նախևառաջ բանահյուսական հումուսով հարուստ խոպան հող, որից սնվում եմ։

Հետաքրքիր է, որ նոր ու երիտասարդ քաղաքական գործիչների խոսքը այնպիսին է, կարծես շարունակվում է սովետական ճառերի ավանդույթը, թեև նրանք էլ օգտվում են ցանցային լեզվից։ Քաղաքական նոր մշակույթ էլի չի՞ կայանում։

Ցանցը դարձել է նաև հանրային հիշողության որոշակի պահեստ, որտեղ արդեն իսկ կան քննարկված, մարսված թեմաներ, քննադատված ոճեր ու արժեհամակարգեր: Այս ամենի արդյունքում խմորվում է առաջադիմությունը, որը հետո դուրս է հորդում ու վերարտադրվում կարծրատիպային իրականության մեջ:

Կան ավագ սերնդի քաղաքական գործիչներ, որոնք ցանցում միշտ ընկալվում են նույն տոնայնությամբ, նույն ամպլուայով, նույն կանոնիկ հումորով ու քննադատությամբ։

Ցանցում արդեն չքննարկվող ճշմարտություն-մեմեր կան, օրինակ, որ Սերժ Սարգսյանը գաղջ է, Գալուստ Սահակյանը՝ անհեթեթ, Արտաշես Գեղամյանը՝ ծախված, Գագիկ Ծառուկյանը՝ ցանկացած անհասկանալի իրավիճակում Նիվա նվիրող, որ Դաշնակցությունը կողմ լինելով դեմ է, որ Քոչարյանը պիցցա է բաժանում իր հետևորդներին, որ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է մեր բոլորի առաջ և որոշներին փռում ասֆալտին և այլն։

Նորաթուխ քաղաքական գործիչների մեջ դեռ այդքան վառ արտահայտված վարքագծի տիպականացում կարծես չկա։

Իրականությունը հաճախ դառնում է ցանցային ծամոն, իսկ հակառակը տեղի ունենու՞մ է։

Հիմնարար ճշմարտություն է, որ մարդը սոցիալական կենդանի է: Ինքներս մեզ ինքնաբավ և կայացած անհատականություններ համարելով անգամ՝ առանց համայնքի մենք պարզապես չենք կարող գոյություն ունենալ: Մենք շփվող, համագործակցող, տվող-վերցնող, նմանակող էակներ ենք:

Եթե մարդը տեսավ, որ կա ընդհանուր դոմինանտ խմբային վարք, անկախ իր բարոյականությունից ու կրած մշակույթից՝ կսկսի նմանակել: Մեր մտքերի, գործողությունների մեծ մասը հենց նմանակումն է, հիմնականում մեր համայնքի:

Անգամ կա տեսություն, որ եթե նույնիսկ համայնքի բոլոր անդամները անհատապես գիտեն, որ այս տեսակ վարքագիծը սխալ է, միևնույն է շարունակում են պահպանել այդ վարքագծի ավանդույթը՝ վախենալով համայնքի հակակրանքից։

Ցանցը պայմանական, բայց ամեն դեպքում համայնք է, որը ժամանակի ընթացքում ընդլայնվելու է:

Մարդիկ սկզբից պահպանողական են, հետո ցանցում սկսում են որոշակի ազատական վարքագիծ դրսևորել, հետո այդ վարքագիծը դառնում է նաև դրսի հարաբերությունների մաս, հետո նաև գալիս է ամենապահպանողական և սրբազան տիրույթ՝ օջախ։ Այսպիսով վաղ թե ուշ այդ օնլայն դեմոկրատիան դուրս է գալու օֆլայն:

Իհարկե, ոչ ոք չի բացառում, որ Ֆեյսբուքը օգտագործվում է նաև մանիպուլյացիաների համար: Բայց անխուսափելիորեն դա առաջադիմություն բերող միջավայր է:

Երբ ավելի շատ մարդիկ են իրար կապված ցանցում, գոնե ամենաարատավոր, անմարդկային, կեղտոտ բաները թաքցնելը դառնում է ավելի ու ավելի դժվար:

Այսօրվա ամենավտանգավոր մանիպուլյացիան ո՞րն է:

Կարճաժամկետ քաղաքական օրակարգի կտրվածքով՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսերով քարոզչական ակցիան և դրա ոգով արվող մնացած բոլոր ձեռնարկները։

Թավշյա հեղափոխություն հռչակված հասարակական-քաղաքական շարժման հիմնական ակտիվը հենց ու միայն առաջադիմության ու արդիականացման ջատագովներն էին։

Բայց մեր նոր իշխանությունները սկսեցին շահարկել ամենապահպանողական և  զանգվածային շերտի զգացմունքները՝ օջախ և տուն բառերի խաղարկումով, տնօրհնեքով և այլնով։

Ի դեպ՝ նույնը հակառակ ճամբարից անում են ժամանակագրորեն և բարոյապես հին իշխանությունների վերադառնալ ցանկացող խմբավորումները՝ շահարկելով հոմոֆոբիան և խավարամտությունը։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը պաշտպանելու անհասկանալի մոտիվացիայից և դրանից հետո սկսված մշուշոտ ու ոլորապտույտ դիսկուրսից հետո մեր նոր իշխանությունների թույլ տված ամենավտանգավոր հետքայլը թերևս սա էր։

Որոշվեց, որ պետք է դուր գալ շատերին: 

Առաջադիմության ուժը երբեք պետք չէ թերագնահատել: Որքան էլ այլ լինի քչերի դիրքորոշումը, միևնույն է իրական կյանքի հետ առերեսումը, ազատագրումն ու արդիականացումը չունեն այլընտրանք:

Անգամ այն դեպքում, երբ պետությունը դառնա բանտ ու քաշվեն փշալարեր, վաղ թե ուշ այն հաղթանակելու է, ուրեմն ավելի լավ է վաղ, քան ուշ։

Այն մտայնությունը, որ մարդիկ սա են ուզում, և մենք նրանց հենց դա էլ ցույց ենք տալիս՝ զազրելի կեղծիք է:

Մարդիկ ի սկզբանե չունեն որևէ նախընտրություն, ուզում են այն, ինչն ուզում են իրենց ծանոթները, ընկերները, ընտանիքի անդամները և հակված են նմանակելու:

Եվ հենց նմանակման հակումը կարելի է օգտագործել նոր ու թարմ գաղափարներ մարդամեջ բերելու համար: Ի վերջո, ընտանիքը սրբազնացնելը մարդու ընտրությունն է, կուզի կապրի ոչ թե օջախում, այլ գաղափարակիցների կոմունայում կամ միայնակ։

Բայց մարդը ունի ինքնահղկվելու, զարգանալու, ձևափոխվելու անսահմանափակ էներգիա։ Վարչապետը ժամանակ առ ժամանակ նաև այս ուժերն է փորձում արթնացնել՝ կոչ անելով հույսը դնել միայն անձնական ջանքերի վրա, վեր կենալ, տեղաշարժել սեփական հին հայկական հետույքը և գործ անել:

Եվ ինչպե՞ս է այդ գործը անում բանաստեղծը։ 

Ստեղծագործող մարդու ամենամեծ խնդիրը հավաստի լինելն է: Եթե հավաստի ես իբրև բանաստեղծ, ուրեմն շոշափել ու համայնքի համար վերծանել ես այն իրականությունը, որը թաքնված է շուկաների, քարոզչական միֆերի, գոյաբանական ծուղակների, մոնիպուլյատիվ խոսույթների ու հազար ու մի այլ բաների տակ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *