2012.10.01,

Նյուսրում

«Կապանյան լրատու»` Կապանում նոր թերթ է լույս տեսնում

Արդեն մեկ ամիս է Կապանում նոր թերթ է հրատարակվում՝ «Կապանյան լրատու» անունով: Թերթի հիմնադիրն ու խմբագիրը լրագրող Մարատ Հարությունյանն է: «Կապանյան լրատուն» տպագրվում է 10 օրը մեկ պարբերականությամբ, ունի լրատվական, վերլուծական, հրապարակախոսական ուղղվածություն: Առայժմ հրատարակվում է 500 օրինակով: Ձեւավորումը եւ տպագրությունը կատարվում է Երեւանում, քանի որ Սյունիքի մարզում տպարան չկա:

«Կապանյան լրատու»-ի հոդվածների մեծ մասը գրում է հենց ինքը՝ խմբագիրը: Մարատ Հարությունյանն ասում է, որ շուտով օգնական ուժ՝ մեկ արտահաստիքային թղթակից կունենա: 

«Միշտ զգացել եմ, որ տեղական լրատվամիջոցներն ունեն լուրջ բացթողումներ: «Կապանյան լրատու» թերթը լինելու է[[wysiwyg_imageupload:340:]] անկեղծ զրույց հասարակության հետ: Թերթի առաջնահերթ նպատակն է Կապանում դաստիարակել քաղաքացիական ակտիվ եւ իրազեկ երիտասարդություն», – ասում է Մարատ Հարությունյանը: 

Բացի լուրերից եւ հարցազրույցներից «Կապանյան լրատու»-ում կա  «Ստեղծագործում են կապանցիները» վերտառությամբ էջ, որտեղ տպագրվում են տեղացիների ստեղծագործություններից պատառիկներ: Թերթը  լուսաբանելու է Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի խաղերը: Էքսկլյուզիվ նյութերի համար թերթի եւ «Գանձասար»-ի ֆան ակումբի միջեւ պայմանավորվածություն կա:

«Կապանյան լրատու»-ն առայժմ ինտերնետում ներկայացված չէ: Խմբագիրը նախընտրում է իր թերթը տեսնել տպագիր տարբերակով: 

Նոր թերթի ֆինանսավորումը կատարվում է առայժմ անհատ բարեգործների եւ հովանավորների միջոցով: «Դեռ թերթը նոր է լույս տեսնում, կարծում եմ շուտով գովազդային նյութերի շնորհիվ կկարողանանք հոգալ տպագրության ծախսերը», – ասում է Մարատ Հարությունյանը: 

Կապանում դեռ քչերն են տեղյակ «Կապանյան լրատու»-ի մասին: Կապանի մշակույթի կենտրոնին հարակից կրպակում թերթի առաջին համարից ստացվել է 10 օրինակ, որից վաճառվել է 8-ը: Երկրորդ համարը դեռ նոր է վաճառքի  հանվել: 

Կապանում նոր թերթի ուղղվածության մասին տարբեր ասեկոսեներ են շրջանառվում, քանի որ անդրանիկ համարը լույս տեսավ տեղական ընտրությունների շրջանում եւ պաշտպանում էր Կապանի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին: Մարատ Հարությունյանն հերքում է իր թերթի կապը քաղաքապետի հետ:

Աղավնի Նավասարդյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *